ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Արմենպրեսի» դիտարկմանը, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը, փակ սահմանների եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպե՞ս է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը:
Աննա Նաղդալյանի պատասխանում ասվում է. «Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, եւ առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով եւ ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, որոնք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական եւ վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»:
Ինչ վերաբերում է Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որտեղ նշված է, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, ԱԳՆ խոսնակն ասել է. «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»: