«Մի վնասեք գիտությանը»․ գիտնականների հորդորը
Հետպատերազմյան Հայաստանում, թվում էր, թե պետական մակարդակով գիտակցվել է գիտության կարևորությունը և այսուհետ գործուն քայլեր են ձեռնարկվելու՝ գիտնականներին խրախուսելու, երիտասարդներին դեպի գիտություն գրավելու և գիտությունը զարգացնելու ուղղությամբ։ Բայց արի ու տես, որ գիտնականները, թողած իրենց բուն աշխատանքը, ստիպված են օրենքներ ուսումնասիրել, բաց նամակներ հղել պաշտոնյաներին և անգամ ցույց անել Կառավարության շենքի դիմաց՝ պայքարելով աշխատելու իրենց իրավունքի համար։
Իսկ դժգոհության պատճառը Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում՝ ջրավազանի տեղում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման ծրագիրն է։ Գիտնականներն ահազանգում են՝ ծրագրի իրագործմամբ վտանգվելու է գիտական երեք կենտրոնների՝ Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, Օրգանական քիմիայի ինստիտուտի և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի գործունեությունը։
«Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են՝ մի շարք պատճառներից ելնելով»,- իրենց բաց նամակում գրում են գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները և կետ առ կետ հիմնավորում պնդումը։
«Գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ՝ 30 մետր շառավղով շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Երկրորդ, չնայած ինստիտուտը գիտահետազոտական է և արտանետումները արտադրական մասշտաբների չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բնակիչները, ամենայն հավանականությամբ, ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։ Հարց է առաջանում՝ այդ ժամանակ կենտրո՞նն է փակվելու, թե՞ նորակառույց շենքն են քանդելու»,- հարց են բարձրացնում աշխատակիցները։
Նրանք նաև նշում են, որ գիտատեխնոլոգիական կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1 մլն ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և այլևս չաշխատել։
«Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված»,- նշում են նրանք:
Նրանք նաև ահազանգում են՝ կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են կառուցել գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի։ Այդ շինարարական աշխատանքները անմիջապես վտանգելու են կենտրոնի մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստները։
Խնդրի ակունքում գիտության ոլորտի թերֆինանսավորումն է
Քիմիական լաբորատորիաներով հագեցած տարածքում ժամանակին ջրավազան է կառուցվել, որը ոչ միայն մեղմում էր միկրոկլիման, այլ նաև անվտանգային նշանակություն ուներ․ հնարավոր հրդեհի դեպքում ջրավազանի ջուրը ծառայելու էր հրդեհաշիջման աշխատանքներին։ Պայմանավորված գիտական հիմնարկների սուղ ֆինանսավորմամբ՝ 2000-ականներին ջրավազանը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, քանի որ ջրավազանի մաքրումը զգալի միջոցներ էր պահանջում։ Քաղաքապետարանն էլ այն օտարել է երրորդ անձի՝ այդ մասին տեղյակ չպահելով ինստիտուտին։ Արդյունքում, 2007-ից ինստիտուտը զրկված է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։
«Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլև հանդիսանում է միկրոկլիմայի և միկրոէկոլոգիական համակարգի ամենակարևոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- նշում են գիտաշխատողները՝ հավելելով, որ գիտական կենտրոնն իր մասնաշենքերով և ջրավազանով պատմամշակութային արժեք է․ ջրավազանի կողքին է գտնվում քիմիական գիտությունների դոկտոր Արմենակ Մնջոյանի կիսանդրին, որը հատուկ պահպանվող հուշարձան է: Ավելին. ջրավազանի հիմնական խողովակը հին ժամանակներում կառուցված ջրատարի մի հատվածն է:
Նշենք, որ խնդիրը նոր չէ, որ բարձրաձայնվում է։
Դեռ 2016թ. դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել գույքի օտարումը։ Պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով:
Հարուցվել է քրեական գործ և իրականացվել է նախաքննություն, որի շրջանակներում հաստատվել է, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Քրեական հետապնդում, սակայն, չի իրականացվել արարքի վաղեմության ժամկետի պատճառով։
Այս պարագայում քաղաքապետարանը, որպես թաղային համայնքների իրավահաջորդ, ինքը պետք է օրենքով սահմանված գործողություններ ձեռնարկի՝ վերականգնելու համայնքին պատճառված վնասը և կնքված գործարքը չեղարկելու ուղղությամբ։
Հավելենք, որ հուլիսի 21-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ջրավազանի տարածքում կառուցապատման հարցը։ Բայց անգամ այսքան աղմուկից ու պայքարից հետո չի քննարկվել, թե ինչպես կառուցապատումը կանդրադառնա գիտական հիմնարկների գործունեության և Հայաստանում գիտության վրա։ Խնդիր է դիտարկվել միայն տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությունը, որի պահպանության հետ կապված չափորոշիչները հանձնարարվել է ներկայացնել ներդրողին։
Ի՞նչ է կառուցվելու
Վիճարկվող վայրում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որը մասամբ կլինի բիզնես կենտրոն և մասամբ բնակելի հյուրանոցային համալիր։ Նախատեսվում է նաև ունենալ ստորգետնյա ավտոկայանատեղի։
Կառուցապատողը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է ։ Ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքով՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը Ազատության պողոտա 26/1 հասցեում ծրագրում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:
«Ինչո՞ւ այդ հասցեում, քանի որ այդ հատվածը, կարելի է ասել՝ մեր քաղաքի համար ծառայում է որպես քաղաքի հիմնական մուտք ու ելք, սակայն անուշադրության էր մատնված, անխնամ էր ու անբարեկարգ: Մեր ցանկությունը ներդրումային մի նախագիծ մշակելն էր, որը հնարավորություն կտար կառուցապատել այդ տարածքը, բարեկարգել այն, «շունչ հաղորդել» ամայացված տեղանքին՝ պահպանելով ճարտարապետական ներդաշնակությունը հարակից կառույցների հետ»,- ասում է նա:
Վարդանյանի պնդմանը, թե համալիրը քաղաքի կենտրոնում չէ և կնպաստի տվյալ վարչական շրջանում կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև քաղաքային և համայնքային համաչափ զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը, գիտաշխատողները հակադարձում են։
«Եթե ներդրում ասվածը բազմաֆունկցիոնալ կառույց է, որտեղ տարածքներ են վարձաալությամբ տրվելու կամ հյուրանոց է գործելու, դա ներդրում չէ, դա ստանդարտ շինություն է, որը ցանկացած վայրում կարելի է կառուցել։ Երևանի ծայրամասային հատվածներում ինչքան ասես չօգտագործվող տարածքներ կան։ Մինչդեռ այս տարածքի անմիջապես հարևանությամբ «Երազ» թաղամասն է, բացի այդ, Սևակի փողոցում բազում շինություններ են կառուցվել և կառուցվում, ուստի այդ տարածքում, եթե մեկ շինություն պակաս լինի, էական նշանակություն չի ունենա»,- «Անկախի» հետ զրույցում ասում է «Իոնական հեղուկների մշակում և կիրառություններ քիմիայում» խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը։
«Ներդրում կլիներ, եթե եղածը պահպանելով քայլեր ձեռնարկեին Հայաստանում քիմիայի զարգացման ուղղությամբ, և գիտական հիմնարկների առջև դրվեին պետության կարիքներից բխող այնպիսի խնդիրներ, որոնց արդյունքը կօգտագործվեր ի շահ մեր հանրապետության և պետականության պահպանման»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ Երևանում նորակառույցների պակաս չկա, դրանց մի մասն էլ անգամ կիսադատարկ է։ Պատերազմական երկրում ավելի կարևոր է գիտությունը զարգացնելը։
Սա վատ ուղերձ է հասարակությանը
«Գիտական հաստատությունների շենքերի և տարածքների նկատմամբ ոտնձգությունը խոսում է այն մասին, որ հասարակության մեջ գիտության գնահատականը շատ ցածր է։ Դա էլ արտացոլվում է կառավարության և բիզնես ոլորտի գործունեության մեջ»,- ասում է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը՝ հավելելով, որ տեղի ունեցողը վատ ուղերձ է հասարակությանը։
«Պատերազմը և վերջին զարգացումները վկայում են, որ գիտությունը պետք է դառնա գերակա ճյուղ, որպեսզի կարողանանք դիմակայել ազգերի մրցակցության պայքարում։ Բառացիորեն ազգերի գոյության կռիվ է ընթանում, և այդ պայքարում գիտատեխնիկական առաջընթացը որոշիչ դեր է խաղալու»,- ասում է նա։
Այս իրողությունները հաշվի առնելով՝ Արթուր Իշխանյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով ներդրումային ծրագիրն այլ վայրում իրականացնել և այդպիսով դրական ուղերձ հղել հանրությանը՝ կարևորելով գիտությունը։ Իշխանյանի առաջարկը, սական, չեն ընդունել։
«Ցավալի է, որ իմ առաջարկը արժանացավ արհամարհանքի։ Եթե նրանք համաձայնեին և այդ լուրը հաղորդվեր հասարակությանը, դա կլիներ դրական ուղերձ մեր հասարակությանն ու երիտասարդությանը։ Սա վկայում է, որ գիտության կարևորությունը գիտակցված չէ»,- ասում է նա։