Հանրային խորհրդի անդամ դառնալուց հետո, սկսած 2019թ ապրիլից, թե՛ խորհրդի նախկին, թե՛ ներկա նախագահի օրոք, նիստերի ժամանակ մտահոգություն եմ հայտնել երկրում ստեղծված քաղաքական անհանդուրժողականության վերաբերյալ և առաջարկել եմ օրակարգային դարձնել այդ անհանդուրժողականությունը մեղմելու ուղիներ գտնելու հարցը՝ հիմք ընդունելով ՀԽ մասին ՀՀ օրենքը, համաձայն որի՝ ՀԽ գործառույթներից են՝ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:
Ցավոք, այդպես էլ կարևոր այդ հարցն օրակարգային չդարձավ, իսկ քաղաքական անհանդուրժողականությունը գնալով ահագնանում է:
Ամիսներ առաջ հրապարակայնորեն իմ անհամաձայնությունը հայտնեցի ՀԽ ներկայիս նախագահի քաղաքական կողմնակալ պահվածքի վերաբերյալ և հորդորեցի հետևել օրենքի պահանջին և լինել քաղաքականապես չեզոք:
Օրերս ՀԽ նախագահը կրկին անգամ խախտել է քաղաքական չեզոքության պահանջը և Վեհափառի մասին հրապարակայնացրել տեսակետ, որը ոչ միայն չի նպաստում երկրում փոխադարձ վստահության, երկխոսության հարաբերությունների ձևավորմանը, այլև խթանում է առկա անհանդուրժողականության խորացումը:
ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի, գտնում եմ, որ այդ փաստը պիտի մտահոգի ՀԽ անդամներին ու, հատկապես, այդ պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին՝ ՀՀ կառավարությանը:
Արծրուն Պեպանյան, Հանրային խորհրդի անդամ