Գյումրիում "Սոցիալական շտապ օգնություն" նախաձեռնությամբ են հանդես գալիս Շիրակի մարզպետարանը "Գյումրին առանց տնակների" հիմնադրամի հետ համատեղ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվող սահմանափակումների հետևանքով շատ քաղաքացիներ զրկվել են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։ Այս ծրագրի նպատակն է Գյումրու սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղով՝ սոցիալական փոխաջակցության միջոցով:
Աջակցությունը պարունակում է պարենային ապրանքներով ծանրոց՝ մեկ շաբաթվա հաշվարկով: Նախաձեռնողները սա ոչ թե սոցիալական ծրագիր են անվանում, այլ առաջին անհրաժեշտության սննդի տրամադրում:
Շահառու ընտանիքների գրանցումն իրականացվելու է օնլայն ձևաչափով, նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գործում է ծրագրի համար ստեղծված նոր կայք՝ shtapognutyun.am, որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել, իսկ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելուց հետո կամավորները ծանրոցները կհասցնեն շահառու ընտանիքներին:
"Նախաձեռնության գաղափարը ծնվել է այն պահից, երբ շատերը սկսել դիմել հիմնադրամին օգնության խնդրանքով, քանի որ ստեղծված իրավիճում մարդիկ չեն կարողանում օրական գումար վաստակել",-ասում է նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:
Այս օրերին հատկապես ուշադրությունից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատողներ չեն եղել և հիմա եկամտի աղբյուր չունեն:
"Մեզ մոտ թիրախ ենք ընդունել ընտանիքների այն խումբը, որոնք 2020 թվականի մարտի 15-ից հետո եկամուտ չեն ունեցել: Նաև ներդրել ենք սոցիալական երաշխավորի ինստիտուտը. երաշխավորն այն անձն է, ով ընտանիքին որոշակի ճանաչում է, բարեկամ չէ, ընտանիքի անդամ չէ, բայց կարող է հավաստել ընտանիքի դրության մասին",-ասում է Կարեն Պետրոսյանն ու հավելում, որ շահառուի կողմից լրացվող տվյալներում նշվում է նաև այն գործատուի մասին, որի մոտ տվյալ անձը մինչ այդ աշխատել է, և գործատուի հետ նույնպես տվյալները հստակեցվելու են:
Առավել բարդ է արտագնա աշխատանքից վերադարձածների խնդիրը, քանի որ նրանց գործատուներից ճշտել չեն կարող, բայց այս պարագայում արդեն սոցիալական երաշխավորն է դեր կատարում:
Սննդի մեկ ծանրոցի արժեքը 10-12 հազար դրամ է կազմելու, ներառյալ՝ կանխարգելիչ նյութերը:
Բացվել է հաշվեհամար, որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել հենց ծանրոց: