Վերջին շրջանում, կապված սահմանային լարվածության և ներքաղաքական զարգացումների հետ, գերիների թեման կարծես մոռացության մատնվեց: Հուլիսի 14-ին 2 զինծառայող էր անհետ կորել, և հայտնի չէ ու պարզաբանում չի ներկայացվել՝ նրանք ադրբեջանական կողմում են հայտնվե՞լ, կամ առհասարակ ի՞նչ է եղել նրանց հետ: Նման դեպք եղել էր նաև մայիսին, երբ Վարդենիսից ժամկետային զինծառայող էր անհետացել, և առ այսօր որևէ տեղեկություն չկա: Այս և այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:
«Իհարկե կարելի է փաստահավաք գործունեություն իրականացնել և այդ հետքերով որոշակի դատական գործընթացներ նախաձեռնել: Այս պահին տեղի ունեցած դեպքերի հանգամանքները հայտնի չեն, և այս պայմաններում դժվար է հանձն առնել անհետացած զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:
Պաշտոնական կողմի անգործությունը որոշակի առումով խոչընդոտում է իրավապաշտպանական գործունեությանը։
Հայաստանի՝ որպես պետության դերը էականորեն նվազել է: Այն արտաքին քաղաքական գործոնները, որոնք մեզ հավելյալ պաշտպանություն և անվտանգություն էին ստեղծում, վերացել են: Մեր երկրում և տարածաշրջանում բախվել են ռուս-ամերիկյան շահերը, և այդ բախումների ընթացքում ավելի է բարդացել հայկական շահերի պաշտպանությունը, և ինձ թվում է, որ այս գործոններով է պայմանավորված, և հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, պրոտոկոլային հայտարարություններ:
Մենք տեսնում ենք, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են, այդ այցելությունների շրջանակում ձևականորեն հնչեցվում է ռազմագերիների վերադարձի հարցը, բայց լուրջ քաղաքական քայլեր տեղի չեն ունենում:
Ավելին ասեմ, որ գերիների վերադարձի հարցում ինչպիսի տեղաշարժ էլ լինի, բացառապես միջնորդական առաքելություն իրականացնող երկրների ջանքերով է լինելու: Մենք գիտենք, որ ռազմագերիների վերադարձը քաղաքական տեսանկյունից հնարավոր է եղել մեծամասամբ ռուսական, իսկ հետագայում նաև ամերիկյան կողմի ջանքերով»,- հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:
Այս պահին ի՞նչ աշխատանքներ են ընթանում Բաքվի կեղծ մեղադրանքների չեզոքացման և հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ:
«Այդ դատավարությունների շինծու լինելու և խախտումների առնչությամբ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում միջազգային կառույցներին, ովքեր քաղաքականապես կարող են աշխատել Ադրբեջանի հետ, և, ըստ էության, հենց այս տեղեկատվության շնորհիվ էր, որ Ադրբեջանը փոխեց մեղադրանքը, և մեղադրանքի մի մասը կարճվեց: Առաջադրվող լուրջ մեղադրանքներից (տեռորիզմ, զինված խմբավորումներ ստեղծելը և այլն) դուրս եկան, և մնաց ապօրինի սահման հատելը:
Այս ամենով նրանք փորձում են ավելի համոզիչ լինել միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և դրա համար առաջին ուղղությունը հենց միջազգային կառույցների գործընկերների հետ արձագանքն է, որպեսզի ցուցադրվի դատավարությունների մերկ և սին բնույթը:
Մյուս կարևոր ասպեկտն այն է, որ այդ շինծու դատավարությունները խախտում են նաև մարդու իրավունքները, և Եվրադատարանում ընթացող գործերի շրջանակում թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատներով մենք փոխել ենք գանգատների շրջանակը և ի թիվս խոշտանգումների և այլ խախտումների նոր խախտում ենք բարձրաձայնել, այն է՝ շինծու դատավարությունների միջոցով արդար դատաքննության իրավունքի խախտում: Այդ առնչությամբ դատարանն Ադրբեջանից պահանջելու է նյութեր և վերջնարդյունքում գնահատական է տալու, թե որքանով կարող է ընդունելի լինել շինծու դատավարության արդյունքները:
Մենք կարծում ենք, որ փաստերը շատ են, և առավել քան ակնհայտ է, որ Եվրադատարանի գործընթացները ևս զրոյացնելու են Ադրբեջանի դատավարության արդյունքները, և այդ դատավճիռները միջազգայնորեն չեն ճանաչվելու»,- եզրափակեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: