Պահանջում եմ երեխաների ներկայությամբ չգոռգոռալ, չսպառնալ, բռնության կոչեր չանել:
Նախընտական քարոզարշավի ժամանակ բեմում մուրճ է ճոճվում,
որը, ցավալիորեն, ոչ թե արարելու, վերականգնելու այլ պատժելու, ցավեցնելու խորհուրդ է սփռում:
Երեխաների ենթագիտակցության վրա այս տեսարանները կարող են անդառնալի հետքեր թողնել (ճղճղան ձայնով, բարձր, նյարդային գոռգոռացող տղամարդ, ձեռքին` մուրճ):
Չի՜ կարելի մեր ապագա սերունդին հոգեպես խեղել:
Ամեն ինչ պետք է անենք, որ երեխաները երջանիկ և հնարավորինս անհոգ լինեն:
44-օրյա պատերազմի յուրաքանչյուր օրը ես անց եմ կացրել արցախցի երեխաների հետ, փորձելով ուրախություն և ուժ փոխանցել նրանց հեքիաթների միջոցով:
Այսօր մեր երեխաները պետք է պաշտպանված լինեն:
Մենք` մեծերս, հայրենիքի մի մաս ենք կորցրել, որդի, ընկերոջ որդի կամ եղբայր ենք կորցրել...
մենք տխուր ենք և երեխաները զգում են այդ համատարած տխրությունը, նույնիսկ երբ այդ մասին չենք խոսում:
Մեր պարտք է այսօր հոգալ երեխաների առողջ հոգեկան աշխարհ ունենալու համար, չճոճել նրանց ներկայությամբ մուրճեր, ատելության քարոզ չանել...
քանզի նրանցն է վաղվա Հայաստանը` իր արևով, սիրով, խնդիրներով ու հոգսերով:
Արփի Մաղաքյան
Երևանյան հեքիաթներ գրքի հեղինակ