«Եթե կառավարությունը խնդիրներ դնի և այդ խնդիրների լուծման համար համապատասխան ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն տրամադրի, չկա այնպիսի խնդիր, որ հայաստանյան գիտնականները չկարողանան լուծել՝ հատկապես հաշվի առնելով միջազգային համագործակցությունը»,- ասում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը։
Նա նշում է՝ հաշվի առնելով անկախությունից ի վեր գիտության թերֆինանսավորումը և լաբորատոր սարքավորումների մաշվածությունը` բարդ է միջազգային մակարդակով մրցունակ լինել։ Սակայն, շնորհիվ նվիրվածության ու էնտուզիազմի, նաև միջազգային համագործակցության, հայ գիտնականները կարողանում են տպագրվել միջազգային հեղինակավոր ամսագրերում և միջազգային մակարդակով մրցունակ արդյունքներ ապահովել։ Բացի այդ, ԵԳԻ-ում կան մասնագետներ, որոնց որպես փորձագետ հրավիրում են այլ երկրներ։
«Եթե ուզում ենք գիտությունը Հայաստանում պահպանել, այն միանշանակ պետք է լինի միջազգային մակարդակի, և պետք է միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակումներ ունենանք», - ասում է Մելիքսեթյանը՝ հավելելով, որ իրենց ինստիտուտը վերջին 10 տարիներին աննախադեպ քանակի հրապարակումներ է ունեցել ազդեցության բարձր գործակցով ամսագրերում։ Նա նաև կարևորում է, որ հաշվի առնվեն ԲՈԿ-ի ցանկի ամսագրերում տպագրված հոդվածները, ինչը կնպաստի, որ հայկական ամսագրերին ներկայացվող պահանջները բարձրացնելով (այդ թվում՝ ընդգրկելով հայկական ամսագրերը Scopus համակարգում), բարձրացվի այդ ամսագրերի մակարդակը, որպեսզի դրանց դերը չնվազի։
Որպես մրցունակության օրինակ՝ Մելիքսեթյանը նշում է ինստիտուտի և մասնավորապես հրաբխագիտության լաբորատորիայի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։ Հիշում է՝ 2009թ. ՀՀ-ում՝ Մեծամորում, նոր ատոմակայան կառուցելու նախագիծ կար։ Ատոմային էներգիայի գործակալության պահանջի համաձայն, եթե ատոմակայանի մերձակայքում կան չորրորդական հասակի, այն է՝ երիտասարդ հրաբուխներ, ապա պարտադիր պետք է գնահատվի հրաբխային վտանգը նոր ատոմակայան կառուցելուց առաջ, ինչպես նաև առկա, նախկինում կառուցված ատոմակայանների համար։ «ՀՀ կառավարության պատվերով և ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներով միջազգային առաջատար գիտնականների ներգրավվածությամբ մենք ուսումնասիրեցինք սեյսմիկ և հրաբխային վտանգը տարածքում։ Այդ աշխատանքը ՄԱԳԱՏԷ-ն ընդունեց բարձր գնահատականներով։ Դրանից հետո մեզ պարբերաբար հրավիրում են տարբեր երկրներում ուսումնասիրություններ իրականացնելու որպես հրաբխային վտանգի փորձագետներ», - ասում է Մելիքսեթյանը՝ հավելելով, որ որպես փորձագետ աշխատել է Ճապոնիայում, Չինաստանում, Ֆիլիպիններում, Իրանում։ Մելիքսեթյանը նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրատարակված հրաբխային վտանգին նվիրված գիտամեթոդական ձեռնարկի համահեղինակ է, և այդ աշխատանքում լայնորեն օգտագործվում է հայկական ԱԷԿ-ի շրջակա տարածքների հրաբխային վտանգի գնահատումը որպես օրինակ։
Նա նաև նշում է՝ չնայած ուժերի գերլարումով միջազգային մակարդակով մրցակցություն են ապահովում, սակայն տարեցտարի կադրերի հարցն ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում. գիտությունը երիտասարդների համար գրավիչ չէ, գիտնական լինելը և առաջադիմելը դժվար է, իսկ աշխատավարձը մրցունակ չէ։
Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանում վերջին տասնամյակներում ընդհանուր առմամբ ընկել է բնական գիտությունների դասավանդման մակարդակը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում։ Ասում է՝ երկրի մասին գիտությունների ասպարեզում կադրային խնդրի լուծման համար կարևոր քայլ է դարձել ԵԳԻ-ի հենքի վրա ստեղծված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսական կրթական ծրագիրը։
Մելիքսեթյանն ասում է, որ շնորհիվ ինստիտուտում գործող մագիստրատուրայի, միջազգային համագործակցությունների, արտերկրում կրթվելու և որպես մասնագետ կատարելագործվելու հնարավորության, ինստիտուտը կարողանում է ներգրավել երիտասարդ կադրեր։ Սակայն ի վերջո նրանց մեծ մասը կա՛մ արտերկիր է տեղափոխվում, կա՛մ հեռանում է գիտությունից։ Ճիշտ է, գիտնականներին խրախուսող ծրագրեր վերջին տարիներին իրականացվում են։ Սակայն երիտասարդ գիտնականներն այդ ծրագրերի շահառու չեն, ինչը դժվարացնում է գիտության ասպարեզում նրանց պահելը։ «Երիտասարդը, երբ նոր է գալիս, չի կարող միանգամից ճանաչվել արդյունավետ գիտաշխատող և, օրինակ, Գիտության կոմիտեից լրացուցիչ գումար ստանալ։ Ինչ-որ ճանապարհ պետք է անցնի, ինչը բավականին դժվար է և ժամանակատար, մանավանդ Երկրի մասին գիտությունների պարագայում»,- ասում է նա։
Անդրադառնալով ընթացիկ տարում ֆինանսավորման ավելացմանը՝ նշում է, որ այդ քայլը լավատեսություն է ներշնչում, որ գիտաշխատողներն ի վերջո կունենան մրցունակ աշխատավարձ, և երիտասարդներն ավելի հաճույքով կզբաղվեն գիտությամբ։ Սակայն անհրաժեշտ է ավելացնել նաև բազային ֆինանսավորումը այլ ծախսերի համար, որպեսզի արդյունավետությունն աճի:
«Գիտնականի աշխատավարձը պետք է դառնա մրցունակ. գիտությունը Հայաստանում պահպանելու այլ տարբերակ չկա։ Ճիշտ է, զարգացած երկրներում էլ գիտնականի վարձատրությունը զիջում է բիզնեսի կամ ՏՏ ոլորտի աշխատավարձերին, սակայն նրանք արժանապատիվ աշխատավարձ են ստանում և ունեն աշխատանքի համար տեխնիկական անսահմանափակ հնարավորություններ», - նշում է գիտնականը։
Խոսելով կառավարություն-գիտություն համագործակցության մասին՝ Մելիքսեթյանն ասում է, որ ցանկալի է՝ այն ավելի բարձր մակարդակի լինի. անկախացումից ի վեր մեծամասամբ գիտնականներն են առաջարկություններ ներկայացնում, օրակարգ առաջ քաշում, բայց նրանց միշտ չէ, որ լսող կա։ «Տպավորություն է, որ անցած տասնամյակների ընթացքում կառավարությունը միշտ չէ, որ պատկերացրել է, թե ինչ է իրեն պետք։ Օրինակ, մեր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, գիտնականները բազմիցս են ասել, թե ինչ է պետք անել և ինչ պետք չէ անել, բայց էական քայլեր չեն արվել», - ասում է նա
Մելիքսեթյանը նշում է նաև, որ կառավարություն-գիտություն առավել արդյունավետ համագործակցությանը խոչընդոտում են կադրային հաճախակի փոփոխությունները.
«Վերջին տարիներին նախարարները, փոխնախարարները հաճախ են փոխվում։ Որպես տնօրեն անընդհատ աշխատում եմ նախարարությունների հետ, կապեր եմ ստեղծում, պայմանավորվածություններ ձեռք բերում, հետո կադրային փոփոխությունների հետևանքով շատ բաներ չեն իրագործվում, նույն հարցով ստիպված ես նորից հանդիպել, ներկայացնել, ժամանակ է կորում։ Սա չի նպաստում կառավարություն-գիտություն կապի ամրապնդմանը։ Շատ ցանկալի կլիներ նաև, որ նախարարությունները կոնկրետ, իրենց հետաքրքրող խնդիրներ դնեն գիտնականների առջև, նաև ֆինանսավորում տրամադրեն այդ խնդիրների լուծման համար»։
Մելիքսեթյանը ընդգծում է՝ գիտնականների փորձագիտական պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում։ Ցանկալի կլիներ, որ նախարարություններին կից փորձագիտական խորհուրդներ ստեղծվեին, որոնցում անդամակցությունը ոչ թե կլիներ բաց, ըստ ցանկության, այլ ակադեմիական ինստիտուտների տնօրենների երաշխավորությամբ ոլորտի առաջատար մասնագետները կընդգրկվեին այդ խմբերում և իրենց գիտելիքները կծառայեցնեին ոլորտի խնդիրների լուծմանը։
«Պետք է ուղղակի կազմակերպչական ճիշտ համակարգ ձևավորվի, որը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները, - ասում է գիտնականը՝ հավելելով, որ դրանից է կախված, թե ինչպիսի երկիր ենք ունենալու։ - Երկրներ կան, որոնք տասնամյակներով մնում են զարգացող երկրներ, և կան երկրներ, որոնք բավականին արագ դառնում են զարգացած։ Այդ հարցում մեծ դերակատարություն ունի կրթության և գիտության զարգացումը: Այսպես, այն երկրները, որոնք պատշաճ ուշադրություն չեն հատկացնում կրթությանը և գիտությանը, չեն կարողանում տնտեսության զարգացման մի փուլից մյուսին անցնել»։
Հ․Գ․
Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հանրային քննարկման դրվեց ՀՀ-ում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշներն ամրագրող փաստաթուղթը։ Պարոն Մելիքսեթյանից խնդրեցինք լրացուցիչ մեկնաբանել Կառավարության առաջարկած փոփոխություններն իրենց ոլորտի տեսանկյունից։
Ինչպե՞ս եք գնահատում «ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որը վերջերս դրվեց հանրային քննարկման։
Ինչպես առիթ եղավ ասել հարցազրույցի սկզբում, եթե ուզում ենք գիտությունը Հայաստանում պահպանել, այն միանշանակ պետք է լինի միջազգային մակարդակի, և պետք է միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակումներ ունենանք. այս դրույթը ենթակա չէ քննարկման։ Սակայն որոշման նախագծում կան չափազանց խիստ, գիտության որոշ ոլորտներում անիրագործելի դրույթներ. մասնավորապես, պետք է հաշվի առնել, որ Երկրի մասին գիտությունների բնագավառում հոդվածի պատրաստումն ունի մի քանի կարևոր փուլեր (դաշտային աշխատանքներ, նյութի մշակում, անալիզներ և վերլուծություններ, տվյալների ամփոփում և հոդվածի պատրաստում)։ Հետևաբար, 1-ին կամ 2-րդ քառորդի ամսագրերում հոդվածի պատրաստումը և հրատարակումը կարող է տևել մինչև 3 տարի, երբեմն միայն գրախոսումը կարող է տևել 1 տարի և ավելի։ ՀՀ ԲՈԿ-ի ցանկի ամսագրերում որակյալ հոդվածի պատրաստումը, գրոխոսումը և հրատարակումը տևում է 1-2 տարի, երբեմն ավելի, իսկ որոշման նախագծի մեջ առաջարկվող հոդվածների քանակը ընդհանուր առմամբ իրատեսական չէ և պետք է նվազեցվի։ Նաև, ԵԳԻ փորձից ելնելով՝ կան անալիզների տեսակներ, որոնք իրականացվում են միայն արտերկրում և տևում են 1-2 տարի (40Ar/39Ar, U-Pb, Re-Os թվագրում և այլ իզոտոպային անալիզներ ջրերում, ապարներում, հանքաքարերում)։
Մեր կարծիքով միայն հոդվածների քանակի վրա շեշտադրում դնելը այնքան էլ արդյունավետ չէ, և անհրաժեշտ է հաշվի առնել Հիրշի ինդեքսը (h-index), ինչպես Scopus համակարգում, այնպես էլ հայկական ԲՈԿ-ի ցանկի ամսագրերի ցանկի համար ստեղծել հաշվարկման նույնական համակարգ։ Միայն հոդվածների քանակի վրա շեշտադրում դնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ հետազոտությունների և հրատարակումների որակի վրա՝ ստեղծելով «սպորտային» մթնոլորտ: Բացի դա, Երկրի մասին գիտություններում կան արդյունավետ գիտաշխատողներ, որոնք զբաղվում են կիրառական հետազոտություններով, որոնց արդյունքները այդքան էլ պահանջված չեն բարձր ազդեցության գործակցով ամսագրերում։ Մենք մի կողմից խոսում ենք այն մասին, որ ակադեմիական գիտությունը՝ բացի առաջնահերթ ֆունդամենտալ ուղղվածությունից պետք է նաև կիրառական արդյունք տա, սակայն մյուս կողմից, գիտաշխատողներից պահանջելով մեծ թվով հոդվածներ միայն բարձր ազդեցության վարկանիշ ունեցող ամսագրերում, կարծես նվազեցնում ենք կիրառական աշխատանքների դերը։ Բերեմ օրինակ մեր ոլորտից. Հայաստանում շատ կարևոր խնդիր է ջրամբարների պատվարների ներկա վիճակի գնահատումը, քանի որ ջրամբարները կառուցվել են վաղուց, իսկ մենք ապրում են սեյսմիկ ակտիվ գոտում։ Մեր ինստիտուտը ունի գեոֆիզիկական անհրաժեշտ սարքավորումներ և մասնագիտական ներուժ այդ խնդիրը լուծելու համար, և կան նման աշխատանքների իրականացման օրինակներ։ Սակայն եթե գիտաշխատողների թիմը զբաղվի այդ ժամանակատար հետազոտություններով այն պարագայում, երբ Հայաստանում 80-ից ավելի ջրամբար կա, դժվար թե, օրինակ, 5 տարում գիտնականները հրատարակեն 10 հոդված ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում։