Ռուսաստանը, իհարկե, ծայրաստիճան զգայուն իրավիճակում հայտնվեց հակամարտության ընթացքում: Մի կողմից Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից` միջնորդ, Մինսկի խմբի համանախագահ, ինչը ենթադրում է կողմերից որոշակի հավասար հեռավորություն է ենթադրում: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ընթացքում եւ ռուս խաղաղապահների գործողություններն այսօր:
«Ռուսաստանը նաեւ Ադրբեջանի հարեւանն է: Մոսկվան փորձում է բարեկամական հարաբերություններ կառուցել Բաքվի հետ: Իրավիճակը շատ բարդ է: Հայաստանում սպասելիքները տարբերվում էին նրանից, թե ինչ կարող է անել Ռուսաստանն այս իրավիճակում: ՌԴ-ի համար պատկերը սեւ-սպիտակ չէ եւ բավականին նուրբ է: Ռուսական շահերի տեսանկյունից միակ ճիշտ քայլը պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելն էր: Եվ Ռուսաստանը դա փորձեց անել հակամարտության առաջին օրերից: Ռուսաստանի համար լավ լուծումներ այստեղ չկային:
Այն փաստը, որ մինչ օրս Ղարաբաղում խոշոր բախումներ չեն եղել (եղել են ինչ-որ աննշան միջադեպեր), հուշում է, որ կողմերը հարգանքով են ընդունում ռուսական խաղաղապահ առաքելությունը: Եվ խաղաղապահ առաքելությունն ինքնին աշխատում է այնպես, որ արժանի է այդ հարգանքին իր գործունեության համար: Առայժմ սա է պատկերը: Բայց խաղաղապահների մանդատը սահմանափակ է` 5 տարի: Եվ սա է ամենամեծ խնդիրը»,- ասաց Քոչարյանը:
Ճշտող հարցին, թե հավատում է նա արդյո՞ք, որ պետք է ինչ-որ փաստաթուղթ լինի, երկրորդ նախագահը պարզաբանեց. «Ավելի լավ կլիներ, եթե այս մանդատն անժամկետ լիներ՝ առանց ժամկետի սահմանման: 4.5 տարի անց Ադրբեջանն իրավունք ունի Ռուսաստանին տեղեկացնել, որ իրենք դեմ են խաղաղապահների մանդատի շարունակմանը: Եվ Ռուսաստանը, ըստ այսդ հայտարարության, ստիպված կլինի հեռանալ այնտեղից:
Այսինքն՝ դա հանգեցնում է նրան, որ Ղարաբաղում բոլորի համար պլանավորման հորիզոնը, այսպես ասած, սահմանափակված է այս ժամկետով: Անորոշությունն այնպիսին է, որ մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան: Այնպես, ինչպես կառավարությունները` Հայաստանում եւ բուն Ղարաբաղում »: