Կորոնավիրուսով վարակվածների աշխարհագրությունն օր օրի ընդլայնվում է. համաճարակն ազդում է կյանքի բոլոր ոլորտներ վրա՝ շեղելով բնականոն հունից: Մարզական կյանքը ևս անմասն չի մնացել կորոնավիրուսից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:
-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա, այժմ ինչպե՞ս եք մարզվում:
-Փետրվարին մեծ ուրախությամբ վերադարձանք Ստամբուլում կայացած 14-օրյա հավաքից այն տրամադրությամբ, որ գարուն է և վերջապես կսկսենք մեր բացօթյա մարզումները, բայց ցավալիորեն սկսվեց կորոնովիրուսի համաճարակն աշխարհով մեկ, որը գնալով ավելի է տարածվում։ Հայաստանն էլ չէր կարող խուսափել այս համաճարակից։
Մինչև արտակարգ դրություն մտնելը, կանոնավոր մարզվում էինք, իսկ վերջին 10 օրերին շատ է դժվարացել։ Փորձում ենք բնակության վայրին մոտ, ոչ մարդաշատ վայրերում մարզվել, պահել մարզավիճակը, ինչպես նաև տնային պայմաններում կատարել վարժություններ, ինչը մեկ-մեկ ստացվում է, մեկ մեկ էլ՝ հումորային իրավիճակներ են ստեղծվում։
-Ի՞նչ մրցաշարերի էիք մասնակցելու, որոնք չեղարկվեցին:
-Մայիսի 15-ին պետք է կայանար Հայաստանի առաջնությունը, իսկ հունիսի 9-ին Սան-Մարինոյում պետք է մասնակցեինք Եվրոպայի Փոքր երկրների առաջնությունը, սակայն, հաշվի առնելով կորոնովիրուսի աշխարհագրությունը, պարզ է, որ չի կայանա։ Հետո արդեն պետք է տեղեկանայինք մյուս մրցաշարերի մասին։ Աթլետիկայում արդեն հետաձգվել են աշխարհի մեծահասակների (Չինաստան) աշխարհի և Եվրոպայի երիտասարդների և պատանիների (Իտալիա և Քենիա) առաջնությունները, տարվա ամենակարևոր` օլիմպիական խաղերը…. Այս ամենը, իհարկե, բացասական է ազդում աշխարհի բոլոր մարզիկների վրա։ Այս պահին համաշխարհային սպորտը կարծես արձակուրդի մեջ լինի։
- Լիլի՛թ, Դուք օլիմպիական խաղերի մասնակից եք. Տոկիո-2020-ն էլ, ցավոք, հետաձգվեց: Ի՞նչ անդրադարձ սա կունենա մարզիկների հեգեբանության, պատրաստվածության վրա:
-Օլիմպիական խաղերի հետաձգումը մեծ հարված էր հազարավոր մարզիկների համար. բոլորն էլ քառամյա ցիկլով են մարզվում, տրամադրվում են, իրենց կյանքի անձնական պլանները կառուցում են այնպես, որ չխանգարի իրենց երազանքներին` օլիմպիական երազանքներին։ Այս հետաձգումը հազարավոր մարզիկների համար մեծ հոգեբանական հարված էր... Բայց ի՞նչ կարող են անել մարզիկները: Առաջնահերթ կարևորը՝ պայքարն է այս կորոնովիրուսի դեմ, և այս պարագայում միանշանակ ճիշտ էր օլիմպիական խաղերի հետաձգումը։
-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի, իսկ սպորտի առումով ի՞նչ կասեք:
-Աշխարհն առաջվանը չի լինի... Այս միտքը շատ հետաքրքիր է։
Իմ ու շատերի կարծիքով կորոնավիրուսը բնության պատիժն է, սթափության կոչ՝ ողջ մարդկությանը, որ մեկ պահ պետք է կանգ առնել, մտածել այն մոլորակի մասին, որտեղ ապրում ենք, որտեղ ամեն օր մարդկությունը աղտոտում ու փչացնում է երկրի ընդերքից մինչև մթնոլորտային վերին շերտերը: Կորոնավիրուսը երկրագնդի վրա տեղի ունեցող ամենօրյա պատերազմների ու ատելության մթնոլորտի դեմ մեծ նախազգուշացում էր՝ բնության կողմից մարդկությանը։ Այս օրերին մարդկությունը, կարծես թե, մի պահ կանգ է առել: Միգուցե այս համաճարակը նաև իր դրական ազդեցությունն է ունենալու երկիր մոլորակի վրա:
-Հեռավար մարզումները, մասնավորապես աթլետիկայում, որքանո՞վ են նպատակահարմար ու արդյունավետ:
-Այդ մարզումներն օգտակար են այն մարդկանց, որոնք սպորտով չեն զբաղվում, տնային տնտեսուհիների կամ ավագ սերնդի ներկայացուցիչների համար և այլն:
Իսկ մարզիկների համար դա շատ-շատ քիչ է։ Մարզիկի համար 10 օր կամ ավելի տանը նստած մնալը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է:
Մի քանի օր առաջ ես էլ տանը հեռավար մարզում նկարահանեցի, որը, կարծում եմ, նաև հումորային ստացվեց: Մարզման ընթացքում օգտագործում էի նաև տան գույքը, պատերը շքամուտքը:
-Լիլի՛թ, ինչպես հոգեբանորեն ցրվել, լիցքաթափվել, դուրս գալ այս իրավիճակից: Ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս իրավիճակում հոգեբանորեն ցրվելու, սթրես չտանելու լավագույն ձևը դարձյալ պետք է լինեն տնային մարզումները, երաժշտությունը, հումորը։ Մարդկությանը կարճ ժամանակ է տրված հանգստանալու, մտածելու անցածի և ապագայի մասին: Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց, մարդկությունը էլ նման ազատ ժամանակի հնարավորություն չի ունենա, կանցնի իր բնականոն աշխատանքներին, բայց շատ բաներ վերափոխված, ճիշտ հետևություններ արած, արդեն նոր աշխարհում։