2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն եւ ձեռքից գումար հափշտակել:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին եւ մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերով՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար եւ դիմել փախուստի:
Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: