Սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, բռնցքամարտիկ Արմեն Խալոյանն Արդեն 17 տարի է՝ ապրում է փողոցում։
Արմենի կյանքը հիմնովին փոխվեց 2003 թվականին, երբ Լատվիայից վերադառնալուց հետո պարզեց, որ մայրը մահացած է, իսկ իրենց բնակարանը՝ այլ մարդու անունից վաճառված։ Այդ օրվանից մինչ օրս պայքարում է արդարությունը վերականգնելու համար։ Առայժմ՝ ապարդյուն։
Իսկ թե ինչպես սկսվեց այս տարօրինակ, անհավատալի և ողբերգությամբ լի պատմությունը, գանք սկզբից։
1990-ականներին Արմեն Խալոյանը շատերի պես հեռանում է Հայաստանից օտար ափերում բախտ որոնելու։ Ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր ռեժիմի պայմաններում ապրել չէր ուզում։ «Երևի հիշում եք՝ բռնապետություն էր տիրում, հանցավոր միջավայր էր, մարդկանց փողոցներում գնդակահարում էին, և Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս պատասխանատվություն չի կրել այդ հանցանքների համար»,-ասում է։
1994 թվականին Արմենը ծանոթանում է լատվիացի մի աղջկա հետ, ամուսնանում ու հաստատվում Լատվիայում։
2003 թվականին վերադառնում է Հայաստան, որպեսզի տեսնի՝ փոխվե՞լ է արդյոք երկրում իրավիճակը և որոշում կայացնի ընտանիքի հետ վերադառնալ։
Սակայն գալով Հայաստան՝ պարզում է, որ իրենց բնակարանի դուռը փակ է, մայրը՝ մահացած, իսկ բնակարանը պատկանում է ուրիշի։
Հարևանների միջովով հարցուփորձ է անում, կցկտուր տեղեկությունների հիման վրա փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այն, ինչ ուրվագծվում է այդ ամենի հիման վրա, սարսափելի էր ու անմարդկային։
«Մեր բնակարանը, որը Երևանի Չեխովի փողոցի 33-րդ շենքում էր գտնվում, իմ ու մորս համատեղ սեփականությունն էր։ Իմ բացակայության ժամանակ մորս անունից կեղծ ստորագրությամբ բնակարանը վաճառվել է։ Առքուվաճառքի պայմանագրում իմ անունը՝ որպես համասեփականատեր, ընդհանրապես բացակայում է։ Նոտար Էմմա Շաբոյանի կողմից հանցավոր ճանապարհով կեղծ առքուվաճառքի պայմանագիր է կնքվել, որից հետո բռնի կերպով մորս բնակարանից դուրս են հանել, տարել անհայտ ուղղությամբ ու սպանել, ապա ձեռք բերել կեղծ մահվան վկայական, որտեղ նշված է, որ մայրս մահացել է քաղցկեղից»,-պատմում է Արմեն Խալոյանը։
Ասում է՝ մինչ օրս փորձում է մոր գերեզմանը գտնել, բայց ապարդյուն։ Մահվան վկայականի վրա նշված է գերեզմանի վայրն ու համարանիշը, սակայն նման համարանիշով գերեզման չկա։
2003-ին, երբ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել, փորձում է դատական ճանապարհով հասնել արդարության։
«Սկսեցի շարժվել ըստ օրենքի։ Դիմեցի ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն։ Բայց տեսա, որ ոչինչ չեն անում, ցրում են։ 2005 թվականին քաղհայցով մտա դատարան, որ իմ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը ճանաչվի անվավեր։ Դատարանն իմ օգտին որոշում կայացրեց, և գործարքը ճանաչվեց անվավեր։ Բայց այստեղ մի կարևոր բան եմ ուզում նշել․ այս գործում կան քրեական հանցագործության տարրեր, և դատարանը պարտավոր էր այդ մասով գործն ուղարկել քննության։ Չարվեց։ Միայն գործարքն անվավեր ճանաչեց ու վերջ»։
Բնակարանը հետ վերադարձնելուց հետո Արմենն այն վաճառում է, որպեսզի գումարի մի մասով մեկսենյականոց բնակարան գն, մյուս մասով կարողանա հասնել Լատվիա և ընտանիքը բերել։ Սակայն առաջին գնորդը մտնում է Վերաքննիչ դատարան, բողոքարկում Արմենի օգտին կայացված վճիռը։
«Վերաքննիչը, խախտելով օրենքը, գործն ընդունեց վարույթ, որովհետև վերաքննիչ դիմելու ժամկետներն անցել էին, պետք էր նախ վճռաբեկը բեկաներ առաջին ատյանի վճիռը և գործն ուղարկեր նոր քննության»։
Արմեն Խալոյանը պնդում է՝ վերաքննիչ դատարանի դատավորը 3000 դոլար կաշառք է վերցրել իր բնակարանի առաջին գնորդներից և կայացրել ապօրինի որոշում։
Ինչևէ, Արմենն իր բնակարանի վաճառքից ստացած գումարը վերադարձնում է և հայտնվում փողոցում։ Այլևս չէր կարող ո՛չ Լատվիա վերադառնալ, ո՛չ ընտանիքին կանչել։ Սկսում է պայքարել, դիմել դատական բոլոր ատյաններին, բայց այդպես էլ որևէ հաջողության չի հասնում։
Այդ ընթացքում նաև անձնագրի ժամկետն է անցնում, իսկ նորը տրամադրելու համար գրանցման հասցե էր պետք։ Դրա համար մինչ օրս անձնագիր չունի, չի օգտվում սոցիալական ոչ մի ծրագրից, չի կարողանում առողջական խնդիրները լուծել։
«Ապրում եմ մի բանի համար, որ արդարությունը վերականգնեմ»,-ասում է։
Գուցե մի օր արդարությունը վերականգնի, բայց կորցրած մորն ու ընտանիքը՝ այլևս երբեք։ Արմենը բացում է պայուսակը, հանում թղթերի կապոցը, որտեղ թերթեր են՝ իր պատմության էջերով, գործի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր և ընտանեկան ջերմ լուսանկարներ։
Դուստրերը՝ Անժելիկա և Ալիսիան, արդեն չափահաս աղջիկներ են։ 17 տարի նրանցից ոչ մի լուր չունի։ Միգուցե հորը չեն էլ հիշում։ Բայց Արմենը հույսը չի կորցնում, որ օրերից մի օր գոնե մեկ անգամ հանդիպելու է նրանց։ Դիմել է նաև «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Մինչ օրս արձագանք չկա։
«Հեղափոխությունից հետո մեծ-մեծ խոսում են, թե մարդը բարձրագույն արժեք է։ Հիմա իմ կյանքը թելից է կախված, ո՞վ է իմ մասին մտածում։ Թող նախ իմ կյանքը փրկեն, հետո ընկնեն Քոչարյանի ու մյուսների հետևից։ Կամ ես ասում եմ՝ ունեմ անհերքելի փաստեր, դիմում եմ իրավապահ մարմիններին, ինչո՞ւ իմ գործին ընթացք չեն տալիս, ինչո՞ւ չեն բացահայտում էս պատմությունը։ Դրա համար ես հայտարարում եմ՝ ոչ մի բան էլ չի փոխվել, համակարգային կոռուպցիան շարունակվում է, մնացած հանցանքներն էլ՝ հետը, ուղղակի հիմա դրանց ավելացել է նաև ստախոսությունը»։
Ձմռան ցրտին Արմենի կացարանը ամառային բացօթյան սրճարաններից մնացած կիսակառույց շինություններն են։ Գերադասում է փողոցում մնալ, քան անօթևանների կացարանում։ Թե ինչո՞ւ, փակագծերը չի բացում։
«Հիմա հույսս էն է, որ մի սիրուն աղջիկ ինձ փողոցում կտեսնի, կսիրահարվի ու կտանի իր տուն»,-կատակում է Արմենը։
«Փաստորեն հեքիաթներին հավատում ես»,- ասում եմ։
«Իսկ խի՞ չհավատամ։ Նիկոլը հավատո՞ւմ էր, որ մի օր իր հեքիաթը կիրականա։ Բայց իրականացավ, «Из грязи в князи»,-ծիծաղում է,-Էտ ո՞նց է, Նիկոլի հեքիան կիրականանա, իմը՝ ոչ․․․»։