ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնը դեռևս պատրաստվում է Չինաստանից կորոնավիրուսի վարակի բռնկման մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալ, և այդ կապակցությամբ կոչ է արել Պեկինին համագործակցել: Այդ մասին Պոմպեոն հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Չինացիներն ասում են, որ ցանկանում են համագործակցել: Մենք նույնպես դա ենք ուզում: Սակայն համագործակցելու համար հարկավոր է տեղեկատվություն, տվյալներ ունենալ», - ընդգծել է պետքարտուղարը:
Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգներին դեռևս պետք է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է սկսվել կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ առաջիկայում պետք է համաճարակի մեղավորին գտնել, և ընդգծել, որ Պեկինը ժամանակին վիրուսի մասին տվյալներ չի տրամադրել:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: