f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսից վարակման 194 դեպք, անցնող շաբաթվա վերջում՝ մարտի 29-ին՝ 424: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել էր 52 նոր դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 2054 թեստավորման դեպքում, բուժվում է 391 անձ, ապաքինվել է 30 անձ, 3 հիվանդ մահացել է:

Պայքար խուճապի դե՞մ, թե՞ հանուն վստահության  

Հայաստանի կառավարությունն անընդմեջ հավատացնում է, որ վիճակը կառավարելի է, սակայն այս տխուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիճակն առայժմ կառավարում է կորոնավիրուսը: Վարակման դեպքերի կորագիծը սրընթաց վեր է բարձրանում, և չնայած ձեռնարկված խստագույն միջոցներին, սկսած տներում մեկուսացումից, հիվանդության շարժընթացը չի դանդաղում, այլ արագանում է, և հայտնի չէ, թե գագաթնակետն ինչպիսին և երբ է լինելու:

Հայաստանում, բացի արտակարգ դրությամբ սահմանված խիստ կարգուկանոնից, պատժամիջոցներ են սահմանված նաև լրատվամիջոցների նկատմամբ խուճապ առաջացնող հրապարակումների համար: Դրանք բազմաթիվ քննադատություններից և հայտարարություններից հետո այս շաբաթ՝ մարտի 25-ին, մի փոքր մեղմացվեցին: Այսուհանդերձ մնացել է ամենակարևոր կետը. լրատվամիջոցներն իրավունք չունեն, պաշտոնականից բացի, այլ փաստեր հրապարակել: Ճի՞շտ մոտեցում է սա, թե՞ ոչ: Իհարկե, արտակարգ իրավիճակներում խուճապն ավելի է բարդացնում դրությունը: Բայց կառավարությունը, ինչպես միշտ, իր որոշումներն ընդունում է հընթացս, ըստ տվյալ օրվա իրավիճակի, և չի փորձում հասկանալ երևույթի բուն պատճառը: Պաշտոնական տվյալները խուճապ չե՞ն առաջացնում, չէ՞ որ դրանք հեռու են մխիթարական լինելուց, բացահայտ է՝ մոտ 3 միլիոնանոց բնակչության համար առկա թվերը շատ մեծ են, մանավանդ երբ դրանք համեմատում ես, շատ հեռու չգնանք, հարևան Վրաստանի հետ:  

Խուճապն առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ փորձում են հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը:  Ճանաչված բժիշկը նախորդ շաբաթ կոչ էր անում կառավարությանը  հնարավորինս կանխել բնակչության շփումները դրսում և բոլորին հորդորել տանը մնալ: Համարյա աղաչում էր: Ոստիկանությունն այցելեց նրա տուն և ստիպեց ջնջել գրառումը: Մի քանի օր անց պարետատունը սահմանեց այն, ինչ ասում էր այդ բժիշկը: Ուրեմն ի՞նչն էր խուճապ առաջացնում, բժշկի հորդո՞րը, թե՞ պարետատան գործելակերպը: Լրատվամիջոցը տեղեկություն է ստանում, որ վարակվել են մայրը և նրա երկու ամսական երեխան: Ասուլիսի ժամանակ հարց են տալիս պաշտոնատար անձին, որպեսզի այդ տեղեկությունը հրապարակելու իրավունք ունենան: Պաշտոնատար անձը հերքում է: Երկու օր անց այդ տեղեկությունը պաշտոնապես արձանագրվում է: Խուճապի առումով ի՞նչ փոխվեց: Եթե պաշտոնապես է հայտարարվում, էլ խուճապ չի՞ առաջանում, որ երկու ամսական երեխա է վարակվել:

Խուճապը կանխելու մեկ և միակ միջոց կա՝ բնակչության վստահությունը, որ կառավարությունն իրոք տիրապետում է դրությանը, իրոք ի վիճակի է սանձելու անտեսանելի թշնամուն և ամենավատագույն սցենարի դեպքում ի վիճակի է լինելու հասնել բոլոր հիվանդներին և պատշաճ օգնություն ցույց տալ: Կա՞ այդ վստահությունը, սա պետք է գնահատվի սթափ պաղարյունությամբ:

Նախորդ շաբաթներին կառավարությունը վստահեցնում էր, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կորոնավիրուսը բանակ չներթափանցի: Այսօր արդեն կորոնավիրուսով վարակված հինգ զինվոր ունենք: Եվ մարդիկ, տանը նստած, պատեպատ խփվելով, հռետորական հարց են տալիս՝ հնարավոր չէ՞ր արդյոք կանխել դա: Եվ հարց են տալիս մանավանդ՝ հնարավոր չէ՞ր արդյոք նախորդ երկու ամիսներին պատշաճ պատրաստվել կորոնավիրուսի հնարավոր ներխուժմանը, հնարավորինս մեծ թվով թեստեր, թոքերի արհեստական օդափոխման սարքեր ու դեղորայք ձեռք բերել, անխտիր թեստավորել բոլոր Հայաստան ժամանողներին, որոշ հիվանդանոցներ նախապատրաստել, բնակչությանը շատ ավելի շուտ հիգիենայի կանոնների պահպանում  հանձնարարել, կանխել զանգվածային միջոցառումները, ոչ թե բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնել, թե կորոնավիրուսին շան տեղ մի դրեք, մեր թթի օղիով այն կվանենք և այլն: Վստահություն կլիներ, եթե այս ամենից հետո գոնե կառավարությունն ընդուներ իր սխալները, ներողություն խնդրեր և խոստանար ականջալուր լինել այն խորհուրդներին, որոնք տալիս են փորձառու, վաստակաշատ մասնագետները՝ անկախ այն հանգամանքից՝ նախկիններից են, թե ոչ:  

Մարտի 24-ից հարյուրավոր մարդիկ տուգանվում են հենց այնպես կամ մեկ ժամից ավելի դրսում գտնվելու համար, մթերային խանութներում ախտահանիչ նյութեր են տեղադրվում հաճախորդների համար, հասարակական վայրերն են ախտահանվում և այլն: Այս ամենը իհարկե գովելի է: Սակայն համաշխարհային փորձը ցույց տվել, որ շատ թե քիչ հաջողության են հասնում այն երկրները, որոնք մեծ թվով թեստավորում են անցկացնում՝ անկախ անձանց մոտ ախտանշաններ նկատվելուց: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստանը ո՛չ բավարար թվով թեստեր ունի, ո՛չ թոքերի արհեստական օդափոխման սարքեր: Այժմ ուշացած ջանքեր են գործադրվում բացը լրացնելու համար: Հնարավո՞ր է խուճապի չմատնվել, եթե սոսկ մի մխիթարություն է մնում՝ լավ է ուշ, քան երբեք:

Նայենք շաբաթվա լրահոսը: Երկուշաբթի վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ «ամբողջ աշխարհում կորոավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել իրավիճակը և կառավարում է այն»:  Մի ժամ հետո պարետատունը հայտարարում է, թե մեզ մոտ իրավիճակը կառավարելի է: Իսկ երեքշաբթի խորհրդարանում վարչապետը, երբ որոշ պատգամավորներ, իր խոսքով, նրբանկատ քննադատություններ են հնչեցնում կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ ճիշտ քաղաքականության համար, հարց է տալիս. «Իսկ ի՞նչ է, մենք պետք է խնդիր դնեինք, որ կորոնավիրուսը հանկարծ Հայաստան չմտնե՞ր, մենք մեղավո՞ր ենք, որ ընդլայնել ենք ավիաուղիները, զարգացրել ենք զբոսաշրջությունը»:  Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բժիշկներն արդեն երկար ժամանակ տուն չեն գնում, ուրիշ ոլորտներում մարդիկ աշխատում են 24 ժամ, իսկ վարչապետը մարդկանց վիճակը հասկանալու համար ժամերով հեռախոսազրույցներ է վարում. «Բա 40 հազարով ինչպե՞ս եք յոլա գնում»: Կարծես Հայաստանի Հանրապետությունը մի մեծ գյուղական համայնք է, և համայնքի ղեկավարը մարդկանց վիճակը հասկանալու համար կարող է անձամբ հարց տալ յուրաքանչյուր բնակչին, չկան համապատասխան ինստիտուտներ, չկան ուսումնասիրություններ, չկան վիճակագրական տվյալներ, ոչինչ չկա: Դա դեռ քիչ է,  շարունակում է խոսել տնտեսական հեղափոխության, զրոյից՝ ավերակների վրա նոր հեղափոխական տնտեսությանը զարկ տալու և նոր վերելքների մասին: Սա է, որ մարդկանց խուճապի է մատնում,  ուստի կառավարության մշակած քայլերն էլ որևէ տպավորություն չեն թողնում:    

Փաստն այն է, որ Հայաստանում ամեն ինչ կանգ է առել և «կյանքը եռում» է միայն հիվանդանոցներում, որտեղ բժիշկներն ու հիվանդները կյանքի ու մահու կռիվ են տալիս: Ձեռնարկությունները չեն գործում և այսպես երկար շարունակվելու դեպքում հայտնվելու են սնանկացման եզրին, մարդիկ զրկվելու են աշխատանքից և չգիտեն, թե վաղն ինչպես են հոգալու օրվա հացի ապրուստը:  

Իսկ Արցախում ընտրություններ են. խրախճանք ժանտախտի ժամանա՞կ

Չնայած բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների կոչերին, իրենց իսկ թեկնածուների մեծ մասի առաջարկներին, որպեսզի Արցախում արտակարգ դրություն հայտարարվի և  հետաձգվեն հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոշում չկայացվեց: Դժվար է հավատալ, բայց ընտրությունները կայանալու են: Այն հիգիենիկ միջոցառումները, որոնք ձեռնարկվել են (դիտորդների թեստավորում, տեղամասերում ախտահանիչ նյութեր, մեկանգամյա դիմակներ ու գրիչներ և այլն), ընդամենը ժպիտ են շարժում: Մեր հասարակությունը կամաց-կամաց խուճապի դեմ իմունիտետ է ձեռք բերում կամ էլ սկսում է տիրապետել այդ խուճապը քողարկելու արվեստին, մի բան, որ աստիճանաբար վերածվում է ճակատագրի հետ հաշտվածի անտարբերության:  

Ամեն դեպքում, ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե կորոնավիրուսից հետո այլ աշխարհում ենք ապրելու: Փոխվում են հասարակությունները, փոխվում են իշխանությունների մտածելակերպն ու քաղաքականությունը: Ի՞նչ տեղ կունենա մեր երկիրն այդ աշխարհում, ինչպիսի՞ն կլինենք մենք այդ աշխարհում: Դժվար է կռահել: Կապրենք՝ կտեսնենք:

 

Հասարակություն Արցախի ընտրություններ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին