Արցախ. Վաղվա հանդեպ մտահոգությամբ պայմանավորված ընտրություն
Կորոնովիրուսի համաճարակը Հայաստանում այսօր ամենագլխավոր օրակարգային հարցն է և դա միանգամայն բնական է, քանի որ համաճարակը և նրա հնարավոր հետևանքները ձևավորել են և առաջիկայում կձևավորեն համակարգային լուծումներ պահանջող լրջագույն խնդիրների համախումբ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իրավիճակն ավելի է բարդանում պայմանավորված այն անորոշություններով, որոնք այսօր առկա են գլոբալ զարգացումներում: Ինչպիսին կլինի աշխարհը վաղը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել:
Այս ֆոնին Արցախում ներքաղաքական զարգացումները՝ կապված առաջիկա համապետական ընտրություների հետ, կարծես թե դուրս են մնացել մեր առօրյա հետաքրքրությունների շրջանակից:
Մինչդեռ, հաշվի առնելով վերը նշված անորոշությունների պայմաններում տարածաշրջանում և նրա շուրջ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանցում ղարաբաղյան հակամարտության, որպես գործոնի, կարևորությունը, առանց սխալվելու հավանականության, կարող ենք պնդել, որ այդ ընտրությունների արդյունքներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն և ուղղակիորեն դառնալու են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի հուսալի անվտանգության կարևոր գրավականներից մեկը:
Բոլորովի ավելորդ չէ փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, հայ ընտանիքների անվտանգությունը հայկական երկու պետություններում սկսվում է Արցախից:
Անշուշտ Արցախի Հանրապետության Նախագահի բոլոր թեկնածուներն ունեն իրենց արժանիքները: Սակայն ստեղծված պայմաններում շատ կարևոր է թե նրանցից ու՞մ կարելի է առավել վստահել Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Այսօր սա զուտ Արցախի ներքաղաքական խնդիրը չէ:
Քաղաքական ողջամտությունը և վաղվա հանդեպ մտահոգույունը թելադրում են, որ Արցախի ժողովուրդը նախապատվությունը պետք է տա իր հուսալի և անվտանգ ապագային՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին:
Այդպիսին կլիներ իմ ընտրությունը, եթե ես ընտրելու հնարավորություն ունենայի:
ՀՀ նախկին Վարչապետ
Խոսրով Հարությունյան