Վերջին օրերին Միացյալ Նահանգներից երկու լուր հասավ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզ, սակայն կորոնավիրուսի այս խուճապ-հակախուճապային իրարանցման մեջ կարծես պատշաճ արձագանք չստացան, եթե չասենք՝ անուշադրության մատնվեցին:
Առաջին՝ ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգնությունը:
Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:
Այս բավական անախորժ իրողությունը բացատրվում է երկու գործոնով. առաջին՝ Ադրբեջանի իշխանությունների ջանադիր աշխատանքով ԱՄՆ անվտանգության խորհրդում իրենց շահերն առաջ մղելու նպատակով և դրա դիմաց մեր իշխանությունների անգործությամբ:
«Եթե մեր իշխանություններն ավելի պրոֆեսիոնալ աշխատեին ԱՄՆ-ի հետ ոչ միայն այս ուղղությամբ, այլև առհասարակ բոլոր ուղղություններով, բնականաբար մեր հարաբերություններն ավելի բարվոք վիճակում կլինեին, և հնարավոր է՝ այդ դրական ֆոնի վրա նման որոշում չկայացվեր։ Պետք էր ավելի նախաձեռնողական աշխատել, բայց այդ նախաձեռնողականությունը չկա, և դրա հետևանքներից մեկն էլ երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունների բացակայությունն է»,- «Անկախի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները ԱՄՆ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ շատ քիչ են, մանավանդ որ դրանք 10-15-րոպեանոց հանդիպումներ են եղել և որևէ լուրջ արդյունք չէին կարող տալ:
Նա հիշեցնում է նաև, որ ԱՄՆ-ն, բացի Հայաստանից, միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու նրա անկախությունը, և այս տեսանկյունից, ըստ նրա, այդ օգնությունը ֆինանսականից առավել աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, հետևաբար դրա վերացումը նույնպես պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից։
Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նույնպես Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող ֆինանսական օգնության չեղարկումն առաջին հերթին պայմանավորում է ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի աշխատանքով կամ Ադրբեջանի նավթային, գազային պաշարներով, որոնցով նրանք կարողանում են գնել երկրներին: Այսուհանդերձ, պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյոք նման իրավիճակը նաև հայկական կողմի թերացման հետևանքը չէ, խոստովանել է․ «Այո, կարծում եմ, որ մենք թերացել ենք: Մենք մշտապես տեսնում էինք, որ Ադրբեջանը, Թուրքիան ամեն կերպ փորձում են մեզ վնասել: Պետք է պայքարեինք դրա դեմ»: Նա միաժամանակ նկատել է, որ ԱՄՆ-ն արցախյան հիմնախնդրում կարծես հավասարակշռությունը չի պահում, և այս փաստը թերևս գալիս է լրացնելու այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը ներկայացող ադրբեջանական համայնքի հետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպմանը:
Բառացիորեն հաջորդ օրը՝ մարտի 22-ին, Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով և որպես դրա հիմնավորում հղում արեց ԱՄՆ օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորին և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերին: «...[Մ]եր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում», - գրել են նրանք:- Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»:
Պատասխանելով այս կապակցությամբ Tert.am-ի հարցերին՝ քաղաքագետն արձանագրել է, որ սա շատ ավելի վտանգավոր երևույթ է և շատ ավելի լուրջ քաղաքական հետևանքներ կունենա, քան Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերացումը: «Այսինքն՝ ոչ թե վտանգավոր է երևույթը՝ հանրությանը խաղաղությանը նախապատրաստելը, այլ վտանգավոր է նրանով, որ բացառապես Արցախի ժողովրդի մասին է խոսքը»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե երկու հակամարտող կողմերից մեկին նախապատրաստում ես խաղաղության, իսկ մյուսին՝ ոչ, ապա դա հանգեցնելու է այնպիսի իրադարձությունների՝ ինչպիսիք Սումգայիթի, Բաքվի դեպքերն են:
Քաղաքագետը կարծիք է հայտնել նաև, որ ամենայն հավանականությամբ այս քայլի համար Հայաստանի իշխանությունները համաձայնություն են տվել, քանի որ, եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար, չեն կարող հակառակվել, երբ համանախագահներն առաջարկեն ֆինանսական միջոցներ տրամադրել և խաղաղության նախապատրաստել Արցախի ժողովրդին:
Ակնհայտ է, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել, որի հետևանքով բացահայտ փոխվում է հավասարակշռությունը, մի բան, որ լուրջ մարտահրավեր է և իրոք հղի է անկանխատեսելի քաղաքական հետևանքներով:
Այս տեսանկյունից ուշագրավ էր մյուս տեղեկությունը, որ Միացյալ Նահանգներից հասավ սրանից 4 օր առաջ և մեզանում որևէ արձագանք չունեցավ, ընդամենը չոր տեղեկությունը հաղորդվեց:
Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը «Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության անկախ պետությունների ուսումնասիրման» ծրագրի շրջանակներում նախատեսում է 2 միլոն դոլար հատկացնել ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար: «Ծրագիրն ուղղված է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների խթանմանն ու միջազգային համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ամերիկյան փորձագետների` տարածաշրջանային կարևորագույն լեզուների իմացության մակարդակի բարձրացմանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ և նշվում, որ դրամաշնորհներ կարող են ստանալ միայն ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները, և այդ աշխատանքները համակարգելու է պետդեպարտամենտի հետախուզության և հետազոտությունների բյուրոն:
Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, վերլուծելով տվյալ նախաձեռնությունը, հանգել է այն մտքին, որ պետդեպարտամենտում պատրաստվում են Հարավային Կովկասի նկատմամբ նոր քաղաքականության մշակմանը՝ հաշվի առնելով էթնիկական և միջէթնիկական խնդիրները, որպեսզի նորովի դիտարկեն առկա և հնարավոր կոնֆլիկտներն ու դրանց լուծման տարբերակները: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ կփոխվի Հարավային Կովկասում գործողությունների «քիչ ռեսուրսներով և քիչ ներուժով արտաքին քաղաքականություն» բանաձևը: «Ավելին, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել հավասար հեռավորության քաղաքականությունից ղարաբաղյան կոնֆլիկտում,- գրում է նա:- Բայց այդ դեպքում ո՞ր կողմին կսկսի պաշտպանել: Ամեն դեպքում Վաշինգտոնը սկսել է Հարավային Կովկասի նոր տեսլական ձևավորել և այլևս չի դիտում այն որպես մեկ միասնական տարածաշրջան, ձերբազատվում է այն պատրանքից, թե այն կարող է հաղորդակցական միջանցք ծառայել, և անհատական մոտեցում է մշակում Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: <…> Առայժմ դեռ միայն գիտական հետաքրքրություն ենք տեսնում ԱՄՆ-ում այդ տարածաշրջանի նկատմամբ: Այդ փաստն ինքնին կարելի է քաղաքականապես չեզոք համարել, թեպետ պետդեպարտամենտը հենց այնպես փողերը քամուն չի տալիս, իսկ հետախուզության հետարքրությունն էլ դատարկ տեղը չի առաջանում: Սպասենք, տեսնենք»:
Ռուսները, իհարկե, կարող են դիտորդի պես սպասել և սառնասիրտ փաստեր ու իրադարձություններ արձանագրել, բայց ոչ մենք, եթե այդ փաստերն ու իրադարձությունները մեր ներկային ու ապագային են վերաբերում:
Ի դեպ, ուշագրավ է, որ պետդեպարտամենտի նշված նախաձեռնությանը գրեթե միաժամանակ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը դրական եզրակացություն տվեց Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի օրենքի նախագծին, որով առաջարկվում է լրացուցիչ լիազորություններ տալ արդարադատության նախարարությանը կասեցնելու այնպիսի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք մասնակցում են Ռուսաստանում քաղաքական գործունեությանը և դրամական միջոցներ ու գույք են ստանում ԱՄՆ քաղաքացիներից կամ կազմակերպություններից: Նման որոշման հիմք կարող են դառնալ գործադիր իշխանության և դատախազության ստուգումները Ռուսաստանի Դաշնության շահերին վնաս հասցնելու դեպքերում, իշխանությունները կարող են այդ կառույցների գործունեությունը կասեցնել երեք օրվա ընթացքում: Ընդ որում, տվյալ նախագծին հավանություն են տվել ոչ միայն կառավարությունն ու խորհրդարանի խմբակցությունները, այլև անկախ փորձագետները՝ համարելով, որ Մոսկվան պետք է հնարավորություն ունենա արագորեն կասեցնելու տարբեր արտաքին ուժերի անօրինական գործունեությունը, որոնք քողարկվում են ոչ կառավարական (հասարակական) կազմակերպության կարգավիճակով:
Իսկ մե՞նք ինչ ենք անում: