Շիրակի մարզի 3 և ավելի դպրոցական ունեցող ընտանիքներին ՛՛Շիրակ՛՛ ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ է հատկացրել՝ հեռավար ուսուցմանը երեխաների մասնակցությունը ապահովելու նպատակով։
Համակարգիչները հանձնվել են Շիրակի մարզպետարանին, որտեղից էլ ըստ դպրոցների բաժանվելու են: Դպրոցները 1-2 օրում համակարգիչները տրամադրելու են աշակերտներին:
- Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։ Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը։
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը նույնիսկ մոնիթորինգ է կատարում, թե որքանով են մարզի դպրոցականները ընդգրկված հեռավար դասընթացներում: