Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «գլխացավանք» է անվանել NBC հեռուստաալիքի թղթակից Քելի Օ'Դոննելին այն բանից հետո, երբ վերջինս խնդրել է մեկնաբանել վետերանների գործերով նախարարության բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումը։ Գրում է Gazeta.ru-ն։
Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ առաջնորդը լրագրողի հարցին ի պատասխան ժպտացել է և ասել․ «Դուք այնպիսի «գլխացավանք» եք, բայց ես կպատասխանեմ ձեր հարցին ... Չնայած դա ոչ մի կապ չունի Իրաքի հետ: Իսկապես, վետերանների գործերով նախարարությունը կպահանջի պատվաստել իրենց հաստատություններում աշխատող բժիշկներին»:
Օ'Դոնելը պատասխանել է, որ ինքը չի վիրավորվել նախագահի արձագանքից և նույնիսկ նրա խոսքերը ընկալել է որպես հաճոյախոսություն:
Բայդենն առաջին անգամը չէ, որ հուզականորեն է արձագանքում լրագրողների հարցերին:
Հունիսի 16-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահը կոպիտ պատասխանեց CNN հեռուստաալիքիի թղթակցին: Քեյթլան Քոլինզը Ջո Բայդենին հարցրեց Վլադիմիր Պուտինի և Ալեքսեյ Նավալնիի մասին: Իսկ ԱՄՆ նախագահը պատասխանեց, որ լրագրողը «սխալ գործով է զբաղվում»:
Ավելի վաղ Բայդենը ստիպված էր լրագրողներին բացատրել, թե ինչ նկատի ուներ ֆեյսբուք հարթակի մասին, երբ հայտարարել էր, որ այն «սպանում է մարդկանց»: Ամերիկայի նախագահը բացատրեց, որ մեղավոր է ոչ թե սոցիալական ցանցը, այլ պատվաստումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող մարդիկ: