Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Նա նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում: «Ես խոսում եմ տարածաշրջանի իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ:
Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար:
Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: