Հայաստանում մշակվել է բժշկության, դեղագործության և քիմիական արտադրության ոլորտում մեծ պահանջարկ ունեցող պ-տերֆենիլների ստացման պարզ և մատչելի եղանակ։
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ամնիամիացությունների լաբորատորիայի վարիչ, Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Չուխաջյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ պ-տերֆենիլները ներկայում ստանում են նավթային հիմքով ածխաջրածիններից։ Նման ռեակցիաները ժամանակատար են և շատ ծախսատար։ Հայաստանում մշակված մեթոդը մատչելի է թե ելանյութերի առումով, թե սինթեզի պարզությամբ, թե ժամանակի խնայողությամբ։
Ասում է՝ բարդ ու տևական ռեակցիաների փոխարեն իրենք նախ ստանում են չորրորդային ամոնիումային աղ՝ շատ պարզ եղանակով ու ելանյութերով, հետո այն Ստիվենսյան վերախմբաորման են ենթարկում՝ արդյունքում ստանալով անհրաժեշտ տերֆենիլը։
«Շատ պարզ եղանակ է, որը մենք ենք մշակել»,- ասում է Չուխաջյանը։ Նա պատմում է, որ տերֆենիլները պատահաբար են ստացել՝ որոշակի համակարգի վրա ցիկլացման ռեակցիա իրականացնելիս։ «Ցիկլացման արդյունքում տարօրինակ արդյունք ստացանք։ Առաջարկեցի ստացված աղերը վակուում-թորման ենթարկել՝ արդյունքը ստուգելու համար։ Թորման ժամանակ տարօրինակ ծուխ նկատեցի՝ քայքայման ծուխ չէր, այլ թափանցիկ։ Պարզվեց, որ դեզամինացում է տեղի ունեցել և վերջնարդյունքում ստացել ենք պ-տերֆենիլ»,- ասում է Չուխաջյանը՝ հավելելով, որ ոգևորված ստացված արդյունքից՝ անմիջապես գիտական աշխարհին տեղեկացրել են իրենց հաջողությունների մասին՝ հոդված հրապարակելով գիտական ամսագրում։ Գիտնականը հավելում է՝ խորհրդային տարիներին ինքն առնվազն այդ արդյունքները նման կերպ հանրայնացնելու համար նկատողության կարժանանար․ ստացված գիտական արդյունքը չափազանց կարևոր է ու կարող է ծառայել մեր պետությանը, եթե իհարկե, պետական մակարդակում նման ցանկություն լինի։
«Տերֆենիլները ելանյութ են օրգանական կիսահաղորդիչների, ջերմահղորդիչներ են ատոմային էներգետիկայի սարքերում, կարևոր միացություններ են ջերմակայուն պոլիվինիլային նյութերի մոնոմերների սինթեզի համար, ելանյութ են կինո- և ֆոտոնյութերի արտադրության համար, դեղաբանական պրեպարատների սինթեզի համար,- ասում է նա։- Բոլորովին վերջերս իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ տերֆենիլները ՁԻԱՀ-ի վիրուսի ինհիբրիտորներ են, արգելակում են վիրուսի գենետիկ նյութը և կանխարգելում այդ բջջի վարակումը»։
Չուխաջյանը շեշտում է, որ տերֆենիլների ստացումն իրենց լաբորատորիայի բազմաթիվ ձեռքբերումներից մեկն է միայն։ Այս լաբորատորիայում են հայտնաբերվել մի շարք նախադեպը չունեցող քիմիական ռեակցիաներ, ինչպիսիք են հիմքով կատարվող ներմոլեկուլային ցիկլացումը, ռեցիկլացումը բազմաթիվ համակարգերի վրա, կրկնակի ռեցիկլացումը, իզոմերիայի երևույթը, դեզամինացումը, որը հանգեցնում է տերֆենիլների առաջացման և այլն։
«Մենք ոչ միայն ռեակցիաներ ենք հայտնաբերել, այլ նաև այդ ռեակցիաների մեխանիզմներն ենք ապացուցել, ընդ որում ոչ թե մակերեսորեն, այլ փորձնական ճանապարհով »,- ասում է Չուխաջյանը և հավելում, որ իրենցից մի քանի տարի հետո ՌԴ-ում մեկ այլ գիտնական այլ ճանապարհով ռեցիկլացման ռեակցիա է իրականացրել և դրա համար բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Մինչդեռ իրենք նույն ռեցիկլացման ռեակցիան բացահայտելու համար դիմել են ՀՀ նախագահի մրցանակ ստանալու, բայց մերժվել են։
«Աշխարհում չկա մի լաբորատորիա, որտեղ այսքան քիչ թվով աշխատակիցներով հայտնաբերած լինեն այսքան շատ արժեքավոր ռեակցիաներ, որոնք նախադեպը չունեն»,- ասում է Չուխաջյանը։
Նա շեշտում է՝ լաբորատորիայում ստացված միացությունների դեղաբանական ակտիվությունն ուսումնասիրելու հնարավորություն չունեն։ Բայց, այնուամենայնիվ, գործունեության ընթացքում կարողացել են 40 նյութի դեղաբանական ակտիվությունն ուսումնասիրել և պարզել, որ դրանց զգալի մասն ունի շատ բարձր դեղաբանական ակտիվություն, հետևաբար և կիրառական մեծ պոտենցիալ։ Դրանց մի մասի համար հեղինակային արտոնագրեր են գրանցվել։ Բայց արձանագրված գիտական արդյունքի կիրառականությունն ապահովող օղակը չունենք։ «Դրա համար ֆինանսավորում է պետք»,- ասում է Չուխաջյանը՝ նշելով, որ լաբորատորիայում ստացել են նյութեր, որոնք մեկ այլ երկրում ստանալու դեպքում վաղուց կիրառության մեջ կլինեին և օգուտ կբերեին այդ երկրին։
Հիշում է՝ տարիներ առաջ իրենց ստացած նյութերից մեկն ուղարկել են ԱՄՆ գործընկերներին՝ ուսումնասիրության։ Պարզվել է, որ նյութն ունի բարձր հակավիրուսային ազդեցություն։ Ասում է՝ երբ ոլորտի մասնագետներին ցույց է տվել ամերիկյան լաբորատորիայի եզրակացությունը, իրեն ասել են՝ այդ նյութը կիրառության մեջ մտնելու դեպքում կպահի ոչ միայն Ամինամիացությունների լաբորատորիան, այլև ողջ Հայաստանը։ Բայց գործն այդքանով սահմանափակվել է։ Չուխաջյանն այդ փաստաթղթերը պահել է որպես իրենց լաբորատորիայի ձեռքբերումների ապացույց։
Չուխաջյանն ասում է՝ նախատեսում է առաջիկայում դիմել ԳԱԱ նախագահին և առաջարկել քիմիայի ոլորտի գիտնականների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել, որտեղ իրեն հնարավորություն կտրվի ներկայացնել, թե կիրառական ինչ մեծ պոտենցիալ ունեցող նյութեր են ստացվել իրենց լաբորատորիայում և ինչքան մեծ օգուտ կարող է ունենալ պետությունը, եթե հետամուտ լինի դրանց կիրառականության ապահովմանը։ Հույս ունի, որ գոնե այսպես «սայլը տեղից կշարժվի» և իրենց արձանագրած գիտական արդյունքները կսկսեն օգուտ բերել Հայաստանին։