ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում մշակվել են լատեքսներ, որոնք կարող են կիրառվել իմունոախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններում։
«Անկախի» հետ զրույցում ՀՀ ԳԱԱ ՕԴՔԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի Պոլիմերային դիսպերսիաների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանն ասում է, որ վերջնական արտադրանք՝ թեստ ստանալու համար հարկավոր է իրենց ստացած լատեքսների վրա ընդամենը նստեցնել տարբեր հիվանդությունների հակամարմիններ։ Երբ կոնկրետ հիվանդության մարմինները պարունակող արյունը կամ մեզը խառնվում է հակամարմիններ պարունակող լատեքսին, լատեքսը մակարդվում է՝ հնարավոր դարձնելով անզեն աչքով, առանց հավելյալ սարքավորումների, հաստատել կամ ժխտել հիվանդության առկայությունը։
«Մեր լաբորատորիան հիմնականում ուսումնասիրում է նման լատեքսների առաջացման մեխանիզմները և սինթեզում է դրանք տարբեր մոնոմերների վրա,- ասում է Հովհաննիսյանը։- Նշեմ, որ իմունոախտորոշիչ լատեքսներին խիստ պահանջներ են ներկայացվում՝ դրանք պետք է ունենան խիստ որոշակի տրամագիծ, լինեն միատարր և ունենան հատուկ մակերևույթային քիմիական կառուցվածք»։
Հովհաննիսյանն ասում է, որ իրենց ստացած լատեքսները համապատասխանում են առկա բոլոր խստագույն պահանջներին և իրենց որակով չեն զիջում աշխարհի առաջատար լաբորատորիաներում ստացած լատեքսներին։
«Նման լատեքսներ սինթեզելու համար անհրաժեշտ է բացահայտել լատեքսային մասնիկների առաջացման ռեալ մեխանիզմը, որը և հանդիսանում է լաբորատորիայի հիմնական գիտական աշխատանքը։ Սովորաբար լատեքսները ստանում են էմուլսիոն պոլիմերման միջոցով։ Իսկ մենք պոլիմերումը ստանում ենք ոչ թե էմուլսիաներում, այլ մեր կողմից մշակված հետերոգեն ստատիկ համակարգում, առանց էմուլգատոր օգտագործելու, քանի որ և խառնման պրոցեսը, և էմուլգատորի ներկայությունը բերում է մասնիկների տարաչափության ըստ տրամագծի։ Իսկ մասնիկների մակերևույթի քիմիական կառուցվածքը փոփոխելու համար մենք օգտագործում ենք տարբեր մոնոմերներ և հատուկ խառնուրդներ,- ասում է նա։- Որպեսզի մեր կողմից սինթեզված լատեքսները իմունոախտորոշիչ թեստ դառնան, դրանց մակերևույթին պետք է նստեցվեն տարբեր հիվանդությունների հակամարմիններ։ Դա կենսատեխնոլոգիական աշխատանք է, մեր բնագավառը չէ։ Մենք պատրաստ ենք մեր լատեքսները հանձնել շահագրգռված իմունոլոգիական լաբորատորիաների կամ այլ կազմակերպությունների, որոնք կկատարեն այդ աշխատանքը և կպատրաստեն իմունոախտորոշիչ պրեպարատներ»։
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ստացած գիտական արդյունքի կիրառականությունն ապահովելու ուղղությամբ, Հովհաննիսյանը պատասխանում է, որ գիտնականի գործը ստեղծելն է, իսկ կիրառականության ապահովման հարցով այլ մասնագետներ պետք է զբաղվեն։ Ասում է՝ գիտահետազոտական լաբորատորիաները առևտրային հարցերով զբաղվելու ժամանակ չունեն, դա ժամանակատար և ոչ գիտական աշխատանք է․ «Լաբորատորիան արել է գիտական աշխատանք, ստացել է որոշակի արդյունք։ Ստացված արդյունքի կիրառության ոլորտը հայտնի է ու հստակ»։
Հովհաննիսյանը նաև նշում է, որ այս թեմայով իրենց լաբորատորիայում 8 թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել, իսկ լաբորատորիայի գիտական արդյունքները զեկուցվել են աշխարհի տարբեր երկրներում կայացած համաժողովներում։ Նաև 2017-ին Գերմանիայում անգլերենով հրատարակվել է Հովհաննիսյանի «Ներդրում էմուլսիոն պոլիմերման տեսության մեջ» խորագրով աշխատությունը, որտեղ ամփոփ ներկայացված է լաբորատորիայի ներդրումը պոլիմերների քիմիայի ուղղության հիմնարար տեսության մեջ։
Քանի որ ստատիկ պոլիմերման ուղղությունը ստեղծվել է Պոլիմերային դիսպերսիաների լաբորատորիայում, նրանք նաև արտերկրից ատենախոսությունների ընդդիմախոսության բազմաթիվ հրավերներ են ստանում։
Հովհաննիսյանը նշում է՝ խորհրդային տարիներին, երբ Հայաստանում կար քիմիական արտադրություն, գիտությունը ծաղկում էր, գիտնականների մտքի արդյունքն էլ անմիջապես կիրառություն էր գտնում արտադրությունում։ Բայց ներկայում Հայաստանում քիմիական արդյունաբերություն չունենք, արտերկրի արտադրողների, լաբորատորիաների հետ համագործակցությունն էլ խնդրահարույց է։
Պատմում է՝ դիմել է եվրոպական մի շարք լաբորատորիաների, տեղեկացրել, որ հայկական մոնոմերի՝ քլորոպրենի վրա լատեքսներ են ստացել։ Մի շարք լաբորատորիաներից պրոֆեսորին առաջարկել են տեղափոխվել իրենց մոտ աշխատանքի կամ գոնե համատեղ աշխատել։ Նա, սակայն, իր հիմնադրած լաբորատորիայից հեռանալ չի ցանկանում, իսկ համատեղ աշխատանքի համար լաբորատորիայի սարքավորումներով հագեցվածությունը չի բավարարում։
Սարքավորումներով հագեցվածության պակասն այս տարի որոշակիորեն լուծվել է, քանի որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտը վերջերս էլեկտրոնային մանրադիտակ է ձեռք բերել։ Ինստիտուտի հետ պայմանագիր են կնքել՝ լատեքսները նկարելու և պարամետրերը որոշելու համար։ Մասնիկների բաշխվածությունը որոշելու համար, սակայն, հարկավոր է լուսացրման սարք, որը դեռևս չունեն։
«Եթե լաբորատորիան ժամանակակից սարքավորումներով կահավորված լինի, մի քանի քայլ ավելի կմոտենանք կիրառականությանը»,- ասում է Հովհաննիսյանը։