«Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» ծննդյան օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա: Առաջին հայացքից՝ սովորական դիվանագիտական առօրյա: Նման դեպքերին բնորոշ բոլոր ջերմ խոսքերն ասված են, դրական գնահատականները՝ տրված: Սակայն որոշ նկատառումներ կան, որոնք թույլ են տալիս այդ ուղևորության մասին ասել, որ այն շատ ավելի նշանակալի է, քան պարզապես երկու երկրների հանդիպումը:
Ալիևի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների կտրուկ սառեցման խորապատկերում: Եվ հակառակը՝ Երևանի «վեստերնացման» ուղղությունը առաջ է գնում սրընթաց արագությամբ: Սոցիալական ցանցերի լեզվով ասած՝ Վրաստանի վիճակը նրա արտաքին եզերքներում, ասենք ներսում էլ, «ամեն ինչ բարդ է»: Միաժամանակ Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը ժամանակից շուտ լքում է Ղարաբաղը՝ իր հետևից թողնելով հակասական հույզեր ու գնահատականներ ոչ միայն կովկասյան խաղացողների շրջանում, այլև հարևան պետություններում ու հարակից եվրասիական տարածաշրջաններում:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 1991-2024 թթ. բարդ ու հակասական են զարգացել: Սկզբում Բաքուն, հավանաբար շատ ավելի, քան Թբիլիսին, Մոսկվային խնդրահարույց գործընկեր էր երևում Անդրկովկասում: Այնուհետև իրավիճակը սկսեց փոխվել: 2008 թվականից ներմուծվեց «ռազմավարական գործընկերություն» եզրույթը, որը այդուհանդերձ դիտարկվում էր Հայաստանի «ռազմավարական դաշինքի» հետ համեմատության մեջ: 2022 թ. փետրվարին ՌԴ-ն և Ադրբեջանը «դաշնակցային գործակցություն» պայմանավորվեցին: Պաշտոնապես երկու կովկասյան պետությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ հավասարվեցին: Բայց մի՞թե իրականությունը միշտ է համապատասխանում պաշտոնական կարգավիճակին: Վերջին տարիներին Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները վերելք են ապրել, իսկ Մոսկվայինն ու Երևանինը՝ անկում: Սա պարզապես փաստի արձանագրում է՝ առանց «վատ-լավ» ձևաչափով գնահատականների:
Ի՞նչն է մոտեցնում Բաքվի և Մոսկվայի դիրքերը: Այսօր, թերևս, Արևմուտքի անախորժությունը: Ավելացնենք դրան նաև արժեքային չափումները: Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ իզուր չծագեց ԲԱՄ-ի կեսդարյա հոբելյանի թեման (և այդ նախագծում Ադրբեջանի գործող նախագահի հոր առանձնահատուկ դերը): Քանի որ խորհրդայնամետ կարոտախտը դարձել է այսօրվա ռուսական արժեքային տարածության անքակտելի մասը, déjà vu-ի տպավորություն է ծագում: Ադրբեջանական ԽՍՀ-ն իր գոյության վերջին տարիներին վայելում էր կուսակցական-պետական վերնախավի պահպանողական հատվածի աջակցությունը, մինչդեռ «հակախորհրդային-ժողովրդավարական» Հայաստանը և Ղարաբաղը տարբեր տրամաչափի, տարբեր աստիճանի արմատական «վերակառուցողների» համակարգային ու ոչ համակարգային մասն էին կազմում:
Բայց բավակա՞ն են արդյոք թվարկված պայմանները ամուր դաշինքի համար: Ուզում ես լավատես լինել, բայց փորձագիտական խիղճը թույլ չի տալիս տրվել «հաջողությունների գլխապտույտին»: Չէ՞ որ բացի էլիտայից Ադրբեջանում նաև հասարակություն (հատկապես նրա երիտասարդական հատվածը) և սոցիալական ցանցեր կան: Նախ պետք է ուշադիր հետազոտել նրանց, որպեսզի, մեղմ ասած, հասկանանք Կովկասում Ռուսաստանի և նրա քաղաքականության հակասական ընկալումը: Կասեք, թե այդ ամենը այնքան էլ կարևո՞ր չէ: Ի՞նչ կա որ, ոմանք նախկինում Հայաստանի մասին էլ էին ասում, թե կարևոր չէ, ընդամենը ճվճվացողներ ու գրչակներ են: Այսօր այդ «գրչակներից» մեկն իրականացնում է իր երկրի արտաքին քաղաքականության շրջադարձը: Գումարած Թուրքիայի գործոնը, որն իր նշանակությունն ունի, և բնավ էլ ամեն ինչով չէ, որ թուրքական շահը համընկնում է ռուսականի հետ: Բայց Բաքվի և Անկարայի ռազմավարական ներդաշնակության աստիճանը (ավելացնենք սրան Անկարայի և Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ) այնպիսին է, որ թույլ չի տալիս ռուսական գլխին պտտվել չափազանց ուրախությունից: Չմոռանանք նաև Իրանի գործոնը, ինչպես նաև թեհրանյան մտավախությունները՝ կապված տարածաշրջանում «պանթյուրքիզմի» ամրապնդման հետ: Եվ իհարկե «ուկրաինական հարցը», որը նախկինում էլ առանձնապես չէր մոտեցնում Մոսկվային ու Բաքվին:
6. «Հեղինակ, տաղտկություն մի բեր»,- կասեն իմ հավանական քննադատները: Հոռետեսությունը, իհարկե, մեր մեթոդը չէ: Բայց սթափ գնահատականները, առանց ուռճացված ակնկալիքների և հնարավոր խնդրահարույց հանգույցների ըմբռնումով, ավելի կարևոր են, քան մեղրածոր, քաղցր-մեղցր բերկրանքը: Բաքվի և Մոսկվայի մերձեցումը փաստ է: Եվ յուրաքանչյուր բարեկամություն ավելի լավ է, քան թշնամությունն ու անհասկացողությունը, ովքեր էլ որ վիճեն: Բայց այն հակա-վեստերնացման ու խորհրդայնամետ կարոտախտի ծավալները մեզանում տարբեր են, ինչպես նաև արժեքային շարքերի դասավորության շարժառիթները: Հարկ է հասկանալ այդ բաները դեռ «ափին», մինչև հեռավոր նավարկությունն սկսելը: