f

Անկախ

Աշակերտների 40-50 տոկոսի գրագիտության խնդիր ունենք. կրթության փորձագետ


9-րդ դասարանցիների 21.1 տոկոսն անբավարար է ստացել հայոց լեզվից,  25.1 տոկոսն էլ՝  հանրահաշվից: Այսպիսին են նախորդ տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ թե դասարանի, թե առարկաների ընտրությունը պատահական չի եղել։ Քանի որ 9-րդ դասարանցիները կենտրոնացված քննություն են հանձնում, արտաքին ընթացիկ գնահատումը երկու նպատակ է հետապնդում: Նախ՝ լրացուցիչ կգնահատվի աշակերտների՝  այդ առարկաների իմացության մակարդակը , բացի այդ աշակերտները մինչև կենտրոնացված քննությունը  քննական թեստեր լրացնելու որոշակի փորձ ձեռք կբերեն:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ ընթացիկ գնահատմանը հայոց լեզվից մասնակցել է 6825 աշակերտ։ Նրանց 21,1 տոկոսը, կամ 1440-ն անբավարար են ստացել մայրենիից։  Հանրահաշվից քննություն է հանձնել 6784 աշակերտ, նրանց 25,1 տոկոսը կամ 1703-ը անբավարար են ստացել։  

Ուշագրավ է, որ երկու առարկաներից էլ ամենաքիչ թվով անբավարարներն արձանագրվել են Երևանում․  12,4 տոկոս անբարար հայոց լեզվից և 17,5 տոկոս հանրահաշվից։  

Հայոց լեզվից ամենաշատ անբավարարներն արձանագրվել են Գեղարքունիքի մարզում՝ 30,7 տոկոս, իսկ հանրահաշվից անբավարարների թվով առաջատարը Արարատի մարզն է՝ 40,2 տոկոս։  

Հայոց լեզվից գերազանց՝ 9 և 10 գնահատական չի արձանագրվել Սյունիքի մարզում, հանրահաշվից՝ Արագածոտնի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերում։  

Գրիգորյանն ասում է, որ նախորդ տարիներին ավագ դպրոցներում են արտաքին գնահատում իրականացրել, ուստի և այս տարվա արձանագրված ցուցանիշների հետ համեմատության նյութեր չունեն։ Սակայն նա նաև նշում է, որ նպատակ է դրված հետագա տարիներին արտաքին գնահատում իրականացնել նույն սերնդի ներկայացուցիչների մոտ, այսինքն հաջորդ ուսումնական տարում արտաքին գնահատումը կիրականացվի 10-րդ դասարանում, ապա 11-րդ և հետո 12-րդ դասարաններում։ «Նման մոտեցումը հնարավորություն կտա տարեցտարի տեսնել աշակերտի գիտելիքի առաջընթացը»,- ասում է Գրիգորյանը։  

Գոհացուցի՞չ են արդյոք արձանագրված ցուցանիշները, արտաքին գնահատումների արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կրթական քաղաքականությունում և համակարգում․ այս հարցերին ԳԹԿ-ում պատասխանել չեն կարող, ասում են, որ իրենք ընդամենը քննություններն են կազմակերպում և արձանագրում գնահատականները։ Այդ ամենից եզրակացություններ անելը և քայլեր ձեռնարկելն արդեն իրենց իրավասությունների տիրույթում չէ,այլ նախարարության։  

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ է համարում անբավարարների արձանագրված ցուցանիշները: Նախ, Խաչատրյանի կարծիքով՝ անգամ 21-25 տոկոս անբավարարներն իրական պատկերը չեն արտացոլում. միջազգային ստուգատեսներում,օրինակ՝  «Թիմս»-ի,  հայաստանյան դպրոցականների անբավարարների ցուցանիշը 30-35 տոկոս է կազմում: Խաչատրյանը շեշտում է՝ ընթացիկ գնահատումների ցուցանիշները նաև վկայում են, որ կենտրոնացված քննությամբ ստացված պատկերն իրականությանը չի համապատասխանում: Հայոց լեզվի կենտրոնացված քննությունից անբավարար էր ստացել 9-րդ դասարանցիների 5 տոկոսը:

Խաչատրյանի խոսքով՝ ընթացիկ գնահատումների արդյունքները հուշում են, որ մեր կրթական համակարգում սովորելու հետ խնդիր ունեցող աշակերտների թիվը մեծ է:

«Այնպես չէ, որ դրական շեմը հաղթահարածները գիտելիքների առումով  լավ վիճակում են: Նվազագույն դրական միավորներ ստացողներն այնպես չէ, որ գրագետ աշակերտներ են, նրանք էլ կրթության ոլորտում մեծ խնդիրներ ունեն: Առնվազն աշակերտների 40-50 տոկոսի գրագիտության խնդիր ունենք»,- ասում է կրթության փորձագետը:

«Հայաստանի կրթական համակարգն աշխատում է այս տրամաբանությամբ՝ ովքեր կարողանում և ցանկանում են սովորել, դպրոցն  իրենց աջակցում է: Ովքեր չեն ուզում և  չեն կարողանում, դպրոցը չունի լրացուցիչ հնարավորություններ այդ երեխաներին օգնելու: Բայց  այս խնդիրը դպրոցի վրա չպետք է թողնել, սա պետք է դառնա պետական քաղաքականություն»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ աշակերտների մի ստվար զանգվածի համար 45 րոպեանոց դասաժամը բավարար չէ սովորող դառնալու համար:

«Իրենց պետք են լրացուցիչ աջակցության մեխանիզմներ, օրինակ՝ լրացուցիչ դասընթացներ, ուսուցման առավել դանդաղ ընթացք: Ապացուցված է, որ եթե ամեն երեխայի իր տեմպով սովորեցնես, երեխաների 80 տոկոսը կարող է ծրագիրը հաղթահարել:Բայց մենք ունենք մեկ տեմպ՝ շատ արագ տեմպ: Դա բավարար չէ, որ շատ երեխաներ հասկանան:  Երեխաներ կան, որ բազան  թույլ է, դանդաղ են մտածում, այդ երեխաներին լրացուցիչ ժամանակ է պետք»,- ասում է նա:

Անդրադառնալով Երևանի դպրոցների ցուցանիշներին՝ Խաչատրյանն ասում է, որ դա չի վկայում Երևանի դպրոցների կրթության բարձր մակարդակի մասին: «Այո, Երևանի դպրոցներն առաջ են շատ գյուղական դպրոցներից: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում լավ արդյունք ցուցաբերում են փոքր քաղաքների երեխաները, ինչպիսիք են Կապանը, Արթիկը, Վանաձորը և այլն»,- ասում է նա:

Խոսելով մի քանի տարի նույն սերնդին քննելու ԳԹԿ մտադրությանը՝ Խաչատրյանն ասում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե նպատակն է պարզել, թե ինչպես է ազդում դպրոցը և դպրոցական կրթությունն աշակերտի վրա: «Հիմա կարևոր է, որ որոշ ժամանակով, գոնե 3-4 տարի,  ԳԹԿ-ն նույն առարկաներն ուսումնասիրի: Այլապես հաճախ տարբեր առարկաներ են ուսումնասիրում: Երբ ամեն տարի ուսումնասիրվող առարկան փոխում ես, այլևս դինամիկան հասկանալ հնարավոր չէ: Տարբեր առարկաների ցուցանիշներից հնարավոր չէ հասկանալ՝ դինամիկան դրական է,թե բացասական»,- ասում է նա:

Փորձագետը հնարավոր տարբերակ է համարում նաև մի քանի տարի շարունակ 9-րդ դասարանում հայոց լեզուն դիտարկելը:

Անդրադառնալով իրողությանը, որ մի քանի մարզերում հանրահաշվից գերազանց գնահատականներ չեն արձանագրվել, Խաչատրյանն ասում է, որ դա վկայում է այն մասին, որ մաթեմատիկայի դրվածքը շատ դպրոցներում վատ է: «Համայնքային օլիմպիադաների արդյունքներն էլ այդ մասին են վկայում: Սովորական դպրոցների երեխաները հաճախ 20 բալանոց համակարգով անգամ 10 միավորի չեն ձգում: Հանրահաշվի առանձնահատկությունն այն է, որ բարդ է բարձրագույն մակարդակին հասնելը: Ավելին, մենք այսօր ունենք ուսուցիչներ, որոնք իրենք էլ այդ մակարդակին չեն հասնի»,- ասում է Խաչատրյանը:

Նա ասում է, որ Ռուսաստանում մաթեմատիկայի ուսուցիչների գնահատում է իրականացվել և շուրջ 50 տոկոսը չի կարողացել դրական գնահատական ստանալ:

«Մենք էլ ունենք մաթեմատիկայի, բնագիտական առարկաների,օտար լեզուների ուսուցիչներ, որոնք իրենք էլ չեն կարողանա բարձր միավորներ ստանալ, բնականաբար  իրենց  աշակերտներն  էլ չեն կարողանա»,- ասում է նա և հավելում՝ որպեսզի աշակերտը 10 բալանի համակարգով 9-10 ստանա, նրա ուսուցիչն առնվազն 10-ի գիտելիք պետք է ունենա:

«Բոլորս գիտենք, թե մանկավարժական բուհեր ինչ ցածր միավորներով են ընդունվում դիմորդները: Նվազագույն դրական  միավորով ընդունվում են  մաթեմատիկայի ֆակուլտետ: Բավարար գնահատականով  ընդունված ուսանողը, եթե վաղը դառնա մաթեմատիկայի ուսուցիչ, ինչպե՞ս է գերազանց գնահատական  ապահովելու իր աշակերտների համար: Պարզ խնդիրները լուծել կկարողանա, բայց այն բարդ խնդիրները, որ պետք է երեխան լուծի 10 ստանալու համար, ինքը չի կարող լուծել, բնականաբար երեխան էլ չի կարողանա»,- ասում է նա:

Հարցին, թե որպես կրթության ոլորտի փորձագետ՝ նկատում է արդյոք, թե արտաքին գնահատումների հիման վրա ինչ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, Խաչատրյանն ասում է. «Լավ հարց տվեցիք, դա ցավոտ տեղերից մեկն է: Ընթացիկ գնահատումները կարևոր հարց չեն դառնում: Երբևէ չեմ լսել, որ այս արդյունքները լուրջ քննարկվեն նախարարությունում, հետևություններ արվեն: Դեպքեր գիտեմ, որ անգամ դպրոցները տեղյակ չեն իրենց արդյունքներից»:  

Փորձագետը շեշտում է՝ ընթացիկ գնահատումների արդյունքները պետք է վերլուծվեն և ըստ այդմ փոխվի նաև կրթական քաղաքականությունը: Մինչդեռ կրթության փորձագետը վստահություն է հայտնում,որ ԿԳՄՍ-ում ԳԹԿ-ի շատ աշխատանքներից տեղյակ չեն:

«Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներին կառավարել է պետք: Անջատ-անջատ ամեն կառույց իր գործն անում է,  բայց այդ ամենը պետք է համակարգվի և փոխկապակցված քաղաքականություն վարվի: Այդ սիստեմատիկ կառավարումը չկա, մեկը մյուսից խաբար չէ, ամեն մեկը փազլի իր կտորը վերցնում ու տանում է, բայց ինչ-որ մեկը պետք է, որ այդ կտորները հավաքի, որ իմաստալից պատկեր ստանանք»,- ասում է Խաչատրյանը:

Կրթության փորձագետը նաև շեշտում է, որ մեր քննական թեստերը տարբերվում են միջազգային ստուգատեսների առաջադրանքներից.  «Պատճառն այն է, որ մեր թեստեր գրողներն իրենք էլ չգիտեն «Պիզայի» կամ «Թիմսի»  ստուգատեսների հարցերը: Շատ խզվածքներ կան, ընդհանրապես գնահատման համակարգում մենք շատ հետ ենք մնում»:

Որպես բարեփոխումների սկիզբ՝ նա առաջարկում է սկսել  գնահատման համակարգից: Քանի որ ուսուցիչներն իրենց դասավանդումը, աշակերտներն էլ ուսումնառությունը հարմարեցնում են գնահատմանը, ապա բարեփոխումները պետք է սկսել հենց գնահատումից:

«Ուսուցիչները,աշակերտները նայում են՝ ինչը որ վերջում պետությունը գնահատելու է, դա էլ կարևորում են: Բոլորի համար կարևոր է, թե վերջում ինչն է գնահատվելու: Ուրեմն եթե մենք ուզում ենք դասավանդումը փոխել, պետք է լավ գնահատման համակարգ ներդնենք: Որովհետև ուսուցիչներն ի վերջո իրենց աշխատանքը հարմարեցնելու են գնահատմանը»,- ասում է նա:

 

 

դպրոց գնահատում Կրթություն եվ գիտություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Միսիսիպիիում զանգվածային ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է. Դավիթ Բաբայան
Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով
Աշխարհի առաջատար ընկերությունների շահույթների աճը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի 11 տոկոսով. Nikkei
Մեծ Բրիտանիան ծիծաղելի է համարում Բրյուսելի առևտրային պայմանագրի պայմանները
Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա Save Համօգտագործել
ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան
Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը
Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
Փայլանը նշել է՝ նախքան այս հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:
Ոստիկանությունը ցրել է Բաքվի ընդդիմության հանրահավաքը․լուսանկարներ
Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին
Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից
Հրապարակեք այն անձանց անունները, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու. ՔՈ կուսակցություն 1
Ահազանգ՝ փակ դռների վերաբերյալ
Լավրովը մեկնաբանել է Թրամփի «դարի գործարքը»
Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հարակից շրջանները. Ղարամյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները
Ներդրվում է ավտոպատահարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը
Թրամփը պահանջել է սպանել Բեն Լադենի որդուն
Ավելին
Ավելին