Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձնանց բուժման համար օգտագործում է «Hydroxychloroquine» դեղամիջոցը։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում։
«Մենք ունենք «Hydroxychloroquine», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին։ Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտրներին։ Դեռ սեփական փորձի հիման վրա եզրակացություններ անելը վաղ է, քանի որ շատ քիչ օր է անցել, և քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Մենք հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, մեր գործընկերների՝ Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքներն արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների համար կիրառել։ Նախնական որոշում ունենք, որ Hydroxychloroquine-ն «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին։
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։