«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության գործունեությանը: Նա մասնավորապես դիմում է իշխանությանը և նշում, որ իրենց հեղափոխականներ անվանող իշխանությունը որևէ էական բան հեղափոխելու ունակություն չունի: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սկզբից իշխանությունն ուզում է ունենալ իր պատկերացումներին համապատասխան ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, իսկ այնուհետև՝ ՄԱՄՈՒԼ, ապա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ և վերջապես ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄ: Դրանից հետո ռեժիմն իր ձեռքերում է կենտրոնացնում ֆինանսա-տնտեսական ռեսուրսներ՝ հենց նույն ռեժիմի ազդեցությունը կենսունակ պահելով և ապահովելով սեփական վերարտադրությունը:
Այդ ողջ ընթացքում արդեն ամենաազնիվ և ժողովրդավարական սկզբունքներ դավանող իշխանությունը շատ արագ ձևափոխվում է մի ռեժիմի, որը հանուն իր իշխանության պատրաստ է նույնիսկ ձևավորել իր պատկերացումներին համապատասխանող ամեն ինչ՝ մշակույթից մինչև մարդ:
Ոչ մի նորություն չկա: Այս ամենն այնքան հին է, որքան իշխանության տեսությունն ու պրակտիկան: Ամեն ինչ սկսվում է սեփական պատկերացումներին համապատասխանեցնելուց: Վերոշադրյալի 1000 տարվա աքսիոմատիկ սցենարի հավանականությունը բազմապատկեք տասով, երբ իշխանությունն ինքն իրեն հեղափոխական է կոչում:
Հարգելինե՛րս, դուք Ձեր պատկերացումներով այնքան «ՀԻՆ» էք, որ հպարտորեն առաջադեմ աշխարհի առջև Ձեզ կոչում էք «հեղափոխականներ»՝ առանց որևէ էական բան «հեղափոխելու» ունակության: Դու՛ք «ՆՈՐ» չեք, այլ ընդամենը՝ «ՀՆԱՏԻՊ» կամ էլ «ՀՆԻ ՌԵՍԹԱՅԼԸ»: Գիտեք ինչու՞, որովհետև կարծում էք, որ բոլորը և ամենը պետք է համապատասխանեն Ձեր պատկերացումներին: Մինչդեռ, Դու՛ք պետք է համապատասխանեք մեր պատկերացումներին և այն էլ այս ժամանակավոր հատվածում:
P.S. Հարգելինե՛րս, նկատեք, որ Ձեր իշխանության ներկայացուցիչների հետ Ձեր ընտրողները խոսում են «դու»-ով, այլ ոչ թե՝ «դուք»-ով: Սա վերաբերմունքի, արժևորման և գնահատման ցուցիչ է»: