f

Անկախ

18-ամյա Արտաշեսը տան միակ զավակն էր․ զոհվեց ծառայության 100-րդ օրը՝ քաջի պես


Արտաշեսը Քաջարանից էր, տան մինուճար զավակը ու շրջապատված էր առանձնահատուկ սիրով և հոգատարությամբ: «Միակն է։ Էդպես է ստացվել։ Փոքր ժամանակ շատ էր ուզում քույր ու եղբայր ունենալ, Ձմեռ պապիկից էր նույնիսկ ուզում»,-հիշում է մայրը՝ Արուս Ստեփանյանը, որի կյանքն ասես կանգ է առել 2020 թ. հոկտեմբերի 27-ից:

Արուսի ընկերուհիները միշտ ասում էին՝ Արտաշով «հիվանդ ես», դու քո համար չես ապրում, նրանով ես ապրում: «Հիմա մտածում եմ՝ երևի ճակատագիր էր, որ ես այդ 18 տարին նվիրեցի որդուս: Ես իմ ամեն վայրկյանն էի իրենով ապրում: Հիմա բացում, մանկության նկարներն եմ նայում, որ հասկանամ՝ արդյո՞ք ուրախ է եղել, գոհ է եղել: Գիտեի, որ իմ երեխային երջանիկ մանկություն եմ տվել: Եվ իսկապես, երբ նայում եմ նկարները, տեսնում եմ, որ երջանիկ հայացք ունի: Դա է ինձ սփոփում»,-ասում է մայրը, և բառերը խեղդվում են արցունքների մեջ:

2020 թ. հուլիսի 19-ին Արտաշեսը զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Արցախում՝ Մարտունիում: Այդ օրվանից այլևս որդուն չեն տեսնում: Կարանտին էր, տեսակցություններն արգելված էին: Հետո էլ պատերազմն է սկվում, իսկ հետո․․․

«Սեպտեմբերի կեսերին զանգեց, ասեց՝ դիրքեր ենք գնալու։ Զարմացա, որ նորակոչիկներին դիրքեր են բարձրացնում: Բայց ինքը շատ ուրախ էր, ասում էր՝ հանգիստ եղիր, դիրքերում ավելի լավ է: Մի օր էլ հարցրեց՝ կարողա՞ գաք ինձ տեսնելու: Ասացինք՝ երբ որ դիրքերից իջնեք, կգանք: Ասաց՝ էտ ժամանակ կարողա չստացվի»։

Մայրն անհանգստանում է որդու ասածից, բայց շատ չի խորանում: Հիմա է հասկանում այդ խոսքերի իմաստը. փաստորեն, տղաները գիտեին, որ պատերազմ է սպասվում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է լայնամասշտաբ պատերազմը: 18-ամյա տղան, որ ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, արժանապատվորեն էր ընդունել պատերազմի մարտահրավերը: Ինքն էր ծնողներին հանգստացնում ու հույս տալիս: «Ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է։ Այնինչ ամբողջ ընթացքում նրանք թշնամու թիրախում են եղել, անօդաչուների, ավիահարվածների տակ, բայց մենք ոչինչ չգիտեինք»:

Արտաշեսը հրետանավոր էր: Ծնողները հետո են իմանում, թե իրենց որդին ինչ հերոսաբար է իրեն պահել մարտի դաշտում: «Ասում են՝ զենքին շատ լավ է տիրապետել և քանի որ մաթեմատիկայից, հաշվարներից լավ էր, նրա թիրախները երբեք չեն վրիպել: Նաև ասում են, որ միշտ, ամեն տեղ իրեն առաջ էր գցում: Եթե իրեն էդպես չպահեր, գուցե փրկվեր: Շատերն այդպես փրկվեցին»,-ասում է մայրը։

Հիշում են՝ հոկտեմբերի կեսերին էր, հայրն Արտաշեսին հարցնում է՝ նահանջի հրաման տվե՞լ են: Զարմացած պատասխանում է՝ մենք նահանջելու տեղ չունենք, միայն առաջ պիտի գնանք:

Արտաշեսը վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 25-ին։  Երկու օր անց՝ հոկտեմբերի 27-ի լուսադեմին, տղաները կապով հրաման են ստանում, որ կողքի լքված մարտական դիրքից պետք է զենք-զինամթերքը հավաքեն ու նահանջեն։ Ընդ որում ասվում է, որ պարտադրանք չկա, ով կամավոր կգնա, թող գնա: Արտաշեսն այդ պահին քնած է լինում: Երբ իմանում է, միանգամից վեր է կենում, ասում՝ ես կգնամ: Ընկերը նրան փորձում է հետ պահել, ասում է՝ արդեն 4 հոգի գնում են, հերիք է, դու մնա։ Ասում է՝ ոչ: Գնալիս հետ է շրջվում, նայում ընկերոջն ու ծիծաղելով հարցնում. «Ինչո՞ւ ես հետևիցս էդպես նայում»: Իսկ ընկերը հասկանում էր, որ նրան գուցե վերջին անգամ է տեսնում:

5 հոգով ճանապարհ են ընկնում: Մի փոքր հեռացել էին, երբ հանկարծ երկու ուժեղ պայթյուն է լսվում: Անօդաչուների հարվածներ էին: Տղաներից 4-ը, որոնց մեջ էր նաև Արտաշեսը, զոհվում է, մեկը՝ ծանր վիրավորվում:

Արտաշես Մարտիրոսյանը զոհվում է ծառայության 100-րդ օրը: Նա ընդամենը 18 տարեկան էր:

