f

Անկախ

Շուշիի հռչակագիրը և Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղումը


Փորձագետ Ստանիսլավ Տարասովը հարցնում է՝ եթե Թուրքիան ստանձնում է դաշնակցի տարածքների երաշխավորի դերը, ուրեմն ումի՞ց է ավելի շատ վախենում Ալիևը, ներկայիս պարտված Երևանի՞ց, թե՞ Մոսկվայից: Եվ փաստարկների հիման վրա եզրակացնում է, որ Շուշիի հռչակագիրը ոչ թե արցախյան խնդրի վերջակետը դրեց, ինչպես ձգտում է ներկայացնել Ալիևը, այլ ընդամենը հետագա մեծ իրադարձությունների բազմակետը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո անմիջապես մեկնեց Ադրբեջան: Նա այցելեց Շուշի, ուր ստորագրվեց, ըստ թուրք և ադրբեջանցի փորձագետների, երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ «խոշորագույն համաձայնագիրը»՝ այսպես կոչված Շուշիի հռչակագիրը: Ինչպես կարծում է թուրք քաղաքագետ Էնգին Օզերը, «եթե նախկինում երկու երկրների հարաբերությունները կարելի էր համարել բարեկամական, եղբայրական, ապա հիմա պաշտոնական մակարդակով Թուրքիան Ադրբեջանի դաշնակցն է»: Սա տաօրինակ է, քանի որ Բաքվում, որտեղ  նշում են, թե Ադրբեջանի անկախացումից ի վեր իրենք Թուրքիայի հետ ստորագրել են ավելի քան 300 տարաբնույթ համաձայնագրեր, ներառյալ և ռազմա-տեխնիկական, մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմն էլ, դրանից ավելի վաղ էլ հայտարարում էին Անկարայի հետ դաշնակցային  և ռազմավարական գործընկերության մասին:

Ուստի եթե խոսենք Շուշիի հռչակագրով հրապարակված թեզերի մասին, ապա դրանց մեջ որևէ սենսացիա չկա:. Դրանք երկու երկրների միջև ձևավորված ռազմա-քաղաքական դաշինքի գաղափարական և գործնական տրամաբանության շարունակությունն են: Այսուհանդերձ իրացվող տարբերակը կարևոր նրբերանգներ ունի: Եթե մի կողմ դնենք Թուրքիայի՝ Ղարաբաղի վերականգնմանը և տարածաշրջանային նախագծերին մասնակցելու սպասելի պատրաստակամությունը, ապա ակնհայտ է դառնում, որ թուրքական ռազմաբազաներ Ադրբեջանում չեն լինի: Սա մեկ: Երկրորդ՝ ակնառու է Բաքվի ձգտումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը փոխակերպելու ինչ-որ ավելի մեծ բանի: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չգիտես ինչու, Շուշիի հռչակագիրը համեմատեց  պատմական 1921 թ. Կարսի պայմանագրի հետ, որում, նրա խոսքով, «Ռուսաստանն առաջնակարգ դեր է խաղացել»: Բայց Շուշիի հռչակագրի տակ Ռուսաստանի ստորագրությունը չկա: Այլ հարց է, որ Ալիևը և Էրդողանը ճանաչում են «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատմական դերը տարածաշրջանում աղետը կանխելու, մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակը մեկուսացնելու գործում»:

Միաժամանակ Էրդողանը Շուշիում հայտարարեց ստեղծված աշխարհաքաղաքական Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին «վեց պետությունների հարթակով» փոխարինելու մասին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան): Այս բանաձևի առնչությամբ Անկարան շատ խնդիրներ ունի Թբիլիսիի պատճառով, որը չի ցանկանում Ռուսաստանի հետ մասնակցել որևէ միության առանց Եվրոպական միության: Բայց եթե իրավիճակը գնահատենք ռազմավարական տեսանկյունից, ապա նման համակցության հնարավոր արդյունքը Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելն է: Թուրքիան դժգոհ է, որ չհաջողվեց իրեն ստանալ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության պայմանավորվող կողմի կարգավիճակը: Իր մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ Աղդամի ռազմական դիտորդական կենտրոնին նա չի համարում Ադրբեջանում իր զինված ուժերի ներկայության լիարժեք օրինականացում: Իսկ ահա ինչպես են որոշ, հիմնականում՝ ադրբեջանցի փորձագետներ պատկերացնում իրավիճակը: Ավելի ճիշտ՝ ինչպիսին կուզենային տեսնել այն, ոչ թե այն, ինչ կա իրականում: Էրդողանը Ադրբեջան ժամանեց անմիջապես Բրյուսելից՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որն այդ փորձագետները ջանում են ներկայացնել որպես «Էրդողանի հաղթանակ»՝ հայտարարելով կամ ակնարկելով, թե «Անկարան Բրյուսելից գրեթե Կովկասի մանդատ ստացավ»:

