Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 7,2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 226 կմ, իսկ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 438 կմ հեռավորության վրա:
Գիտությունների ակադեմիայի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկում, որոնց ուժգնությունը կազմել է մոտ հինգ բալ: Նշվում է, որ շենքերում կահույքը ճոճվել է և առարկաներ են ընկել, իսկ մարդիկ դուրս են եկել փողոցներ:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը ներկայումս բացակայում է: