Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը կարևոր, բայց ոչ բավարար պայման է գիտությունը խրախուսելու համար, կարծում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող, ե․գ․թ․ Արայիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ համակարգային քայլեր ձեռնարկվեն՝ ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երիտասարդներին գիտություն բերելու և պահելու հարցը։ Ասում է՝ այս փուլում աշխատավարձերի բարձրացումը երիտասարդ գիտաշխատողների վարձատրության վրա էապես չի ազդել, գումարն այնպիսին չէ, որ երիտասարդը կարողանա դրանով իր ընտանիքի կարիքները հոգալ։
«Մի անգամ մի երիտասարդ ասաց՝ որ գիտությունը գիտնականին արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն պետք է տա: Սակայն, ցավոք սրտի, այսօր մեր երկրում դա դեռ հնարավոր չէ»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ անգամ նվիրումի շնորհիվ գիտությունում մնալու դեպքում 5 կամ 10 տարի հետո ևս երիտասարդները մեծ աշխաավարձի հույս չեն կարող ունենալ․ կարիերայի շարունակականության հնարավորությունները սուղ են։
«Երիտասարդը գիտություն կգա և արհեստավարժ մասնագետ կդառնա, եթե գործի տնտեսական շղթան և նա իմանա, որ աճի ու կարիերայի հնարավորություն ունի։ Իսկ ներկայում շատ երիտասարդներ հարց են բարձրացնում՝ պաշտպանեցինք, իսկ հետո՞։ Շատ հրաշալի երիտասարդներ ունենք, որ ի վերջո իրենց տեղն արտերկրում են գտել»,- ասում է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն գումար և ռեսուրս է ծախսում մասնագետներ կրթելու և պատրաստելու վրա, բայց նրանց պոտենցիալը չի օգտագործում և չի ապահովում պայմաններ, որպեսզի նրանք իրենց գիտելիքները ծառայեցնեն հենց ՀՀ-ին։ Ասում է՝ ինչպես հանքարդյունաբերության ոլորտում աշխարհին հումք ենք մատակարարում, այդպես էլ մտավոր ոլորտում ուղեղների մատակարար ենք դարձել։
«Եթե ընդհանուր տնտեսական դաշտը բարենպաստ լինի, երիտասարդ մասնագետը կարիերայի հնարավորություն ունենա, դուրս չեն գնա»,- ասում է նա։
Շարունակելով գիտության խրախուսման համար անհրաժեշտ պայմանների թվարկումը՝ նա նշում է նաև լաբորատոր հագեցվածությունը, ինչպես նաև գիտական միջոցառումներին մասնակցության հնարավորությունը։ «Գիտական միջավայրի համար կարևոր է, որ մասնագետները տարբեր միջազգային համաժողովներին մասնակցելու հնարավորություն ունենան։ Առանց շփումների դժվար է աճել։ Նման համաժողովներին այնպիսի հետաքրքիր մտքեր և համագործակցություններ են ստեղծվում, որոնք արդյունք են տալիս։ Մասնակցությունը միջազգային համաժողովներին շատ կարևոր է, մինչդեռ այս հարցում մեր հույսը հիմնականում հրավիրող կողմի ֆինանսավորումն է»,- ասում է Գրիգորյանը։
Նա վստահ է՝ ունենք բավարար մտավոր պոտենցիալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին լուծում գտնելու համար։ Բայց դրա համար նախ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գիտության զարգացման ուղղությամբ։ Իսկ դրա համար կարևոր պայման է, որ տնտեսական պոտենցիալ ունենանք։
«Գիտության դերն է նոր ձեռքբերումներով և հայտնագործություններով օժանդակել տվյալ երկրի տնտեսական զարգացմանը։ Դա է հիմնական խնդիրը։ Բայց դրա համար գիտական արդյունքը պետք է ներդրվի տնտեսություն և կիրառական ոլորտ։ Պետք է գիտություն-տնտեսություն կապ ձևավորվի, տնտեսությունը զարգանա, դա իր հերթին կբերի մասնագետների պահանջարկի, որն էլ կխթանի բոլոր ոլորտների զարգացումը»,- ասում է նա։
Գրիգորյանը նաև կարևորում է, որ գիտության զարգացմանն ուղղված քայլերը ճիշտ կառավարվեն․ նախորդ 30 տարիներին հենց կառավարման ոլորտում է, որ մեծ խնդիր ենք ունեցել։ «ԽՍՀՄ տարիներին գիտեին, թե կոնկրետ ինչ տնտեսական համակարգ պետք է ունենա երկիրը և ըստ այդմ էլ զարկ էին տալիս գիտությանը։ Մեր խնդիրն այդտեղ է»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր երկրում չի տեսնում պետության զարգացման ռազմավարության և գիտության փոխկապակցվածությունը։
«Մեր ինստիտուտի օրինակով ասեմ՝ մենք իներցիայով շարունակում ենք կատարել այնպիսի աշխատանք, որն իրականում տնտեսության համար շատ կարևոր է։ Ընդ որում մեր աշխատանքները միջազգային չափանիշներով գիտական նշանակություն ունեն»,- ասում է նա։