Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։
Այն շարունակվում է երկարատեւ ընդմիջումից հետո՝ կապված արձակուրդների, փաստաբանների բացակայության հետ, եւ մոտ մեկ ամիս՝ ընտրությունների եւ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի հետ կապված։ Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը՝ Քոչարյանը, պատգամավորական մանդատ չվերցրեց։ Արմեն Գեւորգյանը, հակառակը, դաշինքը ներկայացնում է խորհրդարանում։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (ներկայում՝ նույնպես պատգամավոր) եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի եւ Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի եւ Գեւորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ փողերի լվացման մեջ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը։ Սակայն գլխավոր դատախազությունը կարծում է, որ 300.1 հոդվածի չեղարկման հետ կապված՝ մեղադրանքը կարելի է փոխարինել այլ՝ «հարմար» հոդվածով։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։