Ընդ որում, մատնանշվում է այն, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում հիշատվում է Վրաստանը, բայց չկա հիշատակություն Ղարաբաղի մասին: Այնինչ նախկինում էլ այդպես է եղել դաշինքի գագաթնաժողովների եզրափակիչ հռչակագրերում: Ուստի դրությունը պատկերել այնպես, թե «ՆԱՏՕ-ն ճանաչել է Ադրբեջանի զավթված տարածքների ազատագրումը», իրավաչափ չէ: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը սոսկ հայտարարել է. «Մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը»: Միաժամանակ Ալիևը պնդում է, որ «հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է անցյալում»: Այնինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չեն համարում և մտադիր չեն փոխել բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափը: Ինչպես երևում է, խնդիրն այն է, որ Թուրքիան, աջակցելով   Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի լուծման ուժային սցենարով, խախտել է Հյուսիսատլանտյան պայմանագրի առաջին հոդվածը՝ վարկաբեկելով համաշխարհային դիվանագիտության միջնորդական ջանքերը:

«Դաշինքի երկրները պարտավորվում են խաղաղ ճանապարհով լուծել բոլոր միջազգային վեճերը, որոնց մասնակիցը կարող են դառնալ,- ասվում է պայմանագրում:- Ինչպես նաև իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ որևէ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»: Առաջին հոդվածի խախտումը մեծ քաղաքականության և դիվանագիտության մեջ միշտ չէ, որ ներվում է, խոսքը ՆԱՏՕ-ի հեղինակության լուրջ կորուստների մասին է՝ անկախ այն հանգամանից, թե ինչ շահեր է հետապնդել խաղացողը: Պատահական չէ, որ Ալիևը սկսել է վախենալ Հայաստանում այսպես կոչված ռևանշիստական ուժերի իշխանության գալուց՝ թաքնվելով Թուրքիայի և Ռուսաստանի թիկունքում: Միայն Անկարան Բաքվի համար բավարար չէ, քանի որ Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կոնֆլիկտին Ադրբեջանին ներառում է Թուրքիայի մասնակցությամբ կոնֆլիկտների համակարգը՝ Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աֆղանստան: Բաքուն վստահություն չունի, որ Թուրքիայի հաջողությունն Ադրբեջանում Հյուսիսատլանտյան բլոկի հաջողությունն է, որի սահմաններն արևելքում չեն հասնում մինչև Ադրբեջան:

Ահա թե ինչու է առկախ մնում հետևյալ հարցը. երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքը ճանապարհ է դեպի տարածաշրջանային զարգացումը, անվտանգությունն ու համագործակցությո՞ւնը, թե՞ սոսկ դադար է լայնամասշտաբ ապակայունացումից առաջ: Պատահական չէ, որ թուրք նախագահն ու նրա ադրբեջանցի գործընկերը կոչ են անում նորմալացնել Երևանի հետ հարաբերությունները: Բայց այդպիսի բարձրագոչ հայտարարությունների տակ պետք է որոշակի գործեր լինեն, ոչ թե խորհրդանիշների ու ժեստերի քաղաքականություն: Ի դեպ, խորհրդանիշների մասին: Էրդողանի այցը Շուշի  տեղի ունեցավ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր  առաջ և Ժնևի ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին, որում կարող էր քննարկվել ղարաբաղյան հարցը: Ընդ որում Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկանում են Երևանում և Ստեփանակերտում Շուշիի հանձնման փաստի ցավոտ ընկալումը: Այդպես ադրբեջանցի և թուրք նախագահները ցուցադրում են իրենց ընդհանուր քաղաքական ճամպրուկը՝ երկու կամ երեք հատակով, իրավիճակին խառնելով նաև Ռուսաստանին: Եթե Թուրքիան, համաձայն Շուշիի հռչակագրի, ստանձնում է դաշնակցի տարածքների անձեռնմխելիության երաշխավորի դերը, ուրեմն ումի՞ց է Ալիևն ավելի շատ վախենում, ներկայիս պարտված Երևանի՞ց հեռանկարում, թե՞ Մոսկվայից առկա իրականությունում: Այնպես որ Ալիևի և Էրդողանի հանդիպումը Շուշիում ոչ թե վերջակետ դրեց, այլ իրավիճակի հետագա զարգացման բազմակետ: Առաջիկայում մեծ իրադարձություններ են սպասվում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

 

Աշխարհում Թուրքիա Ադրբեջան Ռուսաստան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին