Ես գերազանցությամբ ավարտել եմ պատմության ֆակուլտետ, 40 տարի հետեւում եմ աշխարհի քաղաքական գործընթացներին, երբեք չէի համարձակվի մասնագիտական վերլուծություն գրել վիրաբուժության կամ՝ դասական երաժշտության մասին։ Այս բժշկի՝ Վահե Տեր-Մինասյանի մասին ասում են, որ լավ վիրաբույժ է, ինքը Ֆեյսբուքում քաղաքագիտական վերլուծություններ է գրում, որտեղ անուղղակի ձեւով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իր նախաձեռնությո՞ւնն է դա, թե ՝այլոց, չգիտեմ։ Հիմա այս բժիշկը մտահոգված է,որ Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ են մտահոգված իրենց առողջությամբ եւ ինչո՞ւ են ցանկանում որքան կարելի է շատ բան իմանալ կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերի մասին,
դժգոհում է, որ ազգովի դեղագործության ոլորտի փորձագետ ենք դարձել։ Նա Ֆեյսբուքում գրել է․ <<Հիմա մի հատ փորձեք հետ գնալ, հիշել թե ինչպես էին Ձեզ, փոքր տարիքում, Ձեր ծնողները տանում պոլիկլինիկա և կատարում պատվաստումներ։ Կարո՞ղ եք արդյոք հիշել, որ հետաքրքրվեին թե ո՞ր երկրի կամ ո՞ր ընկերության արտադրություն էր, արդյոք Եվրոպան կամ Ամերիկան նույնպե՞ս հենց այս պատվաստանյութն էր օգտագործում և այլն, և այլն... Ոչ իհարկե։
Լավ, ընդունենք Ձեր ծնողները անուշադիր էին, անտեղյակ էին և վերջապես այլ ժամանակներ էին...
Հիմա եկեք հենց Ձեր օրինակով։ Քանի՞ անգամ եք գնացել բժշկի։ Քանի՞ անգամ է բժիշկը Ձեզ նշանակել դեղեր։ Եվ հիմա, միայն անկեղծորեն, ինքներդ Ձեզ՝ ոչ ինձ, պատասխանեք թե քանի՞ անգամ եք այդ նշանակված դեղերն ընդունելուց առաջ ուսումնասիրել, հետաքրքրվել արտադրող ընկերությամբ, պարզել թե աշխարհի քանի՞ երկրում է այն գրանցված և ինչպիսի՞ այլընտրանքային տարբերակներ կան..>>։
Ես միշտ կարծում էի, որ բժիշկները պացիենտների շահերն են պաշտպանում, բժիշկ Տեր-Մինասյանը փոխանակ ողջունի, որ մարդիկ ցանկանում են շատ տեղեկատվություն իմանալ պատվաստանյութերի մասին, փաստացի խորհուրդ է տալիս փորձաճագարի նման անխոս ենթարկվել պատվաստման։ Հասկանում եմ՝ Հայաստան ներկրված պատվաստանյութերը ժամկետանց են դառնում, երեւի ինչ-որ մարդիկ <<վերեւում>> անհանգստացած են, քարոզչական <<ծանր հրետանին>> գործի է անցել։
Հարգելի բժիշկ, պետք է որ իմանայիր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ վստահություն չկա, 44 օր խաբեցին, իբր պատերազմում հաղթում ենք, 45-րդ օրը պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք, համացանցում հրապարակված է կորոնավիրուսի դեմ պատվաստված առողջապահության նախարարուհու պատվաստման լուսանկարը, երբ օգտատերերը այն մեծացնում են, երեւում է, որ նախարարուհու թեւին հպվող ներարկիչ չկա։