The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի սրման պատճառով չեղյալ է հայտարարել իր 60 -ամյակի կապակցությամբ պլանավորված շքեղ տոնակատարությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տվյալներով՝ երեկույթի ծրագիրը մշակվել էր ամիսներ շարունակ, և որոշ հյուրեր արդեն ժամանել էին տոնակատարությանը մասնակցելու նպատակով, երբ Օբաման ուշացումով հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում միջոցառումը:
«Դելտա շտամի տարածման պատճառով անցյալ շաբաթ նախագահը և տիկին Օբաման որոշել են զգալիորեն կրճատել միջոցառումը՝ ընդգրկելով միայն ընտանիքին և մտերիմ ընկերներին», - ասել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի խոսնակ Հաննա Հենքինսը:
Օբամայի վարչակազմի հարյուրավոր նախկին պաշտոնյաներ և հայտնիներ հրավիրված էին երեկույթին, այդ թվում ՝ Ջորջ Քլունին, Սթիվեն Սփիլբերգը եւ Օփրա Ուինֆրին: Շատ հյուրեր արդեն ճանապարհին էին, իսկ ոմանք նախատեսում էին հանձնել կորոնավիրուսի անհրաժեշտ թեստերը, որոնց արդյունքները նրանք պետք է տրամադրեին՝ Օբամայի նստավայր մուտք գործելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման մտադիր է իր 60 -ամյակին նվիրված մեծ երեկույթ կազմակերպել: