Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հնչեցրած առաջարկի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
«Հրապարակային հնչեցվել է մեր դիրքորոշումը։ Մեր ռուս գործընկերների հետ քննարկումներն ընթացքի մեջ են, հենց նորություն լինի՝ կիմանաք։ Հստակ է, որ Ադրբեջանն ունի նպատակադրում վնասելու ՀԱՊԿ-ի վարկանիշին, և ընդհանրապես՝ Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահ առաքելության դեմ Արցախում։ Մենք կողմ ենք տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը և չենք ուզում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում»,- նշեց նա։
Ռուբինյանի խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուց առաջ տվյալ երկիրը համապատասխան մթնոլորտ պետք է ապահոված լինի։
«Եվ բացի այդ կա նաև քաղաքական և արտաքին քաղաքական պատեհության և նպատակահարմարության հարց։ Մենք տվյալ գործընթացը դիտարկում են այս համատեքստում։ Եթե նման անհրաժեշտություն լինի, համապատասխան քայլեր կձեռնարկվեն համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը։