f

Անկախ

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ. ահաբեկումը` զենք թուրքերի դեմ


Ահա թե ինչու պետք է սեղմվենք մեր պատյանի մեջ` մեզ անմիջական մահ սպառնացող տարածության` Անկարայի ու Բաքվի ճամփի վրա, ու պիտի ջանք չխնայենք խոչընդոտելու համաթուրանականության ծագումին, նրա տեսաբանությանն ու գործերին, մինչև անգամ պարսկական Ատրպատականի մասին, որ թրքալեզու բնակչության ու դավերի որջերից մեկն է ու սահմանակից դժբախտ Արարատին...

 Շահան Նաթալի` բազմակողմանի զարգացած անհատականություն, գրող, հրապարակախոս, իմաստասեր, հասարակական-քաղաքական գործիչ: Ի վերջո, hայի խիղճը և վրիժառու բազուկը:

Ծննդյան անունը Հակոբ Տեր-Հակոբյան էր: Ծնվել է 1884 թ. Խարբերդի (հին հայոց Ծոփաց աշխարհ) Ուսենիկ (Հուսեյնիկ) գյուղում: Հաճախել է Խարբերդի հայտնի «Եփրատ» քոլեջը: Դեռ պատանի` ապագա վրիժառուն ապրում է հայկական կոտորածների սարսափը: 1895 թ. սուլթան Աբդուլ-Համիդ Բ կազմակերպած ջարդերին, ի թիվս 300 հազար այլ հայերի, զոհ են գնում Շահանի հայրը, քեռին, շատ ազգականներ: Նրան փրկում են հարևան հույները, որոնք թուրքերից փախցնում են փոքրիկին և ապաստան տալիս: Միայն երեք օր անց նա կարողանում է գտնել հոր դիակն ու նրա վրա ողբացող մորը…

Շուտով ծնողազուրկ որբը հայտնվում է Կոստանդնուպոլսի սուրբ Հովհաննես որբանոցում: Նա սովորում է Պոլսի հայտնի Բերբերյան քոլեջում: Այստեղ նրան դասավանդում էր ժամանակի հայտնի մանկավարժներից մեկը` Շահան Բերբերյանը: Իր ուսուցչի պատվին էլ ապագա գրողը որպես կեղծանուն վերցրեց

Շահան անունը: Նա այդ տարիներին սիրահարված էր սերբերի թագուհի Նաթալիին և իր սիրո ու չկայացած երազանքի պատվին որպես գրական կեղծանուն օգտագործեց Նաթալին: Սակայն  նա Պոլսում երկար չի մնում. շատ չանցած` նրան որդեգրում են ամերիկաբնակ հարուստ հայեր, և Շահան Նաթալին հայտնվում է Նյու Յորքում:

Դառնալով չափահաս` Նաթալին վերադառնում է հայրենիք և դասավանդում Խարբերդի դպրոցներից մեկում: Պատանեկան տարիներից նա վրեժի էր ձգտում և միջոց որոնում` իրականացնելու հոգու փափագը: Այդ միջոցը հանդիսացավ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ ազատագրական դրոշ էր բարձրացրել Հայաստանում: 1904 թ. Նաթալին անդամագրվում է կուսակցությանը: Հաջորդ տարի նա կրկին մեկնում է ԱՄՆ, սակայն, շատ չանցած` 1908 թ.` Երիտթուրքերի հռչակած սահմանադրությունից հետո` վերադառնում է հայրենիք: Այս անգամ էլ Նաթալին երկար չի մնում. 1909 թ. Ադանայի ջարդերից հետո դարձյալ տեղափոխվում է ԱՄՆ և ուսման անցնում Բոստոնի համալսարանում` ուսումնասիրելով գրականություն և իմաստասիրություն:

1919 թ. սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարությունն ու Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշում են պատժել հայոց ցեղասպանության հեղինակներին ու իրականացնողներին, այդ սրբազան գործը, որպես «Հատուկ հանձնաժողովի» անդամ, հանձն է առնում հենց Շահան Նաթալին: Նրա օգնականն էր Գրիգոր Մերջանովը: Երկուսով պետք է կարճ ժամանակում նախագծեին ու իրականացնեին երիտթուրք դահիճների ոչնչացումը: Հատուցման և վրեժի այս գործողությունը հենց Շահան Նաթալիի առաջարկով կոչվեց «Նեմեսիս»` հունական դիցաբանության վրեժի աստվածուհու անունով:

Առհասարակ ժողովի որոշումներն իրականացնելու համար ստեղծված «Նեմեսիս» գաղտնի խմբավորման պատասխանատու նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն: «Նեմեսիսն» իրականացնող հատուկ ֆոնդի ղեկավարն էր Շահան Մարչակլյանը, իսկ գործողության անմիջական պատասխանատուն` Շահան Նաթալին: Նա ստեղծեց հատուկ հետախուզական խումբ իրավաբան Հրաչ Փափազյանի ղեկավարությամբ, որը ոչ միայն հայտնաբերեց թաքնված հանցագործներին, այլև հմտորեն թափանցեց նրանց շրջապատ:

Նա մանրամասն  վերլուծեց իր քայլերը և Սողոմոն Թեհլերյանին պատրաստեց առաջին սպանությանը: Շատ չանցած` սպանվեց Թալեաթը: Նրան հետևեցին Արշավիր Շիրակյանի. Արամ Երկանյանի, Միսաք Թոռլաքյանի, մյուսների արձակած գնդակները, որոնք տապալեցին երիտթուրքերի ու մուսավաթական Ադրբեջանի  պարագլուխներին: Ավելորդ չէ նշել, որ «Նեմեսիսի» բազուկն իջավ նաև մի քանի հայ դավաճանների ու մատնիչների գլխին:

Շահան Նաթալիի իրականացրած գործողությունները ոչ միայն պատժիչ և բարոյական նշանակություն ունեին, այլև քարոզչական: Հենց նա Սողոմոն Թեհլերյանից պահանջեց Թալեաթին տապալելուց հետո չփախչել և հանձնվել Գերմանիայի իշխանություններին: Թեհլերյանի դատարավությունը վերածվեց երիտթուրքերի դատավարության: Փաստորեն, դա առաջին քայլն էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

Սակայն 1924 թ. «Նեմեսիս» ծրագիրը ՀՅԴ բյուրոյի որոշմամբ դադարեց: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին «Պրոմեթևս» գաղտնի ծրագիրը, որով պայմանավորվում էին համագործակցել միմյանց հետ բոլշևիզմի դեմ պայքարում: Եվ մուսավաթականների պնդմամբ` ՀՅԴ բյուրոն հրաժարվեց «Նեմեսիսից»: Նաթալին պնդեց շարունակել ծրագիրը, բայց ապարդյուն: ՀՅԴ բյուրոն չփոխեց որոշումը:

1924 թ. Շահան Նաթալին ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվեց կուսակցության բյուրոյի նախագահ: Սակայն Նաթալիի և կուսակցության բյուրոյի մյուս անդամների միջև բախումը հասունանում էր: Բյուրոյի անդամները քննարկում էին «Պրոմեթևս» ծրագրին միանալու հարցը, որ ենթադրում էր Թուրքիայի հետ դրացիական հարաբերությունների հաստատում: Շահան Նաթալին, որ ներկայացնում էր դաշնակցության արմատական հայրենասիրական թևը, կտրուկ դեմ էր այդ ծրագրին: Նա կարծում էր, որ Թուրքիան հայության հավերժ թշնամին է, և որևէ փոխզիջում ու համագործակցություն Թուրքիայի հետ չի կարող լինել: Սակայն բյուրոն քվեարկեց ծրագրին միանալու օգտին:

1927 թ. Շահան Նաթալին այդ տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՅԴ Բյուրոյից: Վրիժառուն առաջարկում էր չդադարեցնել ու շարունակել պայքարը թուրքերի դեմ և որպես զենք օգտագործել ահաբեկումը: ՀՅԴ-ն դեմ էր այդ մարտավարությանը: Առհասարակ Շահան Նաթալիի ՀՅԴ-ից հեռացումից հետո կուսակցության մեջ խոր ճգնաժամ սկսվեց: Տասնյակ անձինք, որոնք համաձայն չէին ՀՅԴ-ի որդեգրած քաղաքականությանը, հեռացան կուսակցությունից:

1934 թ. նա հիմնում է «Արևմտահայ ազատագրության ուխտ» կազմակերպությունն ու «Ազատամարտ», «Ամրոց» շաբաթաթերթը, որ լույս էր տեսնում նախ Փարիզում, ապա` Աթենքում:

1939 թ. Նաթալին կրկին վերադառնում է ամերիկյան մայրցամաք: Նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում: Լծվել էր Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքներին:

1961 թ. Շահան Նաթալին կյանքում առաջին և վերջին անգամ այցելեց Խորհրդային Հայաստան: Դրանից հետո նա մեկուսացավ հասարակական կյանքից ու ամբողջովին նվիրվեց գրական աշխատանքին: Վեպեր, պատմվածքներ ու թատերգություններ էր գրում Նաթալի, Շահան, Նեմեսիս, Ճոն Ահի (մահվան ոգի) կեղծանուններով:

Նա առաջիններից էր հայության մեջ և ողջ աշխարհում, որ բացեիբաց ողջունեց ԱՍԱԼԱ-ի ստեղծումն ու գործունեությունը: Նաև ողջունեց Գուրգեն Յանիկյանին` հանձին նրա տեսնելով իր գործը շարունակողին:

Շահան Նաթալին վախճանվեց 1983 թ. ապրիլի18-ին` 99 տարեկան հասակում: Ապրելով համարյա մեկ դար` նա անցավ ցավի, կորստի ու պայքարի միջով:

«Թուրքիզմ ենք կոչում այն ահավոր վտանգը, որ «Մահ հայությանը և Հայաստանին» լոզունգը սպանդի գայլանիշ դրոշի վրա գրած, ամեն կողմից կոխկրտելով մեր մարմինը` ամեն օր սպառնում է վերացնել Երևանի շուրջ կծկված հայության դեռ ողջ մնացած բեկորը: Մենք այդ վտանգը տեսնում ենք. այնքան մոտ է այն, որ ժամերի տարբերություն է միայն նրանց` մեր կողքին հայտնվելը:

Մեզ համար կարմիր Ստալինի ու կարմիր Քեմալի բարեկամական լարախաղացություններն էլ բավարար երաշխիքներ չեն` հայ ժողովրդի մնացորդն այդ վտանգից ապահովագրելու տեսակետից: Վերջապես, Բրեստ-Լիտովսկից մինչ այսօր  վճռական ու արմատական հարվածն ուշացնելու մեջ կարմիր Մոսկվան ևս ունի իր մեծ դերակատարությունը:

Մեկ բան գիտենք, որ չի փոխվել մեկ բառ անգամ Ռուսաստանի` «Հայաստանն առանց հայի» նշանախոսից և ամեն օր, ավելի քան երբեք, մեր աչքերի առջև խորանում ու քարանում է «պետք է ոչնչացնել Հայաստանն ու հայությունը, որ կանգնած են Անկարայի ու Բաքվի միջև» թրքական նշանախոսը: Ահա թե ինչու պետք է սեղմվենք մեր պատյանի մեջ` մեզ անմիջական մահ սպառնացող տարածության` Անկարայի ու Բաքվի ճամփի վրա, ու պիտի ջանք չխնայենք խոչընդոտելու համաթուրանականության ծագումին, նրա տեսաբանությանն ու գործերին, մինչև անգամ պարսկական Ատրպատականի մասին, որ թրքալեզու բնակչության ու դավերի որջերից մեկն է ու սահմանակից դժբախտ Արարատին…»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ Հայոց Ցեղասպանություն արևմտյան Հայաստան Խմբագրի ընտրանի Թուրքիա

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին