Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Եգիպտոսում գտնվող հայերը, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ, կարող են օգտվել մարտի 19-ին նշանակված Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթից:
Նա նշեց, որ դա այս պահի դրությամբ վերջին չվերթն է Շարմ էլ Շեյխից:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ն երեկ հանդես էր եկել կոչով, որում նշել էր արտասահման ուղեւորություններից խուսափելու կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նա նշեց արտասահմանում Հայաստանի դեսպանատներում, ինչպես նաեւ ԱԳՆ-ում թեժ գծերի առկայությունը՝ 055 620 111: Կապը հասանելի է բջջային հավելվածներով:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հաստատեց, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում ՌԴ, ավելի վաղ նաեւ Վրաստան ուղեւորությունների սահմանափակումները: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է նաեւ Լարսը, սակայն երբ եղանակային պայմանները թույլ տան, բեռնափոխադրումները կվերսկսվեն: Մուտքի սահմանափակումներ են մտցրել ԵՄ երկրները՝ Շվեյցարիան, Նորվեգիան, Լիխտեյնշտեյնը: