Time ամսագրի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը աշխարհի բոլոր երկրներին խնդրել է 10-15%-ով կրճատել իրենց ռազմական բյուջեները և վերաբաշխել այդ միջոցները՝ մարդկային անվտանգությունն ապահովելու համար: Գրում է Gazeta.ru-ն։
Նա կարծում է, որ աշխարհի երկրները պետք է կենտրոնանան անխտիր բոլոր մարդկանց սննդով, ջրով, առողջ միջավայրով և մատչելի բժշկությունով ապահովելու վրա։
Ըստ քաղաքական գործչի, նրանց բոլոր փորձերը ապարդյուն կլինեն, «եթե կառավարությունները շարունակեն հսկայական գումարներ ծախսել սպառազինությունների մրցավազքի վրա»:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը նշել է, որ մարդուն փրկելու համար անհրաժեշտ է «մշակել ռազմավարություն, պատրաստել, պլանավորել, ստեղծել պահուստներ»:
Գորբաչովի խոսքերով ՝ դրա պատասխանատվությունը պետք է ստանձնեն բոլոր պետությունների իշխանությունները:
Նա նաև կոչ է արել «իրավիճակի կայունանալուց անմիջապես հետո» ՄԱԿ-ի արտահերթ նիստ գումարել։ Նիստի ընթացքում, ինչպես կարծում է քաղաքական գործիչը, անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել համաշխարհային օրակարգը: Գորբաչովի կարծիքով՝ ռազմական բյուջեների կրճատումը նվազագույնն է, ինչ պետք է «այսօր» արվի։
Նա հավելել է, որ համաճարակը սպառնալիք է բոլորի համար, ուստի ոչ ոք միայնակ չի կարող հաղթահարել այն: