f

Անկախ

Էրդողանը հասկացրեց՝ չի թողնի նեղացնել Ադրբեջանին. Haqqin


Բայց ումի՞ց է վախենում Բաքուն: Ռուսաստանը շատ հստակ ցույց է տալիս իր դիրքորոշումը, որն ավելի շատ ադրբեջանամետ է, քան հայամետ: Այս համոզման է վրացի փորձագետ և լրագրող Թենգիզ Աբլոտիան, որը haqqin.az-ի մշտական հեղինակն է Թբիլիսիում: Այդ կարծիքը կարելի է վերագրել նաև իրեն՝ հեղինակին, նա ասում է այն, ինչ հաճելի է կամ մտահոգում է Բաքվին: Հենց դրանով էլ հետաքրքիր է այս հրապարակումը: Մեծ բավականությամբ է արձանագրում այն իրողությունը, որ տարածաշրջանում երկրորդ խաղացողն է հայտնվել՝ Թուրքիան, և Կրեմլի հետ պայմանավորվածություններն արդեն հայերիս համար անպտուղ են լինելու: Բայց  նաև հստակ երևում է, որ հակամարտության հաղթող կողմն այնքան էլ լիարժեք չի վայելում իր հաղթանակն ու «մեծ եղբոր» հովանավորությունը. իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանում իշխանության գան «ճիշտ տղաները», իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանը իրականության հետ հաշտվելու և հակառակորդի հետ համագործակցության գնալու փոխարեն ռևանշի ձգտի: Նրա կարծիքով՝ Ալիևի և Էրդողանի պատմական հանդիպումը Շուշիում հոծ վերջակետ դրեց, Ադրբեջանն այսուհետ պաշտպանության տակ է, հետևաբար հայերիս 90-ականների հաղթանակը պետք է մեկընդմիշտ պատմության սեփականությունը դառնա: Բայց և արանքում զգուշացնում է՝ երբեք մի ասա երբեք:

 

Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան վերջնականապես ամրապնդեց Հարավային Կովկասում նոր իրականությունը: Բայց ոչ այնքան նոր. դրա ուրվագծերը նկատվում էին դեռ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ, ի տարբերություն առաջինի, Անկարան չսահմանափակվեց բարոյական աջակցությամբ և բացահայտ կանգնեց իր դաշնակցի կողմը. իրադարձություն, որ կարևոր է ոչ միայն ռազմական գործողությունների, այլև մեծ քաղաքականության թատրոնի համար:

Մինչև 2020 թ. հոկտեմբերը տարածաշրջանում մեկ գլոբալ խաղացող կար, որի հնարավորությունները գերազանցում էին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներուժը միասին վերցրած: Յուրաքանչյուր որոշում առանց այդ խոշոր խաղացողի կարող էր թանկ գին ունենալ յուրաքանչյուրի համար:

Ադրբեջանը երկար տարիներ ստիպված էր դիվանագիտության հրաշքներ գործել

Ընդդիմանալու և նրանցից որևէ մեկի շահերը հաշվի առնելու պահանջներ դնելու տեղ չկար: Միջազգային հանրությունը կսահմանափակվեր բարեկամական մտահոգությամբ, իսկ մի այլ խաղացող, որ քաշային առումով գոնե մի քիչ համեմատվեր Ռուսաստանի հետ, չկար: Հետևաբար ստիպված էին կա՛մ ենթարկվել, ինչն անում էր Հայաստանը, կա՛մ ըմբոստանալ և ստանալ ուսանելի հակահարված, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, կա՛մ դիվանագիտության հրաշքներ գործել, ինչը բաժին էր հասել Ադրբեջանին:

2020 թ. հոկտեմբերին այդ իրականությունը տարրալուծվեց, իսկ այսօր անհետացել է նաև դրանից մնացած ծուխը: Տարածաշրջանում հայտնվեց մի նոր խաղացող, որ եթե հավասար էլ չէ Մոսկվային, ապա առնվազն շատ քիչ է զիջում նրան:

Վերջին տարիների ռուս-թուրքական բարդ հարաբերությունները նման են երեք հատակով ճամպրուկի: Ամեն ինչ բնավ այնպես չէ, ինչ երևում է կողքից: Բոլորն էլ դա հասկանում են, բայց ձևացնում են, թե չեն նկատում: Երկու հզոր տարածաշրջանային երկրներին կապում են գործընկերության-մրցակցության միլիոնավոր տեսանելի ու անտեսանելի թելեր, բայց գլխավորը, որ կարելի է քաղել այդ փոխհարաբերություններից այն է, որ Մոսկվան և Անկարան խուսափում են բաց առճակատումից:

Եվ դա շատ բնական է, քանի որ քաշային առումով  իրար բավական մոտ պետությունները միշտ պետք է զգուշավորություն ցուցաբերեն. Նրանց հզորությունը կների, որ  միմյանց  անընդունելի մեծ վնաս չհասցնեն: Սիրիան և Լիբիան ամենատեսանելի օրինակն են, թե ինչպես Մոսկվան և Անկարան, լինելով ուղղակի հակադիր ճամբարներում, մնում են միմյանցից պատշաճ հեռավորության վրա:

Երկու հզոր տարածաշրջանային երկրներին միլիոնավոր տեսանելի և անտեսանելի թելեր են կապում

Եվ ահա այժմ Թուրքիան փաստացի դաշնակցի տարածքների անձեռնմխելիության երաշխավորի դեր է ստանձնում՝ կարծես ասելով բոլորին՝ և՛ թշնամիներին, և՛ բարեկամներին, և՛ նրանց, որոնք մեջտեղում են, բոլորին, որոնք ականջ ունեն և ունակ են լսելու. «Յուրաքանչյուրը, որ պատերազմով կգնա Ադրբեջանի դեմ, գործ կունենա իր հետ»:

Հասկանալի է, որ դա ապագային էր վերաբերում, քանի որ այսօր տարածաշրջանում չկա մի պետություն, որը կփորձի  խախտել ուժերի և տարածքների հետպատերազմյան հավասարակշռությունը: Տեսականորեն միայն մի երկիր է ի վիճակի նման խենթության, բայց այսօր նա հաստատ ձեռնպահ կմնա: Սակայն քաղաքականության մեջ գործում է «երբեք մի ասա երբեք» սկզբունքը. այն դեպքում, եթե հանկարծ վաղը Երևանում իշխանության գան «ճիշտ տղաներ», եթե նրանց հաջողվի պայմանավորվել Մոսկվայի հետ, եթե Կրեմլում որոշեն, որ չափից ավելի անողոք են վարվել իրենց ռազմավարական դաշնակցի հետ…

Այս ամենն առայժմ զուտ տեսական հավանականություն ունեն, քանի որ ներկայումս երկաթբետոնե հակակշիռ գոյություն ունի… Թեպետ, ըստ ամենայնի, դրա կարիքը չի լինի: Ռուսաստանը շատ հստակ ցուցադրում է իր դիրքորոշումը, որն ավելի շուտ ադրբեջանամետ է, քան հայամետ: Բայց կյանքում ամեն ինչ հնարավոր է, քաղաքականության մեջ՝ նույնպես:

Շուշիում երկու նախագահների պատմական հանդիպումից հետո պաշտոնական բնույթ ունեցավ այն, ինչ պարզ էր նաև ցայսօր. Ադրբեջանի վերադարձրած տարածքները, որոնք կորցրել էր 90-ական թվականներին, անբեկանելի են և անդառնալի: Հայաստանի ուժերը չեն հերիքի ռևանշի համար, ասենք Ադրբեջանն էլ բնավ նույնը չէ, ինչ էր 90-ականներին: Եվ առհասարակ 90-ականներն ավարտված են, ժամանակն է դրանք պատմությանը հանձնել:

Այս ամենը հասկանալի էր նաև նախկինում, բայց այսօր դրվել է մեծ, ամուր կնիք: Իրականությունն արձանագրված է, և հետդարձի ճանապարհ չկա:

Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչպես  դա կազդի հակամարտության երկրորդ կողմի՝ Հայաստանի վրա, որը ինքն իրեն գիտակցելու տանջալից վիճակում է այս նոր դերում: Պարտվածի դերում:

Հայ հասարակությունը 2020 թվականի հոկտեմբերից կանգնած է երկընտրանքի առջև. հաշտվե՞լ իրականության հետ, թե՞ ռևանշի ձգտել

Դա միշտ էլ դժվար է. հաղթողի համախտանիշը նման է թմրանյութի, որը կարող է երկար ժամանակ ազգին նավարկության մեջ պահել: Տնտեսական խնդիրները, քաղաքական անկայունությունը, սոցիալական տարաձայնությունները, անմխիթարական ժողովրդագրությունը, անկասկած, հյուծող են, բայց  մեծ հաղթանակին մասնակցության զգացումը կարող է ծածկել այդ բոլոր դառնությունները: Եվ այդ գերազանցության զգացումի կորուստը ցավոտ վերք է: Նույնն է, ինչ մարզիկը խաղա բարձրագույն լիգայում, իսկ հետո հայտնվի շրջանային թիմում: Սա տարիների սթրես է, եթե ոչ տասնամյակների:

«Վայ պարտվածին» արտահայտությունը նաև այդ մասին է: Այն մասին, որ ռազմական մեծ պարտությունից հետո սկսվում է փոքր պարտությունների մի ամբողջ շղթա, և ազգը մատնվում է անելանելիության ու ընկճախտի վիճակին:

Այդ փակուղուց ելքը մեկն է. ուժ գտնել իր մեջ հաշտվելու նրա հետ, ինչն արդեն հնարավոր չէ փոխել, և առաջ գնալու ճիգ գործադրել: Շատ ազգեր (գերմանացիներ, ճապոնացիներ, կորեացիներ), ջախջախվելով պատերազմում, կարողացել են իրենք իրենց հաղթահարել և այժմ առաջատար են ամբողջ աշխարհում:

Հայ հասարակությունը 2020 թվականի հոկտեմբերից կանգնած է երկընտրանքի առջև. հաշտվե՞լ իրականության հետ, թե՞ ռևանշի ձգտել, ինչը դրսևորվեց հատկապես նախընտրական քարոզարշավում: Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթներից մեկը, որում կրկին խոսում էր տարածքների վերադարձի մասին, կարծես թե ակնարկելով, որ կարող է հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ, վերջինս էլ իր հերթին կօգնի հողերի հարցում, ցույց է տալիս, որ ռևանշը, առնվազն մասնակիորեն, այնուամենայնիվ առկա է Հայաստանի քաղաքական տրամադրություններում:

Ալիևը և Էրդողանը հոծ վերջակետ դրեցին. 90-ականները դարձան պատմության սեփականությունը

Շուշիի հանդիպումը հոծ վերջակետ դրեց. ոչ վաղ անցյալը վերադարձնելու որևէ հնարավորություն չկա և չի կանխատեսվում: «Մոսկվայի հետ համաձայնության գալն» արդեն բավարար չէ: Տարածաշրջանում ևս մի խաղացող կա, որը չի էլ խոսի այդ թեմայի շուրջ: Իսկ ինչպես տեսնում ենք Սիրիայի և Լիբիայի օրինակով, երկու հսկաները, որ հաստատ կարող են ճզմել միմյանց, բնավ չեն ձգտում դրան: Եվ «համաձայնության գալու» յուրաքանչյուր փորձ մերժվելու է: «Բա մեզ պե՞տք է թուրքերին բախվել»…

Բացառված չէ, որ Շուշիի հանդիպման արդյունքներն ազդեն Հայաստանի քաղաքական կլիմայի վրա: Երբ ռևանշն անիրատեսական է դառնում, սկսում են դրա մասին չմտածել և զբաղվել  ինչ-որ ուրիշ արդյունավետ բանով…Իսկ «ինչ-որ ուրիշ բանով» զբաղվելը տվյալ որոշակի դեպքում կհանգեցնի համագործակցության, սահմանների բացման, և հակամարտությունն աստիճանաբար կսահի անցյալ:

Դա շուտ չի լինի, բայց անպայման կլինի: Ոմանց դա անհնարին է թվում, բայց հիշեք գերմանացիներին, ֆրանսիացիներին, անգլիացիներին, որոնք հարյուրամյակներով այնպիսի ջանասիրությամբ են սպանել միմյանց, որ հայերն ու ադրբեջանցիները երազում էլ չեն տեսել: Այդուհանդերձ այժմ լավ էլ բարեկամություն են անում:

Երբ պատերազմը դառնում է անհնարին, սկսում են մտածել խաղաղության մասին:

Աղբյուրը

 

Աշխարհում Հարավային Կովկաս Թուրքիա Ռուսաստան Ադրբեջան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին