Այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ վիրուսը Հայաստանում չի եղել, այն եկել է դրսից:
«Առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: Եթե ներս է մտել, մի դեպքում հարսանիք է եղել, մի դեպքում՝ նշանդրեք, մի դեպքում 500 հոգանոց կոլեկտիվ, շփվելով համատարած տարածվել է: Ես հենց սկզբից ասել եմ, որ դժգոհ եմ մոտեցումից: Բոլոր սահմաններին պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, Հայաստանի մուտքերին, հիվանդանոցներում: Մարդը գնում է հիվանդանոց, թեստ չկա, օդանավակայանում չկա, միայն սուր վարակիչում է: Պետք է թեստերը լինեին, որ մարդկանց ստուգեին եւ կամ մեկուսացնեին, կամ ուղարկեին տուն, կամ ուղարկեին բուժվելու: Այս հարցին ուշադրություն չի դարձվել ոչ սահմանին, որ հիվանդանոցներում, ոչ օդանավակայանում: Բելառուսում բոլոր ճանապարհները, օդանավակայանները բաց են: Պարզ է, որ ստուգում են, թեստավորում են, հիվանդներին բուժում են»,-հայտարարեց Ծառուկյանը:
Ծառուկյանը նաև անդրադարձավ օրավարձով աշխատողների խնդրին:
«Մենք այսօր ունենք 200 հազար ընտանիք, որ օրավարձով աշխատում են, ստանում են օրական 5-7 հազար դրամ՝ իրենց տունը պահելու համար. հիմա այդ 200 հազար ընտանիքները չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, մարդիկ տաքսի չեն նստում, հյուրանոցները չեն աշխատում, տուրիստական ավտոբուսները չեն աշխատում: Մենք առաջարկում ենք մարդկանց գոնե ամսական 70 հազար դրամ տրամադրեն: Օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստ ստացողին, տաքսիստներին, որ կարողանան գոյատեւել:
Բանկերում պետք է լինի երեք ամսով պարտավորությունների ներում: 1,65 մլն վարկառու կա: Մարդը չի աշխատում, չգիտի ոնց սնվի, ու էդ մարդուն ասում են՝ էս երկու ամիսը չես տա, հետո այս ամիսների տոկոսները գալու է: Պետք է դա սառեցվի, որ մարդիկ դրա մասին չմտածեն, մտածեն իրենց սննդի հարցի մասին»,-ասաց Ծառուկյանը:
Նա ծիծաղելի համարեց առաջարկը, որ բանկերը վարկառուներին անհատական մոտեցում կցուցաբերեն. «1,65 մլն մարդու հետ անհատական հանդիպումներ ոնց են կազմակերպելու, այն էլ վիրուսի պայմաններում: Եթե 10 րոպեում մեկ մարդու ընդունեն, օրական կընդունեն 48 մարդու, թող բազմապատկեն, օրական լինի 4 հազար մարդ: Բայց 1,65 մլն մարդու ընդունելու համար քանի տարի է պետք»: