ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրում պարենի հնարավոր պակասի մասին։ Այդ մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Nodong Sinmun թերթի հրապարակմանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Անցյալ տարվա թայֆունի հասցրած վնասի պատճառով հացահատիկի աճեցման ծրագիրը չիրագործվեց և, հետևաբար, այս պահին բնակչությանը պարենով ապահովելու հետ կապված լարված իրավիճակ է ստեղծվել», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Կիմ Չեն Ընի խոսքերով, որոնք մեջբերում է հեռուստաալիքը, կորոնավիրուսի պատճառով ԿԺԴՀ-ում ներդրված կարանտինային միջոցառումների երկարացումը «հանգեցրեց բնակչությանը հագուստով, սնունդով և բնակարանով ապահովելու պայքարի ձգձգմանը»:
Բացի այդ, Կիմ Չեն Ընն, իբրև, կոչ է արել կուսակցությանը եւ Հյուսիսային Կորեայի ժողովրդին պատրաստ լինել նոր «բարդ երթի»: ԿԺԴՀ պատմության մեջ այս տերմինը վերաբերում է XX դարի 90-ականների այն ժամանակաշրջանին, երբ երկիրը տնտեսական ծանր ճգնաժամ էր ապրում՝ սրված զանգվածային սովով:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիմ Չեն Ընը նկատելիորեն նիհարել է: