«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում են համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ՍԴ նիստին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Լիլիթ Երեմյանը։
ՀՀ նախագահի ներկայացուցիչն ասաց, որ ՀՀ նախագահի դիմումով բարձրացվում է ժամկետների խնդիրը, մասնավորապես՝ ԲԴԽ անդամի ԺՊ նշանակման համար նախատեսված 15-օրյա ժամկետն է վիճարկվում, ինչը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ եւ չի համապատասխանում ԲԴԽ անդամի ժպ նշանակելու սահմանադրական նպատակներին։ Բացի այդ՝ դիմումատուն նշում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մի շարք պաշտոնատար անձանց եւ մարմինների անդամների ժամանակավոր պաշտոնակատարների՝ ՀՀ նախագահի կողմից նշանակելու համար նախատեսված ժամկետները բացակայում են։
Նշենք, որ ՀՀ նախագահի դիմումով ՀՀ նախագահը վիճարկում է 8 օրենքներ, որոնցից 3 սահամանադրական օրենքներ են եւ այդ օրենքների կոնկրետ 12 դրույթներ վիճարկում է ՀՀ նախագահը, այդ դրույթների հետ կապված հարցադրումները սահմանադրականության հետ կապված հարցերը հիմնականում կապվում են օրենսդրական բացի հարցերի հետ։
ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանը փետրվարի 12-ին դիմել է ՀՀ նախագահին այդ դիմումի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու համար, ՀՀ նախագահը սահմանված ժամկետում ներկայացրել է համապատասխան գրությունը։
Դիմումում նախագահը նշել էր նաեւ 129-րդ հոդվածը, որը վերաբերում է այն դեպքերին, երբ նախագահը կարող է դիմել ՍԴ, երբ դեռ չի ստորագրել եւ դիմում է դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը ԱԺ-ի կողմից ընդունված որոշելու համար։
Արեւիկ Պետրոսյանը հարցրեց նախագահի ներկայացուցչին՝ արդյոք պնդո՞ւմ է ինքը, որ վիճարկվող ակտը Դատախազության 35-րդ հոդվածն է, ներկայացուցիչն ասաց, որ չի պնդում, դա իրենց կարծիքն է. «Մենք չենք պնդում, որ վիճարկվող ակտը 35-րդ հոդվածն է, դա մեր կարծիքն է, որ այդտեղ պետք է կարգի մասով նախատեսված լինեին կարգավորումները։ Խնդիրն այն է, թե որ հոդվածով դա նախատեսված կլինի այլ առհասարակ օրենսդրական բացը, որը հակասում է Սահամանադրությանը լինի կարգավորված համապատասխան օրենքներով։ Այն ինչը գրված է դիմումում, փակում է այդ հարցը, որովհետեւ վիճարկել ենք անկախության երաշխիքների մասով ոչ թե կոնկրետ հոդվածներ, այլ վիճարկել ենք օրենքներն ամբողջությամբ»։
ՍԴ անդամները լսեցին դիմող կողմերի տեսակետները, տեղի ունեցավ հարցուպատասխան, այնուհետեւ դատարանըհեռացավ խորհրդակցան սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ նախագահի կողմից վիճարկվում են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 եւ 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 եւ 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 եւ 3-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։