«Երևի թե ոչ ցավ է զգացել, ոչ էլ հասցրել է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հարվածը ձախ կողմից է եղել, հենց սրտին։ Վիրավոր չի մնացել, արնաքամ չի եղել, չի զգացել այդ սարսափը։ Ես այդ հույսով եմ»,-ասում է մայրը։

Հերոսի մայրը շատ հարցեր ունի, որոնք պատասխան չունեն: Ինչո՞ւ էր նորակոչիկ որդին պատերազմի ժամանակ մեկ ամիս մնացել դիրքերում, ինչո՞ւ էին 2-3 ամսվա զինծառայողները որոշումները կայացնում ինքնուրույն, 5 օր առաջ իր հրամանատաը զոհվել էր, ինչու՞ փոխարինող հրամանատարներ չկային, և ի վերջո՝ ինչո՞ւ պիտի կյանքի գնով գնային լքված մարտական դիրքը, այդ զենքերն ավելի՞ թանկ էին, քան երեխեքի կյանքը։

«Մի քանի օր առաջ գտել եմ Արտաշի սպայի մայրիկին։ Վոլոդյա Մհերյան, ինքն էլ է զոհվել։ Ամսի 22-ին իրենք զրկվել են հրամանատարական կազմից, բոլորը զոհվել են, ու իրենք մնացել են մենակ։ Արտաշի ընկերը պատմում է, որ Արտաշը մի փամփուշտ է մոտը պահել, ասել է՝ ես գերի չեմ ընկնի»։

Երբ Արտաշեսը զոհվում է, մորն ասում են՝ վիրավոր է, գիտակցությունն է կորցրել, տեղափոխել են Գորիս: Երևանից Գորիս ճանապարհին մայրն անդադար մրմնջում էր. «Արտաշ, հենց ձեռքդ բռնեմ, ուշքի ես գալու»։ Մայրը ոչ մի վայրկյան չէր մտածում, որ որդին կարող է զոհված լինել: «Ասում էի՝ իմ երեխեն մինուճար է, Աստված ո՞նց կարող է տանել...»։

Արուս Ստեփանյանը մանկավարժ է, երկար տարիներ նաև որդուն է դասավանդել, բայց նրա զոհվելուց հետո ոտք չի դրել դպրոց: Ասում է՝ չեմ կարող դպրոց մտնել, մեջս ուժ չեմ գտնում, ամեն ինչ Արտաշին է հիշեցնում:

Արտաշեսը յուրահատուկ էր ամեն տեղ: Դպրոցում էլ էր փայլում: Սիրած առարկան ֆիզիկան էր, իսկ մտածողությամբ մաթեմատիկ էր: Ուզում էր ծրագրավորող դառնալ, դեռ 13-14 տարեկանից էր որոշել։ «Անցյալ տարի ընդունվեց Ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ։ Հուլիսի 18-ին իմացավ, որ ընդունվել է, հենց հաջորդ օրը զորակոչվեց բանակ։ Նույնիսկ, երբ հայտը լրացրել էր, միայն այդ բաժինն էր ընտրել, մյուս հնարավորությունները չէր լրացրել, որ պայքարի միայն այդ տեղի համար»։

Մայրը հիշում է՝ փոքր ժամանակ հնէաբան էր ուզում դառնալ, կենդանիներ էր սիրում նկարել, հատկապես անհետացածներին ու դինոզավրերին: «Նույնիսկ գրքեր էր պատրաստել, որոնք կոչել էր գիտադարաններ: Նկարել էր կենդանիներին և նրանց մասին տեղեկություններ գրել: Այդ բոլորը պահել եմ»:

Առհասարակ մայրն առանձնահատուկ վերաբերմունք ուներ որդու ամեն մի իրի նկատմամբ: «Սկսած առաջին անգամ գրիչ ու մատիտ բռնելուց, այդ բոլոր խզբզանքները պահել եմ, մանկապարտեզի բացիկները, առաջին դասարանի տետրերը, առաջին նկարները»:

Հիմա էլ շարունակում է ապրել Արտաշեսով, նրա ամեն մի իրով, ամեն մի լուսանկարով ու հիշողությամբ: 

Պատերազմից 4 լուսանկար է ծնողներին հասել։ «Հայացքն այլ էր, ասես տասը տարով մեծացած լիներ։ Բայց աչքերում վախի նշույլ անգամ չկար։ Ընդհակառակը, աչքերը վրեժով լի էին»։

Բացի լուսանկարներից, ծնողներին է հասել նաև Արտաշեսի ժամացույցը և բեկորներից վնասված աղոթագիրքը, որ պատերազմի ողջ ընթացքում գրպանում էր:  

Հիմա, երբ Քաջարանից Երևան են գնում, Արուսն ամուսնուն խնդրում է, որ անպայման անցնեն Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածով, որտեղ ադրբեջանցիներ են կանգնած։ «Ես հատուկ պատուհանը իջեցնում և նայում եմ նրանց դեմքին: Ես ուզում եմ ասել, որ ձեզանից չեմ վախենում: Շատերը խուսափում են այդ հատվածով անցնել, ավելի անվտանգ ճանապարհով են անցնում, բայց ես գտնում եմ, որ մենք պետք է անպայման հենց այդ ճանապարհով գնանք-գանք։ Դա մեր ճանապարհն է»:

Արտաշեսի մայրը գիտակցում է, որ պետք է նորից զավակ ունենան, շարունակեն գենը։ Դեռ ուժ չունի հաղթահարելու ներքին ցավն ու ողբերգությունը, բայց կարծում է՝ մի օր անպայման կհաղթահարի ու կրկին կյանք կպարգևի աշխարհին:

 

 

Արտաշես Մարտիրոսյան հերոսներ արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին