«Սա կարևոր քայլ է Հայաստանում գիտության պահպանման և զարգացման ճանապարհին։ Այսպիսով կկարողանանք մեր գիտաշխատողների մտավոր պոտենցիալը միայն գիտության խնդիրների վրա կենտրոնացնել»,- ասում է ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը՝ գնահատելով հաջորդ տարվա համար գիտության ֆինանսավորման ավելացումը։
Կարապետյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ գիտությանն ուղղված ներդրումները լինեն շարունակական։
Նա շեշտում է՝ մինչ այս ցածր, գրեթե սիմվոլիկ վարձատրության պատճառով հատկապես երիտասարդ գիտնականները, որոնք նորաստեղծ ընտանիքի կարիքները հոգալու, բնակարանով ապահովվածության խնդիր ունեն, մի քանի տեղ էին աշխատում։ Իսկ այժմ գիտության ֆինանսավորման ավելացումը հնարավորություն է ստեղծում, որ գիտաշխատողը գոնե Հայաստանի համար միջին աշխատավարձ ստանա և ստիպված չլինի գիտությունից դուրս այլ աշխատանքով ապրուստ վաստակել։
«Նորմալ վարձատրության պարագայում, երբ գիտաշխատողները սկսեն միայն գիտությամբ զբաղվել, շատ ավելի բարձր գիտական արդյունքներ կարձանագրենք»,- ասում է Կարապետյանը։ Նա համոզված է՝ առաջիկայում ունենալու ենք միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրությունների կտրուկ աճ։ Ասում է՝ եթե ցածր ֆինանսավորման ու գիտնականների՝ մի քանի տեղով աշխատելու պարագայում էինք կարողանում միջազգայնորեն մրցունակ արդյունքներ ապահովել, ապա «պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արդյունքներ կունենանք, եթե գիտաշխատողների մտավոր պոտենցիալը միայն գիտության խնդիրների վրա կենտրոնացնենք»։
Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումից զատ, Կարապետյանը կարևորում է գիտական հիմնարկների, լաբորատորիաների տեխնիկական վերազինումը։ Ասում է՝ ժամանակակից սարքավորումները հնարավորություն կտան բարձր մակարդակի հետազոտություններ իրականացնել։
«Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ բոլոր ինստիտուտները ներկայացնեն առաջնային անհրաժեշտության սարքավորումների ցանկ, որը պետությունն առանց քննարկումների պետք է ապահովի։ Մեր ոլորտում, օրինակ՝ դրանք սեյսմիկ անվտանգության, ջրային ռեսուրսների որոնման, ջրամբարների անվտանգ շահագործման, տարածքի երկրաբանական ուսումնասիրությունների հետ կապված սարքավորումներն են»,- ասում է Կարապետյանը։
Նա նշում է՝ խորհրդային տարիներին ստեղծված հզոր գիտական դպրոցը դեռևս պահպանվել է, մինչ այժմ հաջողվել է գիտելիքների փոխանցումն ապահովել և սերնդափոխություն իրականացնել։ Սակայն սուղ ֆինանսավորման պատճառով ստեղծվել էր իրավիճակ, որ այդ ամենը վտանգի տակ էր հայտնվել։ Այժմ, երբ պետության հոգածությունը զգացվում է, հնարավոր կլինի խուսափել այդ խնդիրներից։
Կարապետյանը, սակայն, կարծում է, որ մարզերում գործող գիտական ինստիտուտներն առավել մեծ հոգածության ու ուշադրության կարիք ունեն, ինչը պետք է անպայման հաշվի առնվի պետական մակարդակով։
«Պետք է նկատի ունենալ, որ մարզերում խնդիրներն ու դժվարություններն ավելի շատ են։ Չնայած դրան, կարևոր է, որ մարզերում գիտությունը խրախուսվի, որպեսզի կարողանանք գիտական միտքը նաև մարզերում զարգացնել, տաղանդավոր երիտասարդներին ներգրավել գիտություն ու պահել։ Մարզերում գիտությունը զարգացնելը և երիտասարդներին մարզերում և գիտությունում պահելը ռազմավարական նշանակություն ունի։ Ի վերջո այսպիսով նաև ծանրաբեռնված մայրաքաղաքը բեռնաթափելու խնդիր ենք լուծում։ Հետևաբար կարևոր է, որ մարզային գիտական կազմակերպություններն առավել մեծ պետական հոգածության արժանանան»,- ասում է Կարապետյանը՝ հավելելով, որ դա է հուշում նաև երկրի համաչափ զարգացման տրամաբանությունը։