ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին, հայտարարել է, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։
«Ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցը խառնել երրորդ երկրների հետ ՀՀ կամ Ադրբեջանի հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ ելնելով այդ դրույթից: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։ Կողմ ենք բոլոր քայլերին, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Երևան-Անկարա երկխոսությանը»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ գործակցությունը Հարավային Կովկասում պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ անշուշտ, հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը։