f

Անկախ

Ես չեմ այդ վիրուսը ստեղծել, զարմացած եմ` ինչքան չար ու անհոգի են մարդիկ. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում.Իրավունք


Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը` առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, վերջին օրերի ամենաքննարկված թեման է: Նա հայտնվեց ոչ միայն ֆեյսբուքյան օգտատերերի, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության թիրախում: Վարչապետը մասնավորապես նշել էր, որ Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն եւ ջերմիջեցնողներ է նախապես ընդունել: Դուրս գալով ինքնաթիռից` չնայած ինքնամեկուսանալու կոչին, զգուշացումներին` չի պահպանել այդ ամենը: Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, որովհետեւ սիստեմաներ է ընդունել` նա գնացել է ոսկերիչի, հետո` վարսավիրի մոտ, այնուհետեւ մասնակցել որդու նշանադրությանը: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում եւ այսօր ինչպես է հայտնի նշանդրեքի մասնակիցների ինքնազգացողությունը, «Իրավունքին» հաջողվել է հեռախոսակապ հաստատել եւ պարզել հենց Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջից` տիկին ԱՆԱՀԻՏԻՑ, ով գտվում է համապատասխան բուժհիմնարկում: Ելնելով էթիկայի նկատառումից եւ արտակարգ իրավիճակից` նաեւ չենք մատնանշում բուժհիմնարկը եւ չենք հրապարակում տիկնոջ լուսանկարը եւ նրա հետ առնչված անձանց որեւէ անձնական տվյալ:

Տիկին Անահիտ, Դուք իսկապե՞ս արդեն իմանալով, որ վարակակիր եք, սիստեմաների տակից դուրս եք եկել եւ գնացել նշանադրության արարողության մասնակցելու:

– Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել եւ գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնությամբ տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել եւ ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ  թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս եւ ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ  դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են:

Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Դուք նշանդրեքի գնալուց առաջ որեւէ ախտանշան չեք ունեցել:

– Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել:

– Երբ Իտալիայից ժամանել եք, որեւէ ստուգում, որեւէ վերահսկողություն եղե՞լ է Ձեր նկատմամբ կամ հորդորե՞լ են Ձեզ ինքնամեկուսանալ:

– Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչեւ երեւի մարտի 4-ը:

– Իսկ երբ մարտի 8-ին կայացած նշանդրեքից հետո` մարտի 9-ին, Ձեզ ուղարկում էին թեստ հանձնելու, ո՞ւմ վերահսկողության ներքո էիք, եւ ո՞վ Ձեզ ուղեկցեց` մինչեւ համապատասխան բուժհիմնարկ:

- Մեզ ոչ ոք չի ուղեկցել, մեր նախաձեռնությամբ ես ու ամուսինս մեքենայով ենք եկել հիվանդանոց ու ասել, որ եկել ենք թեստ հանձնենք:

– Դուք նշանվածներին ի՞նչ բարեկամ էիք` մեկ գրում են, թե մորաքույրն եք եղել, մեկ` մայրը:

– Տղայիս նշանդրեքն էր: Ի դեպ, արարողությանը նախորդել է այն, որ գնացել ենք խնամիների հետ ծանոթանալու, իրենց հետ ճաշկերույթի ենք մասնակցել: Նույն կերպ իմ հյուրերը կարող էին վարակվել մարտի 2-ին, որովհետեւ մեր տանը էլի մեծ խնջույք է եղել, ու հավաքված են եղել մեր բոլոր բարեկամները: Հետո` մարտի 4-ին, խնամիները մեզ են հրավիրել իրենց տուն: Ու այնտեղ էլ օրն անցկացրել ենք բավականին թվով մարդկանց հետ: Կարող էր այդ օրերին լինել ամենը: Այնպես չէ, որ մենակ նշանադրության օրն է այդքան մարդ հավաքվել, ու ես հայտնվել եմ ամբոխի մեջ: Այդ նույն օրերին քարոզարշավ էր իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն հաջողությամբ կարող էի այնտեղ գտված լինել: Թող բարի լինեին, ինքնաթիռից բոլորիս 14 օրով տանեին, մեկուսացնեին, այդ շրջանը կանցներ, թող բաց թողնեին: Իսկ այս դեպքում` այնքան մեծ շրջապատ ունեմ, այնքան մարդկանց հետ եմ շփվել...

– Այսօր այդ ամբողջ շրջապատը կարանտինի մե՞ջ է, թե՞ էլի կան մարդիկ, որոնք շփվել են Ձեզ հետ, բայց կարանտինի մեջ չեն:

– Ինչքան մարդ է իմ շուրջը հավաքված եղել, բոլորը կարանտինի մեջ են: Այդ վախի զգացողությունն այքան մեծ էր, որ մարդկանց վնաս չպատճառվի, իրենց ցանկությամբ բոլորի անունները տվել եմ ու ասել` ստուգվեք, թող ամեն ինչ նորմալ լինի, ես էլ հանգիստ լինեմ:

– Եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ էիք Իտալիա մեկնել:

– Փետրվարի 15-ին ենք մեկնել, նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետեւ գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան:

– Այս օրերի այն մեծ աղմուկին, որը պտտվում է Ձեր անվան շուրջ, ինչպե՞ս եք վերաբերվում:

– Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ, նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում:

– Անգամ Ձեր անձնական տվյալները, լուսանկարները հայտնվեցին համացանցում: Չե՞ք պատրաստվում դիմել առնվազն Մարդու իրավունքների պաշտպանին:

– Հիմա այն վիճակում չեմ, որ դիմումներով զբաղվեմ: Առաջին հերթին մտածում եմ իմ առողջության մասին, Ֆեյսբուք էլ ընդհանրապես չեմ մտնում: Երբեւէ չեմ էլ սիրել այդ ցանցը, հիմա էլ աշխատում եմ չմտնել ինտերնետ, չկարդալ, չտեսնել, չնյարդայնանալ: Տեղից արդեն եղած ասեկոսեներից բարկանում եմ: Բայց հարազատներս հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որ գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվությունները, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա: Ասում են, որ իմ նկարներն են տեղադրել սոցցանցում, ի՞նչ իրավունքով, ես երբեւէ սոցցանցերում նկար չեմ ունեցել: Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ տղաներս չեն սիրում այդպիսի բան: Մեր տանը որոշում է եղել, որ երբեւէ սոցցանցում նկար կամ ֆեյսբուքյան էջ չունենամ: Մինչդեռ այսօր մարդիկ անընդհատ իմ նկարները դնում են համացանցում: Սա մարդու իրավունքների խախտում չէ՞, դատական գործ չի՞ հարուցվելու իրենց վրա: Դուք դեռ չգիտեք, թե որոշ բժիշկների վերաբերմունքն ինչպիսին էր իմ հանդեպ, կարծես, ես հանցագործ էի: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, անգամ չուզեցին լսել իմ խոսքը: Ոչ ոք չհարցրեց ինձ, թե որ օրն եմ վատացել, ի՞նչ է եղել: Բայց դուրս եկան, ինչ-որ հայտարարություններ արեցին, վարչապետին էլ լուրեր հասցրին, եւ պարոն Փաշինյանը, հավատալով այդ լուրերին, ինքը հայտարարություններ սկսեց անել: Կարելի՞ է այդպիսի բան անել, թող մարդ ուղարկեին վարչապետի կողմից, ինձ հարցեր տային, իմանային, թե ինչպիսին է եղելությունը: Ուղղակի, զարմանում եմ` ինչքան չարություն կա մարդկանց մեջ: Ամբողջ աշխարհը կարեկցում է վարակակիր մարդկանց, մտածում` ինչով օգնի: Մի՞թե ես եմ այդ վիրուսը ստեղծել, զարմանում եմ` մարդիկ ինչքան կարող են չար, անհոգի լինել:

– Ձեր ինքնազգացողությունը հիմա ինչպե՞ս է:

– Չգիտեմ` չեմ հասկանում: Երեւի նյարդային սթրեսից եմ այսպես, ավելի շատ հոգեբանական ճնշվածություն կա: Չեմ հասկանում` ինչ է կատարվում ինձ հետ, երեւի, լավ կլինի: Բայց չգիտեմ, թե հետագան ինչպես կլինի: Ուղղակի, շատ վախենում եմ, որովհետեւ ունեմ տղաներ ու ամուսին, որոնք արժանապատվություն ունեն, եւ այս ամենը հաստատ այսպես չեն թողնելու: Հետո թե մեր բարձրաստիճան, հարգարժան մարդիկ ինչպես կնայեն այդ ամենին, ուղղակի, չգիտեմ: Միայն վախենում եմ իմ երեխաների հետագա քայլերից:

– Իսկ տեղեկություն ունե՞ք Ձեր հարազատների ինքնազգացողության մասին, որոնք եւս կարանտինի մեջ են գտնվում:

– Նորմալ է հարազատների վիճակը: Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում: Մեր հարազատությունը այնպիսին է, որ ոչ ոք չի կարող այդ ամենին այլ կերպ նայել: Բոլորն էլ պայքարում են մեկը մյուսի համար, որ լավ լինեն: Նոր խնամիներն այնպիսի ոգեշնչող, հույս տվող բառեր են զանգում եւ ասում, որ անգամ դրանից եմ վատ զգում ու ամաչում:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

նոր կորոնավիրուս Իտալիա Նիկոլ Փաշինյան հարցազրույց

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին