f

Անկախ

Հայ գիտնականները թոքերի արհեստական օդափոխության նոր համակարգ են մշակել


Համավարակի պայմաններում COVID 19-ով հիվանդների համար այդքան բաղձալի, բայց ոչ բոլորին հասանելի թոքերի արհեստական օդափոխության սարքերը, հնարավոր է, առաջիկայում արտադրվեն Հայաստանում. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում մշակել են  թոքերի արհեստական օդափոխման նոր  տիպի համակարգ, որի գլխավոր յուրահատկություններից են   գնային մատչելիությունը, օգտագործման պայմանների պարզությունը և այս ամենին զուգահեռ՝ բարձր արդյունավետությունը։ Համակարգը  շնչառական պրոցեսի բնական հաճախականությունը  համադրում  է ներշնչվող ու արտաշնչվող օդի բարձր հաճախությամբ տատանումների հետ։ 

Համակարգը մշակած գիտական խմբի ղեկավար, ֆիզ.մաթ.  գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ  իրենց նախագիծը  եղել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած դրամաշնորհների մրցույթի 5 հաղթողներից մեկը։ Դրամաշնորհի նպատակն էր ֆինանսավորել  COVID 19 համավարակի դեմ պայքարին ուղղված գիտատեխնոլոգիական նոր նախագծերի մշակումն ու իրագործումը։ 

«Մենք  նախատեսում էինք մշակել թոքերի օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ, որը  հնարավորություն  կտար   զուգակցել բժշկագիտության, ակուստիկայի և ակուստաֆիզիկայի նվաճումները, և  նվազագույն ծախսատարությամբ ապահովել թոքերի արհեստական օդափոխման բարձր արդյունավետություն»,- ասում է Հրանտ Խաչատրյանը։

Թոքերի օդափոխման բարդ և թանկարժեք բազմաթիվ համակարգեր կան։ Հայ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել ստեղծել պարզ և մատչելի, բայց արդյունավետությամբ չզիջող համակարգ։ 

Խաչատրյանն ասում է, որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը տևական ժամանակ ուսումնասիրել է  ակուստիկ տատանումների ազդեցությունը տարբեր ֆիզիկական պրոցեսների վրա, որն էլ հիմք է դարձել թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգի ստեղծմանը։

Գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել՝ ապահովել այնպիսի գործառույթներ, որը մեր երկրում կիրառվող սարքավորումների մեծամասնությունը չունի և հասանելի է միայն բարձր տեխնոլոգիական և թանկարժեք սարքավորումների պարագայում, որոնց քանակը սակավ է և որոնք կիրառվում են բացառիկ դեպքերում։  Արդյունքում նախագծվել և պատրաստվել է բազմահաճախային տատանումներ ստեղծող մոդուլի փորձանմուշ, որի միջոցով կատարվել են բազմաթիվ փորձարկումներ։ 

«Մեր պատրաստած մոդուլը ստեղծում է օդի տատանումներ մոտավորապես 0,1-ից՝ այսինքն 10 վայրկյանում 1 տատանումից մինչև 10 հազար հերց տիրույթում։ Այդ տատանումներ  ստեղծող համակարգը մենք նախատեսում ենք կցել գործող համակարգերին կամ  հենց դրա հիման վրա ստեղծել թոքերի նոր արհեստական  օդափոխման համակարգ»,- ասում է Խաչատրյանը։

Կատարվել են հետազոտություններ նոր մորթված խոզի՝ իր կենսաբանական ակտիվությունը դեռևս պահպանող թոքերի վրա. մշակված  համակարգը կցել են  թոքերին և հետեևել, թե այդ տատանումներն ինչպես են ազդում թոքերի վրա, ինչպես են  տեղի ունենում թոքերի ընդարձակման և կծկման պրոցեսները  արհեստական շնչառություն  հաղորդելու պարագայում։ 

Հետազոտությունների  արդյունքները վկայում են, որ տատանումների պարամետրերի ընտրությամբ հնարավոր  է ստանալ տարբեր տիպի ազդեցություններ շնչառական  համակարգում գտնվող մանր մասնիկների վրա։ 

«Կատարված  փորձարարական աշխատանքների վերլուծությունը հիմնավորում է նախնական ենթադրությունը, որ ստացված բարձր հաճախությամբ  տատանումների համակարգի համակցումը գործող  թոքերի օդափոխման համակարգին կարող է էապես նպաստել թոքերից խորխի և օտարածին մարմինների հեռացմանը։ Հիմք է տալիս ենթադրելու նաև, որ այդ համակարգերը կարող են ունենալ նաև  այլ կիրառություններ  բժշկության և տեխնոլոգիական բնագավառներում»,- ասում է նա։ 

Արդյունքում գիտնականների խումբը մշակել և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ներկայացրել բիզնես նախագիծ՝ առաջարկելով կազմակերպել բազմահաճախային տատանումների մոդուլի հիման վրա թոքերի օդափոխման պարզագույն, ոչ ինվազիվ համակարգերի արտադրություն Հայաստանում։ 

                               Հրանտ Խաչատրյան

«Ներկայումս բուժհաստատություններում կիրառվող այդ ապարատները շատ թանկարժեք են,  կիրառվում են  շնչառական համակարգի հիվանդությունների ծանր ընթացքի պարագայում և կարող են օգտագործվել միայն բժիշկների հսկողությամբ։ Իսկ մենք առաջարկում ենք ստեղծել շատ ավելի  էժան, այսինքն բնակչության համար մատչելի՝ 100-1000 դոլար արժեքով և հեշտությամբ շահագործվող սարքավորումներ, որոնք կարող են  օգտագործվել և բուժհաստատություններում, և փոքր ամբուլատորիաներում,  և տնային պայմաններում հիվանդների էապես լայն շրջանակի համար,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ հիվանդները թոքերի հետ կապված թեթև խնդիրների պարագայում էլ կկարողանան դիմել սարքի օգնությանը, որն էլ կնպաստի թոքերից խորխի և տարբեր մանրէների ավելի հեշտ հեռացմանը։- Ներշնչվող օդի հետ միասին առաջացող տատանումները գրգռում են  թոքի բոլոր ալվեոլները։ Դրա միջոցով հնարավոր է հասնել նրան, որ խորխի և փոշու մասնիկները հեշտությամբ պոկվեն այդ  մակերևույթից և արտաշնչման պրոցեսի հետ միասին դուրս գան։ Այսինքն  դա կարող է էապես  նպաստել ոչ ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակի բարելավմանը և ունենալ կարևոր նշանակություն հետագա բարդացումներից խուսափելու հարցում»։

Խաչատրյանն ասում է, որ ներկայում աշխատում են վերջնական արտադրական փորձանմուշ պատրաստելու ուղղությամբ։ Այնուհետև նախատեսում են կլինիկական հետազոտություններ իրականացնել՝ պարզելու հնարավոր բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։ Մի քանի հիվանդանոցների հետ նախնական պայմանավորվածություն ունեն, մնում է ստանան թույլտվություն առողջապահության նախարարությունից։ 

Խաչատրյանն ասում է՝ վերջնական փորձանմուշը պատրաստելուց հետո նորից կդիմեն ԲՏԱ նախարարություն՝ խնդրելով աջակցել փորձարկումների և լիցենզավորման հարցում։ 

«Մենք պատրաստ ենք այս բոլոր փուլերով անցնել, որպեսզի ի վերջո թոքերի արհեստական օդափոխության սարքերը հասանելի լինեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասում է Խաչատրյանը։

գիտություն խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին