Ադրբեջանն ապացույցներ է հավաքել և փորձաքննություններ անցկացրել ԼՂ-ում հակամարտության սրման ժամանակ խոցված ռուսական Մի-24-ի գործով, հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն:
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող MI-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ»,-ասել է մամուլի ծառայության ղեկավարը:
Սալիմզադեն նաեւ շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը:
«Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներին համապատասխան կապահովվի իրավական որոշման ընդունումը»,-ասել է նա:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական Մի-24-ը խոցվել էր օդում՝ Հայաստանի տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս: Անձնակազմի երկու անդամ զոհվել էր, մեկը միջին ծանրության վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանական կողմը խոստովանել էր, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն էր խնդրել և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանին փոխհատուցում վճարել: