Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:
«2020 թվականի փետրվարի 3-ին «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում 19:00-ին կկայանա գրքի շնորհանդեսը: Սպասում ենք ձեզ»,- հայտնել է Պոզներն իր Instagram-ում:
Պոզների գիրքը հայերեն թարգմանելու միտքը երկու տարի առաջ ծագել է հրատարակիչ Ռուբեն Իշխանյանի մոտ: Դրանից հետո վերջինս հանդիպել է գրողի հետ, որն էլ տվել է իր համաձայնությունը: Թարգմանությունն արել է հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հայտնվել է ռուսերեն տարբերակը:
Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի Ցեղասպանությանը:
Այս ստեղծագործությունը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն:
ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ գիրքն անմիջապես կթարգմանի ռուսերեն, բայց, ինչպես ինքն էր ասում, «այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Եվ սպասեց... 18 տարի:
Ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին»-ի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաեւ հայերեն: Փաստավավերագրական այս գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ իր ծննդավայր Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Գերմանիայում տեղի ունեցած քաղաքական ամենատարբեր իրադարձությունների խորապատկերին:
Հեղինակն ամեն մի թեմային անդրադառնում է խորությամբ եւ այն մեկնաբանում է ազնվորեն։ Սա ոչ թե գեղարվեստական գիրք է, այլ ավելի շատ՝ քաղաքական։ Իր հայացքներն են՝ ուղղված Միացյալ Նահանգներին եւ, հիմնականում, Խորհրդային Միությանը, այն երկրներին, որտեղ ինքը երկար ժամանակ ապրել է։
Լրջագույնս քննադատում է այն գործիչներին, որոնք ատելություն են հանդես բերել, ասենք, Ռուսաստանում, Խորհրդային Միությունում հրեաների հանդեպ. հիշենք Կրեմլի բժիշկների գործը, նրանց համարում էին աշխարհաքաղաքացի: Եվ այստեղ ինքը ամբողջ գրքում կարմիր գծով անցնում է:
Ուշագրավ է, որ գրքում Պոզներն անդրադարձել է նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդի պատմությանը։
Իր գրքում Պոզները պատմում է իր հայաստանյան այցի մանրամասնեը, խոսում հայ ժողովրդի, ցեղասպանության և Արցախի մասին: Գրքում հատուկ անդրադարձ կա Պոզների առաջին կնոջ Վալենտինա Չեմբերջիին, որը հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Չեմբերջիի դուստրն է: