Անկախ-ի հետ զրույցում հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդն ի վերջո կընտրի վերելքի ճանապարհը:
-Պարոն Պեպանյան, ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքը շոկային էր շատերի համար, նման ելքը Ձեզ համար սպասելի՞ էր։
-Ճիշտ չի լինի, որ ասեմ՝ սպասելի չէր: Ես միշտ գտել եմ, որ մեզ մոտ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ անել, քանի որ պետական անհրաժեշտ ինստիտուտները չկան, որոնք կհետևեն խախտումներին, հարկ եղած դեպքում կչեղարկեն ընտրությունների արդյունքները, մեղավորներին կպատժեն և այլն: Իշխանություններն ինչ թիվ ուզեն, կասեն, իսկ դու չես կարող օրենքի սահմաններում պաշտպանել քո քվեները: Նման պայմաններում ընտրությունների գնալն ուղղակի անմտություն էր: Այն խախտումները, որ ես հիմա տեսնում եմ, դրանց կեսը հերիք էր, որ այս ընտրությունը չեղյալ հայտարարվեր: Միակ հույսն այն էր, որ կլինեին հետընտրական զարգացումներ, բողոքներ և այլն: Բայց դա էլ չեղավ:
Երկրորդ պատճառը, որ մեզ մոտ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը սխալ է, այն է, որ մեր ժողովուրդը հասունացած չէ այդ գործընթացի համար: Հասարակության մեծ մասը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, ի վիճակի չէ հասկանալ երկրի պրոբլեմները, իրենց շատ արագ կարելի է հիմարացնել կեղծ լոզունգներով: Մի քանի հարյուր հազար մարդ ընդհանրապես պետության ու հայրենիքի զգացում չունի, և բնական է, որ այս վիճակում անաչառ ու ճիշտ ընտրություն կատարել չէր կարող: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում էի, որ իշխանությունը մոտ 35-40 տոկոս կունենա, բայց իրենք որոշեցին ավելի բարձր թիվ ցույց տալ:
-Ընտրությունների արդյունքներով ասես լեգիտիմացվեցին այս իշխանության բոլոր սխալները, խայտառակ պարտությունը, կապիտուլյացիան: Մեր երկրի և ժողովրդի վարկանիշի վրա սա ի՞նչ ազդեցություն կունենա:
-Ես համամիտ չեմ, որ ընտրություններով իրենց արածները լեգիտիմացվել են: Ո՛չ: Պարզապես այս ընտրություններն ապացուցեցին, որ մենք պետության արժանի ժողովուրդ չունենք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետության ոչ արժանի ժողովրդի վարչապետ է: Արտաքին աշխարհում մենք ուղղակի խայտառակ եղանք: Ես նայում եմ դրսի արձագանքները, ամաչում եմ, բայց մյուս կողմից իրենք ասում են իրականությունը: Հիմա արդեն բոլորը տեսան, որ մեր ժողովուրդը հոգեմտավոր խեղում ունի, պետք է բուժել: Այո, աշխարհն արձանագրեց, որ հայ ժողովուրդը բուժման կարիք ունի:
-Փաստորեն, հասարակության ոչ ադեկվատ, հայրենիքի ու արժանապատվության զգացում չունեցող, քաղաքականությունից գրեթե ոչինչ չհասկացող խավը որոշեց Հայաստանի ապագան: Ո՞րն է այդ ապագան:
-Ապագա չկա: Եթե այս մտածողությունը մնա, ապագա չկա: Ես դեռ 25 տարի առաջ եմ ասել, որ մեր ժողովուրդն ակամա թուրքական ծրագիր է իրականացնում, և հիմա արդեն բոլորն են դա տեսնում: Առաջ, երբ ես ցույց էի տալիս դա փաստերով, մարդիկ չէին ուզում տեսնել, ինձ ասում էին՝ ծախված ես: Ասում էի՝ այս ժողովուրդը խնդիր ունի, ասում էին՝ ժողովրդից ի՞նչ ես ուզում, իշխանություններն են մեղավոր: Ես կոչ էի անում թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը առերեսվել մեր խնդիրների հետ: Անձամբ դիմել եմ բոլոր ժամանակների իշխանություններին, ասել եմ՝ այս ժողովուրդը խնդիր ունի: Այս իշխանությանն էլ եմ ժամանակին գրել, ներկայացրել իրավիճակը: Ներկայացրել եմ նաև լուծման ծրագիր, ժողովրդի ապաքինման տարբերակներ: Ապարդյուն:
-Ո՞րն է այդ խնդիրը և որո՞նք են լուծման տարբերակները:
