Ամերիկյան հետախուզությունը ԱՄՆ վարչակազմին տվյալներ է փոխանցել այն մասին, որ Չինաստանը խեղաթյուրում է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին տեղեկություններըը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Չինաստանի իշխանությունները ոչ ամբողջական տվյալներ են հրապարակել ինչպես վարակվածների, այնպես էլ զոհվածների վերաբերյալ:
Սակայն աղբյուրը շեշտել է, որ ԱՄՆ հետախուզության զեկույցը գաղտնի է, ուստի նա հստակ տվյալներ չի տրամադրել այդ հարցի շուրջ:
Զեկույցին ծանոթ աղբյուրը հավելել է, որ անցյալ շաբաթ փաստաթղթերը փոխանցվել են Սպիտակ տանը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: