Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 15-ին, Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստին Գրիգորյանը եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը մի քանի հարց ուղղեցին Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։
Իր ելույթում փոխնախարարը նշել էր, որ դատավոր Գրիգորյանը միջոցներ չի ձեռնարկել իր հետ հարցազրույցը հերքելու ուղղությամբ, ինչը, ըստ նրանց, դատավորի վարքագծի կանոնի խախտում է։
«Եթե ես միջոցներ չեմ ձեռնարկել, ուրեմն ես համաձա՞յն եմ այդ հրապարակման հետ։ Իմ իրավունքն է չէ՞ միջոցները կձեռնարկեմ, թե՝ ոչ։ Հիմա ես իմ իրավունքից չեմ օգտվել, դա մեկնաբանում եք ի վնաս ի՞նձ»,- ասաց Դավիթ Գրիգորյանը։
Փոխնախարարն էլ պատասխանեց, թե ինքը չի մեկնաբանում ի վնաս Գրիգորյանի. «Իմ դիտարկումը հետեւյալն է, որ առնվազն ձեր դերին համապատասխանորեն ձեզ վերագրվող խոսքի վերաբերյալ դուք ձեր իրավունքը չեք իրացրել եւ կանխել ձեր բարձր դերին վերագրվող այդ խոսքը որն ուղղակիորեն վարքագծի կանոնի խախտում է, ուստի դա է եղել մեր ողջամիտ ենթադրությունը, որ դուք հաշտ եք եղել այդ հայտարարության հետ եւ ձեզ վերագրվող խոսքերի հետ»։
Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ արձանագրեց, որ փոխնախարարը վերագրում է արտահայտություններ, որոնց համար պետք է վրա հասնի կարգապահական պատասխանատվություն. «Չունեք որեւէ հիմք , ընդ որոմ ապացուցման պարտականությունը ձեր վրա է, որ այդ արտահայտություններն իսկապես արվել են Դավիթ Գրիգորյանի կողմից»։
Սահակյանի հարցին՝ արդյոք պարզվե՞լ է, թե լրագրողը հարցերը տրամադրել է հրապարակմա՞ն համար, թե՞ անձի իրավունքների խախտմամբ է այն հրապարակել, փոխնախարարն արձագանքեց. «Մեր վարույթում ունեցած փաստական հանգամանքները մեզ հիմք են տվել կարծելու, որ դրանք պարոն Գրիգորյանի խոսքերն են եւ իր կարծիքն է, որը հրապարակվել է լրագրողի կողմից»։
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:
«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:
Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։