-Այն, ինչ հիմա տեսնում եք, դա է խնդիրը, որը պետք է վերափոխել: Ես այն կոչում եմ հանրային-մտածողական քաղցկեղ: Համաշխարհային փորձն ուսումնասիրելով՝ ես տարբերակներ էի ներկայացրել: Դա երկար ու բարդ պրոցես է, միայն կրթությունը բավարար չէ: Դրա բուժման համար բարդ համակարգ է պետք ստեղծել:
-Ի՞նչ է սպասվում մեր երկրին, ի՞նչ կանխավարկածներ ունեք։
-Երկու տարբերակ կա՝ կա՛մ կործանում, կա՛մ մեծ վերելք: Բավական թվով մարդիկ արդեն սկսել են իրականությունը տեսնել և հրապարակայնորեն ասել, որ ժողովուրդը խեղաթյուրումներ ունի: Ես սա համարում եմ հեղափոխություն հայ քաղաքական մտքի մեջ: Դա հիմք է տալիս հուսալու, որ ինչ-որ իրատեսական շարժում կառաջանա, որը լուծումներ կբերի այս իրավիճակում: Մինչև հիմա եղել է պայքար հողմաղացների դեմ: Վերջապես պետք է հասկանալ, որ պետք է ոչ թե պայքարել իշխանության դեմ, այլ պետք է բուժել հասարակության խնդիրը:
-Պարոն Պեպանյան, Դուք Հայրենիքի փրկության շարժման խորհրդի կազմում էիք ընդգրկված։ Ինչու՞ Շարժմանը չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին։
-Խորհուրդը գնում էր հին, ավանդական ճանապարհով՝ պայքար-պայքար, ցույցեր, չի ստացվի, լավ, կհանձնվեք: Ես գնացել էի այդ խորհուրդ կոնկրետ առաջարկներով: Նիստերից մեկի ժամանակ ասացի, որ իմ առաջարկը տեսանյութերի տարբերակով համացանցում կա, առաջարկեցի դիտել, հետո քննարկել: Ցավոք, միայն մեկ հոգի ինձ ասաց, որ դիտել է և շնորհակալություն հայտնեց: Իմ առաջարկած տարբերակով Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեղի էր ունենալու երկար ժամանակի մեջ: Մինչ այդ մենք ստեղծում էինք հիմքեր, որ երկիրը չկործանվի և ներքևից սկսում էինք ապագա պետության կառուցումը: Շարժումը դառնում էր համակարգ, կառուցվածք, որն ամրանում էր, ինչն էլ հիմք էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար: Դա կարող էր մի փոքր երկար տևել, բայց դա լուծում էր:
-Այնուամենայնիվ, եթե ընտրությունները տեղի չունենային, ավելի իրատեսական չէ՞ր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, քան այսօր:
-Ես կարծում եմ՝ ընտրություններն ամեն դեպքում տեղի կունենային: Դա իշխանության ծրագիրն էր: Եթե հիշում եք, մոտ 10 քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնեց, աջակցեց ընտրությունների անցկացմանը: Եթե նույնիսկ արմատական ընդդիմությունը չհամաձայներ, մեկ է, Նիկոլ Փաշինյանը գնալու էր ընտրությունների, որ ամրանար ևս 5 տարով:
-Լավ, հիմա ի՞նչ է պետք անել: Արձանագրեցինք, որ մեր հասարակությունն ունի խնդիր, և Նիկոլ Փաշինյանից ազատվելը դեռևս խնդրի լուծում չէ, պետք է ազատվել նիկոլիզմից: Ինչպե՞ս:
-Նիկոլը «լուսավորիչ է»: Նիկոլը եկավ և լուսավորեց հազարավոր մարդկանց: Առաջ ես մենակ էի, հիմա ինձ հետ հազարավորներն են համամիտ, որ հայ ժողովուրդն ունի խնդիր: Եվ դա ապացուցվեց հատկապես ընտրությունների արդյունքներով: Եթե այդ մտածողությունը չգար, էսպես թե էնպես, մենք մեր պետությունը նվիրում էինք թուրքին: Հիմա գոնե հույս կա, որ կարելի է դրա դեմն առնել: Շատերը, ովքեր իրատեսություն ունեն, լուսավորվել են, հիմա հուսալքված են, ուզում են հեռանալ, բայց հարկադրված են համախմբվել ու համատեղ քայլեր մշակել, եթե ուզում ենք մեր երկիրը հանել այս վիճակից: Պետք է ընդունենք, որ մինչև հիմա սխալ ճանապարհով ենք գնացել և ազգային ինքնակազմակերպման ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդեն բավարար մարդկային ռեսուրս էլ կա: Պարզապես խմորիչներ են պետք, լոկոմոտիվներ, որոնք ճիշտ ճանապարհով մարդանց կտանեն: