f

Անկախ

Ճգնաժամ՝ արժանավորներին ընտրելու ժամանակը. հայ-ամերիկյան զուգահեռներ


Ասում են՝ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհն ուրիշ կլինի, կյանքը կփոխվի, մարդիկ կփոխվեն: Գուցե,  ժամանակը ցույց կտա՝ ինչը և ինչպես: Բայց մի բան այսօր արդեն երևում է. փոխվում է վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես են նրանք կարողանում դիմակայել համավարակին: Ինքնամեկուսացման այս օրերին երկար մտածելու ժամանակ է տրված, և բոլորը փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է, որ ավելի բարվոք վիճակում գտնվեին, եթե իրենց կառավարությունը ժամանակին ու ավելի ճիշտ որոշումներ կայացներ: Կորոնավիրուսը կարծես իշխանությունների ունակության յուրօրինակ թեստ է դարձել, ընդ որում՝ համեմատության զուգահեռներ անցկացնելով  ուրիշ երկրների հետ: Փաստորեն, այս վարակը, որ պատուհասել է ողջ մարդկությանը, կրկնակի հոգս է իշխանությունների համար, քանի որ հայտնի բան է՝ նրանց սպառնացող ամենամեծ վտանգը մտածող և ներհայեցողությանը տրված հանրությունն է: Ահավասիկ, ոմանց վարկն այս օրերին կտրուկ իջնում է, մյուսներինը՝ անսպասելի բարձրանում:  

Փորձենք ուրեմն զուգահեռներ գտնել մեր և Միացյալ Նահանգների հետ, որը համավարակից առավել տուժած երկրներից է:

Նմանությունները

«Ասուլիսից առաջ իմ ջերմությունը չափեցին վրանում, որ խփել են Սպիտակ տան առաջ: Սրահ մտնելիս ևս մեկ անգամ չափեցին: Լավ է, որ ճնշում չէին չափում: Վստահ եմ, որ թե՛ ունկնդիրների, թե՛ մասնակիցների արյան ճնշումը մամո ասուլիսի ժամանակ զգալիորեն բարձրացել էր»,- գրում է BBC-ի մեկնաբան Ջոն Սոփելը անցած երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված ասուլիսի մասին, երբ համաճարակի հետևանքով մահացել էր 23 հազար ամերիկացի, ավելի քան կես միլիոնը վարակված էր, մինչդեռ մարտ ամսին Դոնալդ Թրամփն ասում էր, թե վարակման դեպքերն այնքան էլ շատ չեն և շուտով ընդհանրապես չեն լինի:  

Լրագրողի խոսքով՝ դա իր տեսած ամենաապշեցուցիչ և արտառոց մամլո ասուլիսն էր, քանի որ այդ օրը նրա հիմնական ասելիքն ուղղված էր ԶԼՄ-ներին, ավելի շուտ՝ նրանց «ոչնչացնելուն». «Նա խոսում էր ո՛չ մահացածների, ո՛չ էլ ծանր հիվանդների մասին: Նա խոսում էր իր մասին՝ ընդգծելով, որ շատ վշտացած է այն հանգամանքից, թե ինչպես են ԶԼՄ-ները լուսաբնում իր պայքարը Covid-19-ի դեմ»:  Իսկ երբ  CBS-ի լրագրող Փոլի Ռիդն առարկել է, թե թեստերի քանակը նվազագույն էր, կորսվել է թանկագին ժամանակ, նախագահը բռնկվել է ցասումով, կոպտել է կնոջը և անվանել նրան «ֆեյք», իսկ նրա հեռուստակայանը՝ «խայտառակություն»:

Այսուհանդերձ, թեպետ նախագահն ատում է լրագրողներին, ժամուկես պատասխանել է նրանց հարցերին, միայն Սոփելը կարողացել է հինգ հարց տալ, ինչը նրա մասնագիտական կյանքում եզակի երևույթ է: Նրա տպավորությամբ՝ Թրամփը սիրում է հաղորդակցվել, և զգացվում է, որ «նա ուզում է՝ սիրեն իրեն, ու չի հասկանում, թե ինչու դա տեղի չի ունենում»:

Նա նկատում է նաև, որ կորոնավիրուսը նման չէ այն թշնամիներին, որոնց հանդիպել է Թրամփը նախկինում: Կորոնավիրուսը դեմք չունի: Մինչդեռ Թրամփին ավելի ձեռնտու է, որ թշնամին անուն ու դեմք ունենա («փչան Թեդ», «քնկոտ Ջո», «սուտասան Հիլարի», «պստիկ Մարկո» ևն ): Իմաստ չունի վիրավորել վիրուսին, որի համար լրիվ մեկ է, թե ինչպես կանվանեն իրեն: Լրագրողը տպավորություն է ստացել, որ գործող նախագահը ցանկանում է Ամերիկան կառավարել այնպես, ինչպես ժամանակին կառավարել է իր ընտանեկան բիզնեսը,  որտեղ ամեն ինչ ինքն է որոշել և յուրաքանչյուր ոք հաշվետու է եղել իրեն:  

Երկու օր անց այնուամենայնիվ Թրամփը գտավ թշնամուն ու հայտարարեց, որ  Վաշինգտոնը դադարեցնում է վճարումները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), քանի որ նրա  գործողությունները նպաստել են Չինաստանի «ապատեղեկատվությանը» COVID-19 կորոնավիրուսի վերաբերյալ, ինչը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ բռնկման է հանգեցրել, քան կարող էր լինել: Միացյալ Նահանգները, ըստ նրա, պետք է պնդի, որ ԱՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը:

Ինչպես տեսնում ենք, մեր և Միացյալ Նահանգների առաջնորդները բավական նմանություններ ունեն, և դրանք փաստորեն կարող են լինել անկախ այն հանգամանքից, թե ինչ մեծություն ու հզորություն ունեն այդ երկրները: Գործ ունենք անձնային հատկությունների և կառավարման ոճի հետ:

Երկուսն էլ քմահաճ են, ինքնասածի, ինքնամեծարման հասնող ինքնավստահ, աչքի են ընկնում շատ ոլորտների վերաբերյալ աղքատիկ իմացությամբ,  անհարկի շատախոսությամբ, անթաքույց հակակրանք են տածում իրենց քննադատող ԶԼՄ-ների նկատմամբ, երկուսն էլ  նշանավորվեցին կորոնավիրուսի հարցում դրսևորած թեթևամտությամբ և ուշացած որոշումներով, երկուսն էլ կառավարություն են տարել իրենց նախկին գործելաոճը և այլն: Շատ զվարճալի է մանավանդ նրանց նմանությունը գրամոլության առումով սոցիալական ցանցերում: Թրամփը ռեկորդ սահմանեց, օրինակ, այս տարվա հունվարի 22-ին՝ մի օրում 142 գրառում անելով իր թվիթերում: Հիշենք Փաշինյանի գրառումներն ու լայվերը:

Բայց ամենից հետաքրքիրը նրանց վերաբերմունքն է դատական իշխանությանը: Երկուսն էլ հայտնի են դատարանների նկատմամբ իրենց հարձակողական գործելակերպով:  

Թրամփն առճակատվում էր դատարանների հետ, որոնք պարբերաբար արգելք էին դնում իր ձեռնարկումների վրա, օրինակ՝ կապված միգրանտների նկատմամբ նրա վարած կոշտ քաղաքականության հետ: Ներգաղթի հարցն առնչվում է մարդու իրավունքներին, և դա ամերիկյան դատական համակարգի իրավազորությունների մեջ է, ինչն էլ որոշակի դժվարություններ է առաջացնում Թրամփի համար: Նա փորձում է իրավիճակի վրա ազդել բարձրագույն  դատական ատյանի՝ գերագույն դատարանի միջոցով, բայց այնտեղ էլ քիչ չեն նրա հակառակորդները: Հայտնի է, օրինակ, գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի և Թրամփի հակամարտությունը: Գերագույն դատարանի նախագահը հատուկ նշել  է, որ դատարանի անդամները չեն աշխատում երկրի այս կամ այն նախագահի համար, այլ նվիրված են իրենց գործին և անկախ են: Բացի այդ, նա բազմիցս է անհանգստություն հայտնել դատական համակարգի վրա Թրամփի գրոհների կապակցությամբ: Իսկ գերագույն դատարանի կարծիքը, ի դեպ, շատ մեծ նշանակություն ունի. այդ ատյանի դատավորները նշանակվում են ցմահ:  

Այն, որ նախագահը կարող է քննադատությամբ հանդես գալ որոշակի դատավորի դեմ, բնավ բնորոշ չէ այդ երկրին, իսկ որ դատավորն է պատասխանում Թրամփի մեղադրանքներին, առհասարակ աննախադեպ է այդ երկրի պատմության մեջ:  

Դատավորներն անկախ են Միացյալ Նահանգներում, սակայն նրանց քաղաքական հայացքները, այսպես թե այնպես, հաճախ անդրադառնում են այնպիսի հարցերի հետ կապված որոշումների վրա, ինչպիսիք են  զենքի հսկողությունը, միասեռ ամուսնությունները կամ աբորտի իրավունքը: Ուստի նախագահը դատական համակարգի վրա ազդելու մի միջոց ունի՝ դատավոր նշանակել իրեն մոտ հայացքներ ունեցող անձանց: Մի իրավունք, որից, ըստ էության, օգտվել են Միացյալ Նահանգների բոլոր նախագահները:

Ահա Դոնալդ Թրամփի նշանակած դատավորներն արդեն կազմում են բոլոր դատավորների մեկ երրորդը (անցած տարվա տվյալներով՝ վճռաբեկ դատարանների 179 դատավորներից 42-ին և  ԱՄՆ օկրուգային դատարանների 150 դատավորների Թրամփն է նշանակել): Այդ ցուցանիշով նա կարող է համեմատվել միայն իր նախորդներից Ջորջ Վաշինգտոնի հետ: Հիմնականում ազատական հայացքներով դատավորներին փոխարինել են պահպանողականները: Երկու տարվա ընթացքում նրան հաջողվեց փոխել ուժերի դասավորությունը նաև գերագույն դատարանում՝ նշանակելով երկու նոր դատավոր:

Ինչպես տեսնում ենք,  գործադիր և դատական իշխանությունների հարաբերությունների աղերսներ գտնելու առումով փաստերն ավելի քան առատ են: Սակայն կան նաև էական տարբերություններ:

Տարբերությունները

Միացյալ Նահանգների նախագահի հակասությունները դատարանների հետ կապված են սկզբունքային հարցերի և իր վարած քաղաքականության որոշակի ուղղությունների հետ, ինչպես տեսնում ենք: Հայաստանում այդ հակասությունները կապված են որոշակի անձանց հետ՝ նախկին երկու նախագահների մերձավոր շրջապատի և որոշ պաշտոնյաներին քրեական հետապնդման ենթարկելու ձգտման հետ: Եվ մի գերակա նպատակ կա՝ դատապարտել երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան հնարավորինս երկար փակի տակ պահել անկախ այն հանգամանքից՝ հնարավոր կլինի՞ նրան մեղավոր ճանաչել, թե ոչ, հնարավոր կլինի՞ դա օրենքով, թե ոչ: Դատավորները երկրի առաջնորդի համար ընդունելի են այնքանով, որքանով համաձայնում են կատարել նրա քմահաճույքը: Եթե ոչ, ապա հալածանք է սկսվում նաև անհնազանդ դատավորների նկատմամբ (հիշենք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի դեպքերը): Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի հակասությունները Սահմանադրական դատարանի հետ և նրա դատավորներին հեռացնելու անողոք պայքարը սկսվեցին հենց այս հողի վրա:  

Բացի այդ, վիճելի է՝ ԱՄՆ-ի նախագա՞հն է  ավելի շատ հոգս պատճառում դատարաններին, թե՞ հակառակը: Թրամփը չի կարողանում անգամ ինչ-որ կերպ ազդել դատարանի վրա, որպեսզի մեղմացնի իր զինակիցների նկատմամբ դատավաճիռները: Փորձում է, բայց չի ստացվում: Ավելին, երբեմն դժվար է ասել՝ դատարաննե՞րն են պաշտպանվում նախագահից, թե՞ հակառակը, մեր արդի քաղաքական լեզվով ասած՝ ով ում է պատին ծեփում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ իր նախագահության ժամանակաշրջանում 3-5 մլրդ դոլար է ծախսել փաստաբանների վրա, որոնք պաշտպանում են իրեն դատավարություններում, քանի որ նրանց հոնորարը շատ բարձր է: Ճիշտ է դա, թե ոչ, հնարավոր չէ պարզել, քանի որ նախագահը չի հրապարակում իր հարկային հայտարարագիրը, և անցյալում էլ հաճախ է չափազանցրել իր իրական կարողության չափերը:  

Ինչ վերաբերում է հարկային հայտարարագիրը չհրապարակելուն, անցած տարի նա տևական դատական քաշքշուկի մեջ էր այդ իրավունքը պնդելու համար: Նա ԱՄՆ-ի վերջին 50 տարվա պատմության մեջ առաջին նախագահն է, որ հրաժարվել է իր հայտարարագրերի հրապարակայնացումից: Մինչդեռ Կոնգրեսին դա պետք էր պարզելու համար՝ ազդեցություն ունի արդյոք որևէ օտարերկրյա պետություն Սպիտակ տան վրա: Երբ Վաշինգտոնի օկրուգային դատարանը որոշեց, որ Կոնգրեսի համապատասխան կոմիտեն նման պահանջի իրավունք ունի, Թրամփն այդ որոշումը խելագարություն որակեց:

Դաշնային վճռաբեկ դատարանը մերժեց Թրամփի փաստաբաններին և պարտավորեցրեց նրան բացել վերջին 8 տարվա հարկային հայտարարագրերը, և միայն գերագույն դատարանում նրա փաստաբաններին հաջողվեց անցկացնել տվյալ դատաքննությունը ժամանակավորապես դադարեցնելու միջնորդությունը: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ամերիկայում ամեն ինչ կախված է դատավորների տրամադրություններից, իսկ գերագույն դատարանում այժմ կեսից ավելին պահպանողական են և Թրամփի կողմնակիցները, և այդ իրողությունը  որակում են որպես խոր համակարգային ճգնաժամ:

Այնուամենայնիվ Թրամփը վերջնականապես պարտվեց մի այլ դատավարությունում: Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը դատի տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  նրա բարեգործական հիմնադրամի «մշտական անօրինական գործողությունների» համար և կարողացավ դատարանում հիմնավորել իր պնդումը՝ այդ հիմնադրամն անվանելով «բանկային չեկերի գրքույկ, որը սպասարկել է միստր Թրամփի ձեռնարկատիրական և քաղաքական շահերը»: Եվ թեպետ Թրամփն այդ դատավարությունը «ծիծաղելի» բանսարկություն էր համարում և հայտարարում էր, որ «զիջումների չի գնա այդ գործում», այնուամենայնիվ ստիպված եղավ 2 մլն դոլար վճարել 8 հասարակական կազմակերպությունների բարեգործական հիմնադրամի արտոնյալ հարկային կարգն օգտագործելու համար և համաձայնեց փակել Trump Foundation-ը: «Սա իրավունքի գերակայության կարևոր հաղթանակ էր, որը հստակ ցույց է տալիս, որ բոլորի համար նույն կանոններն են գործում»,- հայտարարեց Անդերվուդը:

Հնարավո՞ր է այսօրվա «թավշա» Հայաստանում նման բան, որ որևէ դատախազ հետաքրքրվի, թե ում շահերն է սպասարկում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, կամ հնարավո՞ր է Բարբարա Անդերվուդին կամ Թրամփի դատաքննությունները վարած այլ դատավորներին  դնել մեր Աննա Դանիբեկյանի կողքին և համեմատել նրանց, գոնե մի չնչին աղերս գոյություն ունի՞: Կամ հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ի ղեկավարը մատ թափ տա դատավորների վրա, սպառնա «պատերին ծեփել», իր մանկլավիկներին գործուղի, որ փակեն դատարանների մուտքերը, դատավորներին անվանի «վնգստացող», Սահմանադրական դատարանը՝ «բուդկա», և բարձրագույն դատական ատյանը քար լռություն պահպանի:

Օտարերկրյա փորձագետներից մեկն ասել է, որ Թրամփը «ճոճում է երկրի նավակը», ամերիկյան փորձագետներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները Թրամփի երկրորդ ժամկետին այլևս չի դիմանա: Կխորտակվի՞ արդյոք ամերիկյան նավակը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Քանի որ այնտեղ գոյություն ունի անկախ դատարան, համենայն դեպս մեծ թվով դատավորներ, որոնք պատասխանատու են ոչ թե երկրի ղեկավարին, այլ իրենց խղճին, օրենքին ու իրավունքին: Քանի որ գոյություն ունեն կայացած և ամուր պետական ինստիտուտներ, որոնք իրենց գործն են անում, վերաջապես՝ նահանգապետներ, որոնք ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում և պատասխանատու են միայն իրենց նահանգի բնակչությանը:

Եվ պատահական չէ, որ այս ճգնաժամային օրերին կտրուկ բարձրացել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի վարկանիշը, որը  Դոնալդ Թրամփի ճիշտ հակապատկերն է: Այս չափավոր և պրագմատիկ քաղաքական գործիչը, որ հայտնվել է կորոնավիրուսի համաճարակի գլխավոր էպիկենտրոնում, կարծես տարածաշրջանի առաջնորդ է դարձել, նրա համբավը հատել է նահանգի սահմանները: Եվ այդ հանգամանքը խիստ գրգռում է նախագահ Թրամփին: Դեռ տարվա սկզբին թվում էր, թե 62-ամյա գործչի կարիերան, որ 9 տարի զբաղեցրել է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնը, դանդաղ, բայց անշեղորեն հանգում է մայրամուտին: 2020 թ. փետրվարին նրա գործունեությանը հավանություն էր տալիս նահանգի բնակչության սոսկ 44 տոկոսը: Ընդամենը ամիսկուսես անց Կուոմոյին լիակատար աջակցություն է հայտնել նահանգի բնակչության 87 տոկոսը: Եվ պատճառը միայն և միայն կորոնավիրուսի համաճարակն է:

Նահանգապետ Կուոմոյի ամենօրյա հեռուստատեսային ճեպազրույցները, որոնք նկատելի հանգստացնող ազդեցություն են թողնում,  վերջին շրջանում դարձել են Ամերիկայի գլխավոր հեռուստատեսային իրադարձությունը:  

«Նախագահն անընդհատ հանդես է գալիս իր նախորդների հասցեին մեղադրանքներով՝ ԱՄՆ-ում համավարակի աղետալի հետևանքների պատասխանատվությունը դնելով նրանց վրա և կատաղի բանակռվի մեջ է մտնում լրագրողների հետ: Ի տարբերություն նրա՝ Կուոմոն ընդգծված հանգիստ է, հավասարակշռված և ամեն օր ասում է, որ անձամբ է պատասխան տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունենում նահանգում»,- ասում է քաղաքագետ, Սթոունի Բրուք համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Սանդերսը:

«Ես կարծում եմ, որ երկիրն ուշադիր և երախտագիտությամբ է հետևում նահանգապետ Կուոմոյի ճեպազրույցներին, որովհետև Սպիտակ տունն այդպես էլ չկարողացավ առաջնորդական որակներ դրսևորել»,- New York Times-ի հետ զրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փոխնախագահ Գրեյս Մենգը: Կուոմոյի ճեպազրույցները հրապարակայնորեն «առաջնորդության դաս» է որակել նախկին փոխնագահ և ներկայումս նախագահի թեկնածու Ջո Բայդենը:  

Ընդ որում, Կուոմոն չի խուսափում բանավեճի մեջ մտնելուց ոչ միայն դաշնային իշխանությունների, այլև մյուս նահանգների  իր գործընկերների հետ:

Մարտի վերջին Տեխասի նահանգապետի տեղակալ Դեն Պատրիկը հայտարարեց, որ  բազմաթիվ տարեց ամերիկացիներ կհամաձայնեն զոհաբերել իրենց կյանքը հանուն համաճարակի, որպեսզի փրկեն ամերիկյան տնտեսությունը և «իրենց թոռների կյանքը»:

Հաջորդ օրը Կուոմոն հայտարարեց, որ «անձնական վիրավորանք» է համարում այդ արտահայտությունը: «Ոչինչ չի կարող փոխարինել իմ մորը,- ասել է նա:- Մենք չենք կարող համաձայնել այն պնդմանը, թե կարելի է անտեսել մարդու կյանքը, և չենք պատրաստվում մարդու կյանքը գնահատել դոլարներով»:

Էնդրյու Կումոյի պաշտոնը համեմատելի է մեզանում Երևանի քաղաքապետի պաշտոնի հետ (հիշենք, որ երկար տարիներ Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող Երևանը ոչ թե համայնքի, այլ մարզի կարգավիճակ ուներ): Հնարավո՞ր է իրավաբան, ծանրաշիռ քաղաքական գործիչ Կուոմոյին համեմատել  նախկին դերասան Հայկ Մարությանի հետ: Այս ճգնաժամային օրերին որևէ երևանցի զգո՞ւմ է նրա գոյությունը կամ սպասո՞ւմ է նրա խոսքին:  

Թրամփի վերը նշված ասուլիսից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է. «Սահմանադրությունում գրված է, որ մենք թագավոր չունենք: Ասել, թե «ես լիակատար իշխանություն ունեմ երկրի վրա, որովհետև ես նախագահ եմ», միահեծանություն է: Դա թագավորի վարքագիծ է: Մենք Ջորջ Վաշինգտոն թագավոր չենք ունեցել, մենք ունեցել ենք նախագահ Ջորջ Վաշինգտոն»:

Իսկ ի՞նչ ունենք մենք, թագավո՞ր, թե՞ վարչապետ, եթե  երկրի բոլոր ինստիտուտները նրա կամակատարն են դարձել և հլու-հնազանդ ի կատար են ածում նրա քմահաճույքները: Չհնազանդվող մի կառույց է մնացել՝ Սահմանադրական դատարանը, որի ճակատագիրն էլ որոշվելու է առայժմ հետաձգված հանրաքվեով: Եվ կդիմանա՞  արդյոք մեր ճոճվող նավակն այս կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի փոթորիկներին: Չի դիմանա, քանի դեռ բոլորս անխտիր, յուրաքանչյուր ոք, հասարակ Պողոսից մինչև անվանի մտավորական, չենք հասկանա, որ մեղավորը վերնախավը չէ կամ նրա առաջնորդը, որ իրեն թագավոր է երևակայում, այլ մենք, որ ընտրել չգիտենք:

Անահիտ Հարությունյան  

 

 

Կարծիք նոր կորոնավիրուս Դոնալդ Թրամփ Նիկոլ Փաշինյան Էնդրյու Կուոմո

Այլ հոդվածներ հեղինակից

Կայացել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի՚ ճանապարհային քարտեզի քննարկումը
Շոյգու. Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Ուշացման, հապաղման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին. Արսեն Ջուլֆալակյան
Վազգեն Մանուկյանին վարկաբեկողներն ու մերժողները ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործմանը...
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է. Աշոտյան
Ռուս փորձագետը պարզաբանել է, թե Հայաստանն առաջին հերթին ինչպիսի սպառազինություն պետք է գնի
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Վազգեն Մանուկյանի անունը Գետաշենի անկման հետ կապված շահարկումներից զերծ պահելու համար, ներկայացնում եմ Գետաշենի անկման իրական պատճառը
Փաշինյանի համար դեղեր տարած երիտասարդներն ազատ արձակվեցին. նրանց բերման էին ենթարկել անձը պարզելու համար
Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Ով է փրկել Ջալալ Հարությունյանին
Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել
Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն
ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը. փաստաբան
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից. NEWS.am
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ
Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար՝ իշխանամետ հայացքներով. Hraparak.am
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Այն, ինչի մասին կպատմեմ, առնչվում է Հոկտեմբերի 27֊ի սպանդի թեմային ուղղակիորեն․Վարդան Բալյան
Պետությո՞ւն, թե՞ տարածք․ Հայաստանի ապագայի մեր որոշելիքը
Մենք պետք է հանդիմանանք ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք Փաշինյանի անցնցում հեռացումը. Մասիսի քաղաքապետ
Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
Ավելին
Ավելին