Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 115 դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ,սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան»,- գրել է Թորոսյանը։
Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Նախարարը խնդրել է հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: